ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 26-ին կայացած ավագանու նիստում ընտրվեցին Երեւանի քաղաքապետի տեղակալները.  Արմեն Փամբուխչյանը նշանակվեց Երեւանի առաջին փոխքաղաքապետ, քաղաքապետի նախկին պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանը՝ երկրորդ փոխքաղաքապետ, Սուրեն Գրիգորյանը վերանշանակվեց իր պաշտոնին, հաջորդը «Հանրապետություն» խմբակցությունից Սարգիս Մադաթյանն էր։ Արմեն Փամբուխչյանի ունեցվածքին անդրադարձել էինք արդեն, այժմ ուսումնասիրենք այս 5 տարիների ընթացքում քաղաքապետի նախկին պաշտոնակատար, այժմ Երեւանի երկրորդ փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանի ունեցվածքը։

 

Որտեղի՞ց եւ որքա՞ն ֆինանսական միջոցներով Հովհաննիսյանը դարձավ ավագանու անդամ, ապա՝ փոխքաղաքապետ։ Լեւոն Հովհաննիսյանը մինչ ավագանու անդամ դառնալը աշխատել է բանկային համակարգում՝ «Զարգացման հայկական բանկում»,  «Արդշինբանկում», «ՎՏԲ Հայաստան բանկում»՝  որպես գլխավոր կամ առաջատար մասնագետ։

2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երեւան քաղաքի ավագանու անդամ։ Բանկային համակարգում աշխատելու տարիներին՝ 2017 թվականին, Հովհաննիսյանը բազմաբնակարան շենքում բնակարան է ձեռք բերել Երեւանի Արաբկիր վարչական շրջանում։

Հովհանիսյանը հայտարարագիր ներկայացրել է այն ժամանակ, երբ քաղաքապետի առաջին տեղակալ էր, սակայն այն ներկայացրել է հայտարարագիր ներկայացնելու վերջին օրը՝ մայիսի 31-ին։ Ըստ հայտարարագրի՝  բանկային հաշիվների մնացորդները կազմել են 556 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 300 հազար դրամ։ Հովհաննիսյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 12 մլն 641 հազար դրամ, որից 6 մլն 354 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Management System International, Armenian Support Initiative կազմակերպությունից, 748 հազար դրամը՝ աշխատանքի վարձատրություն Երեւանի քաղաքապետարանից, 5 մլն 539 հազարը՝ աշխատանքի վարձատրություն «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ից։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2 մլն 793 հազար դրամ։

Մեկ բնակարան էլ հայտարարագրել է Հովհաննիսյանի կինը՝ Թամարա Ղարիբյանը, որն այն ձեռք է բերել 2007 թվականին Արաբկիր վարչական շրջանում։ Ընտանիքը տրանսպորտային միջոց չունի թերեւս այն պատճառով, որ արդեն 2 տարի է՝ Հովհաննիսյանը ծառայողական մեքենայով է շրջում։ Կնոջ բանկային հաշիվների մնացորդները կազմել են 89 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 850 հազար դրամ։

Հովհաննիսյանի կինը եւս աշխատում է նույն բանկում՝ «Արդշինբանկում», որտեղ նախկինում աշխատում էր ամուսինը։ Թամարա Ղարիբյանի տարեկան եկամուտները կազմել են 6 մլն 255 հազար դրամ, որն էլ նույն բանկից ստացված աշխատանքի վարձատրություն է։ Կնոջ ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է  150 հազար դրամ։ Հիշեցնենք նաեւ, որ Լեւոն Հովհաննիսյանը Տիգրան Ավինյանի հետ շատ մտերիմ հարաբերությունների մեջ է, ինչի շնորհիվ էլ վերընտրվել է։ Նշենք նաեւ, որ ամուսինները իրենց ստացված եկամուտները ոչ մի անգամ չեն ծախսել, նույնիսկ վարկերի մարմանը գումարներ չեն ուղղել։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

Նոյեմբերի 1-ից երաժիշտները, նկարիչներն ու մշակութային գործունեություն ծավալող մյուս անհատներն ու խմբերը Երեւանի հանրային բացօթյա վայրերում պետք է գործեն ավագանու սահմանած նոր պահանջներով:

 

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթին  տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից, առավոտյան ժամը 10:00-ից մինչեւ 21:00-ն բնակելի եւ հասարակական շենքերից պետք է պահպանել հեռավորություն՝ առնվազն 10 մետր, ժամը 21:00-23:00-ն՝ 100 մետր:

«Սեպտեմբերի 12-ին Երեւանի ավագանու 849 որոշմամբ հաստատվեց նախագիծ, որը կանոնակարգում է հանրային բացօթյա վայրերում մշակութային գործունեություն իրականացնելու կարգը: Մենք փորձում ենք ներդաշնակ միջավայր ապահովել ինչպես մշակութային գործունեություն իրականացնողների, այնպես էլ քաղաքի բնակիչների եւ հյուրերի համար»,-նշել է Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Սահակյանը:

«Քաղաքապետարանի նպատակը առաջին հերթին բնակելի եւ հասարակական վայրերում քաղաքացիների անդորրն ու հանգիստն ապահովելն է: Բազմաթիվ են բողոքները, որ խանգարում են նախ՝ քաղաքացիների ազատ տեղաշարժը, ապա՝ օբյեկտների գործունեությունը: Լինում են դեպքեր, երբ նրանց գործունեությունից հետո աղտոտվում է տարածքը: Խնդրահարույց հասցեներն են Հյուսիսային պողոտան, Աբովյան փողոցը»,- ասել  է քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը: Նոր կանոնակարգով բացօթյա մշակութային գործունեությունը  պետք է չխոչընդոտի հետիոտնի տեղաշարժը, փոխադրամիջոցների  երթեւեկությունն ու հարակից օբյեկտների գործունեությունը: Ձայնի ուժգնությունն էլ պետք է չգերազանցի 60 դեցիբելը: «Մենք ի սկզբանե որոշել ենք գրաքննություն չանել. Սահմանադրությամբ դա արգելված է, բայց սահմանադրական կարգը տապալելու, քրեական ենթամշակույթին վերաբերող տերմինաբանություն ու հայհոյանքներ չեն կարող հնչել»,- ընդգծել է Գեւորգ Սահակյանը:

Քաղաքապետարանի եւ վարչական շրջանների կողմից կսահմանվի ամենօրյա հսկողություն: Մինչ այդ բոլորը նախազգուշացվում են: Նոյեմբերի 1-ից պահանջները խախտողներին ստիպված կլինեն տուգանել:

«Առաջին խախտման դեպքում Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը նախատեսում է նախազգուշացնում կամ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-200-ապատիկի չափով, իսկ կրկնելու դեպքում տուգանքն էլ մեծանում է՝ հասնելով 500-800 հազար ՀՀ դրամի»,- հավելել է Արամ Գյուլզադյանը:

Երեւանի փողոցներում մշակութային ժամանցային նախաձեռնությունները կարգելվեն միայն սգո եւ հիշատակի օրերին: Նոր պահանջներն ու սահմանափակումներն արգելում են դյուրավառ ու պայթյունավտանգ նյութերի գործածումը:

 

 

 

ԾՐԱԳՐԻՆ՝ ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ԴԵՄ

Հոկտեմբերի 26-ին Բերդ քաղաքի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տանը կայացել է հանրային բաց քննարկում։ «Լեռնամետալուրգիայի ինստուտուտ» ՓԲԸ-ն, որը հանդիսանում է «Վալլեքս գրուպ» ընկերությունների խմբի անդամ, մտադիր է Բերդ խոշոր համայնքի վարչական սահմաններում գտնվող Տավուշ-Խնձորուտ հանքային դաշտի տարածքում գտնվող օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնել։

Հանրային քննարկման նպատակն էր բացահայտել այդ թեմայի շուրջ հանրային կարծիքները, արձանագրել շահագրգիռ հանրության առաջարկություններն ու դիտողությունները։

Այդ թեմայով հանրային քննարկումը նախատեսված էր սեպտեմբերի 28-ին, սակայն «Lեռնամետալուրգիայի ինստուտուտ» ՓԲԸ տնօրինությունը, նկատի ունենալով Արցախից Հայաստան բնակչության զանգվածային բռնագաղթը, որոշել էր հետաձգել հանրային քննարկումը: Բերդ համայնքի բնակիչների բացարձակ մեծամասնությունը բացասաբար է վերաբերվում նշված տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելուն։ Հոկտեմբերի 26-ի  հանրային քննարկման ժամանակ ելույթ է ունեցել «Lեռնամետալուրգիայի ինստուտուտ» ՓԲԸ տնօրեն Սահակ Կարապետյանը, որը կարեւորել է «Վալլեքս գրուպի»  գործունեությունը, Բերդ համայնքի համար նոր աշխատատեղերի ստեղծումը։ Հետո ելույթ է ունեցել «Բերդ»  պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրեն Արթուր Երկանյանը, որը ներկայացրել է համայնքի բնության, շրջակա միջավայրի համար հանքարդյունահանման վնասները։ Համայնքում հանքարդյունաբերության ծրագրի դեմ ելույթ են ունեցել նաեւ  Վերին Կարմիրաղբյուր գյուղի  վարչական ղեկավար Կամո Չոբանյանը, Չինչինի վարչական ղեկավար Կարեն Դարբինյանը եւ ուրիշներ։ Հանրային քննարկման մասնակիցները կտրականապես դեմ են եղել համայնքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացմանը։ Հանրային քննարկմանը ներկա է եղել նաեւ Բերդ խոշոր համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը։ Սպասվում է, որ առաջիկայում Բերդ համայնքի ավագանին այդ խնդրի   կապակցությամբ որոշում կընդունի։

 

 

 

ՀՈՂԵՐԸ ՉԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ

Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ  Տավուշի մարզի սահմանամերձ չօգտագործվող հողերը կազմում են 11412 հեկտար, որից վարելահող`  7210.7 հեկտար, խոտհարք` 462 հեկտար, արոտավայր` 2852.4 հեկտար, այլ՝ 831.9 հեկտար, տնամերձ՝  55 հեկտար։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

 




Լրահոս