Ծառայողական ավոմեքենաները Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք դարձել են անձնական օգտագործման՝ պետության հաշվին: Այդ են վկայում «Ժողովուրդ» օրաթերթի հարցումների պաշտոնական պատասխանները: Հիշեցնենք՝ դեռեւս նախորդ շաբաթ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ շատ հանձնաժողովների նախագահների սպասարկող ավտոմեքենաները սահմանաչափից շատ բենզին են ծախսում, եւ նախագահները հստակ չեն բացատրում, թե ինչու: «Ժողովուրդ» օրաթերթը հարցման մեկ այլ տողով խնդրել էր տրամադրել տեղեկություններ այն մասին, թե ԱԺ նախագահի տեղակալներ Ռուբեն Ռուբինյանին եւ Հակոբ Արշակյանին սպասարկող ավտոմեքենաները որքան բենզին են ծախսել, եւ որքան է եղել նրանց տրամադրված բենզինի հավելաչափը (01/09/2022-31/08/2023թթ): Նաեւ խնդրել էինք պարզաբանել, թե ԱԺ պաշտոնյաները սահմանված չափից ավել բենզինը ինչ անհրաժեշտությամբ են բացատրել եւ ստացել: «Նշենք նաեւ, որ տարվա ընթացքում հավելյալ բենզինի տրամադրման անհրաժեշտություն է առաջացել՝ պայմանավորված խորհրդարանից դուրս տեղի ունեցած մի շարք աշխատանքային հանդիպումներով, նիստերով ու քննարկումներով»,-պատասխանել են ԱԺ-ից: Նկատենք, որ ԱԺ լրատվական ծառայության ղեկավար Լաուրա Անտոնյանը մեզ տվել է պատասխան միայն թվերի տեսքով՝ չներկայացնելով, թե ինչ անհրաժեշտությամբ է պայմանավորված եղել պաշտոնյաների հավելյալ պահանջը: Տեղեկացնենք նաեւ, որ մեր հարցումն ուղղված էր ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանին, որը պետք է միայն խելամիտ բացատրություն ստանալու պարագայում պաշտոնյաներին ԱԺ միջոցներից հավելյալ բենզին տրամադրի: Նրանք թաքցնում են պաշտոնյաների օգտագործած բենզինի ծախսերի իրական պատճառը, չեն ստուգում , թե որքանով է հիմնավոր հավելյալ բենզինի պահանջը: «Ժողովուրդ» օրաթերթը տարբեր փորձագետների հետ զրույցում պարզեց, որ պաշտոնյաներին տարեկան 3600 լիտր տրամադրվող բենզինը անհնար է օգտագործել մինչեւ վերջ, եթե ծառայողական ավտոմեքենան իրապես միայն ծառայողական նպատակներով օգտագործվի, այլ ոչ թե անձնական, ընտանեկան այլ կարիքներ հոգա: Հետեւելով ԱԺ փոխնախագահների գործունեությանը՝ կարելի է միանգամից ասել, որ նրանք տարվա ընթացքում աշխատանքային օրերի զգալի մասն անցկացնում են գործուղումներում արտերկրում, բնականաբար, դրանք էլ՝ պետության հաշվին: Այսինքն՝ ե՛ւ Հակոբ Արշակյանը, ե՛ւ Ռուբեն Ռուբինյանը, որոնք համապատասխանաբար ապրում են Դավիթաշենում եւ Շենգավիթում, պետք է ամեն օր աշխատանքի գան Երեւանի Ազգային ժողով եւ վերադառնան: Գործուղումների օրերին էլ նրանց վարորդները պետք է իրենց օդանավակայան հասցնեն ու վերադառնան, կանգնեցնեն ավտոմեքենան, մինչեւ ղեկավարները վերադառնան Հայաստան: Կարծես թե, այդպես չի եղել: Ծառայողական ավտոմեքենաները օգտագործվում են շռայլորեն: Դա է պատճառը, որ 1 տարվա ընթացքում հասցրել են 3600 լիտր բենզին «դուրս գրել»՝ օրենքի տառին համապատասխան, իսկ մի դեպքում՝ 320, մյուս դեպքում 220 լիտր էլ հավելյալ են պահանջել: Ստացվում է՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ոչ թե բողոքում էր «պադավատապետությունից», այլ այն բանից, թե ով է այդ «պադավատապետության» ղեկին:
Արդեն հրապարակվել է 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցանկը։ 2022 թվականի համեմատ՝ 1000 խոշոր հարկատուների առաջին հնգյակը փոփոխվել է. այն գլխավորում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Գազպրոմ Արմենիա», «Ինտերնեյշնալ Մասիս Տաբակ», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունները։ 2023 թվականին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերություններն իրենց դիրքերը չեն զիջել, սակայն 3-րդ տեղում «Ինտերնեյշնալ Մասիս Տաբակ»-ը իր դիրքերը զիջել է «Գրանդ Տոբակո» ընկերությանը, որի տարեկան հարկային մուտքերը կազմել են 31 մլն 031 հազար դրամ։ 4-րդ տեղում «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունն է, որի հարկային մուտքերը, նախորդ տարվա համեմատ, գրեթե կրկնապատկվել են՝ 17 մլդ 569 մլն դրամից դառնալով 30 մլդ 133 մլն դրամ, որը, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, աճել է 4 անգամ։ Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ի դեմ: Բանն այն էր, որ հանձնաժողովը բողոքներ էր ստացել քաղաքացիներից այն մասին, որ ընկերությունը անբարեխիղճ մրցակցություն է դրսեւորում, մասնավորապես՝ ոչ հավաստի գովազդի միջոցով մոլորեցնում է սպառողներին: Հարուցված վարչական վարույթի մասին այլ մանրամասներ չկան, պարզապես փաստն այն է, որ այս կազմակերպությունը, օգտվելով տոների հանգամանքից, գայթակղիչ գովազդներ է ստեղծում, ապա չի կարողանում դրա տակից դուրս գալ։ Շարունակությունը՝ ArmLur.am կայքում:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով դռնփակ նիստը թեւակոխում է հետաքրքիր փուլ: Հակակոռուպցիոն դատարան են հրավիրվելու վկաները՝ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը եւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Հակակոռուպցիոն կոմիտեն նախապես հաստատած վկաներից միայն չի հարցաքննի Արայիկ Հարությունյանին , քանի որ նա հակառակորդի կողմից գերեվարված է: Նշենք, որ Գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Արցախի պատշպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկել է դատարան: Հիշեցնենք՝ օգոստոսի 30-ին Միքայել Արզումանյանը ձերբակալվել էր Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։ Ըստ ՔԿ-ի՝ գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ը Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Օգոստոսի 31-ին Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել էր, նա ազատ էր արձակվել, սակայն նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, եւ սեպտեմբերի 1-ին Արզումանյանը կալանավորվել է: Նշենք, որ Արզումանյանը ՊԲ հրամանատար նշանակվեց 44-օրյա պատերազմի վերջին փուլում՝ 2020թ. հոկտեմբերի 27-ին` փոխարինելով Ջալալ Հարությունյանին. նա պաշտոնից ազատվեց 2021թ. սեպտեմբերին։
Թեեւ սեպտեմբերի 17-ի՝ Երեւանի ավագանու ընտրություններում կրած պարտությունից հետո ՔՊ-ականները մի կերպ կարողացան քաղաքապետի պաշտոնը օկուպացնել, այնուամենայնիվ, պարտությունը մնացել է Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականների կոկորդին: Իշխանության ներսում քննարկում ու վերլուծում են պարտության պատճառները, նոր մեղավորներ փնտրում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այդ օրը երեկոյան՝ ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո, ՔՊ շտաբում թեժ է անցել: Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ եկել էր շտաբ, ՔՊ-ականներից հաշիվ են պահանջել, թե ինչու այդքան ջանքերից հետո տապալեցին ընտրությունները ու պարտություն կրեցին: Նիկոլ Փաշինյանը գոռգոռացել, կռիվ է արել ՔՊ-ականների հետ, բանն անգամ հասել է այնտեղ, որ Փաշինյանը շիշ է նետել թիմակիցների ուղղությամբ: Աննա Հակոբյանն էլ իր հերթին է փորձել բացատրություններ պահանջել ՔՊ-ականների հետ: Պարտության մեղավոր ճանաչվել է մե՛կ գործող քաղաքապետը, մե՛կ իշխանականները փորձել են պարտության մեղքը բարդել շտաբի պետ Արմեն Փամբուխչյանի վրա: Նրան թույլատրվել էր անգամ քրեական տարրերի հետ հանդիպել, նրանց ծառայություններից օգտվել, բայց էլի չստացվեց: Այսպիսով, թեեւ պարտությունից շուրջ 1 ամիս է անցել, բայց ՔՊ-ականները դեռ չեն հարմարվել դրա հետ, մինչ օրս դեռ քննարկում, վերլուծում են պատճառները: Նիկոլ Փաշինյանն անգամ հրապարակավ է խոստովանել, որ արդյունքները իրենց համար մտահոգիչ էին: