Արցախի պետհամալսարանի վերաբացումը նպատակահարմար չէ. մանրամասներ նախկին նախարարի ու ռեկտորի հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի խորհրդական և ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը երեկ՝ նոյեմբերի 11-ին հանդիպում էր ունեցել Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանի հետ։ Նա այդ մասին հայտնել էր Ֆեյսբուքյան իր անձնական էջում։

ArmLur.am-ը կապ է հաստատել Վահրամ Դումանյանի հետ և հետաքրքրվել, թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպման ընթացքում։

Պարոն Դումանյան, ի՞նչ հարցեր եք քննարկել ռեկտոր Արմեն Սարգսյանի հետ, ի՞նչ անհանգստություններ կային։

-Խոսել ենք, թե ինչ խնդիրներ կան, ինչ լուծումներ են ակնկալվում։ Խոսել ենք, թե  այդ խնդիրների որ մասն է լուծված, որ մասը դեռ պետք է լուծվի կամ անորոշ է։ Հանդիպումը գործընկերային էր, որը եղավ այս հարցերի քննարկման շրջանակում։
Այս պահին ուսանողների հիմնական խնդիրը որոշակի կարգավորված է։ Դասախոսական կազմի հետ կապված նրանց հայաստանյան բուհերում ժամեր տրամադրելու մասին ենք խոսել, քանի որ դասախոսական կազմը ծանրաբեռնված է և թափուր հաստիքները քիչ են։ Այս տիպի հարցերի շուրջ ենք խոսել։ Մի քիչ անհասկացվածություն կար նրա մոտ, թե թղթերը որտեղ պետք է հանձնվի, նախորդ տարիների դիպլոմներ կան, որոնք դեռ ուսանողներ կան չեն ստացել։

Պարոն Դումանյան, այսինքն Արցախի պետական համալսարանի արխիվը բերե՞լ են Հայաստան։

-Այո՛, ռեկտորը կոշտ դիրքերով, դժվարությամբ բավական ինֆորմացիա է իր հետ բերել։ Նախորդ տարիների շրջանավարտներն ավարտել են, դիպլոմը դուրս է գրվել, բայց ինչ-ինչ խնդիրների պատճառով ինքը չի եկել, չի ստացել։ Կարծում եմ նմանատիպ խնդիրները լուծում կստանան ինչ խոսք, բայց սա էլ կարևոր խնդիր է։ Հետագայում ուսանողներին էլ դժվար կլինի, կան տարկետման մեջ գտնվող ուսանողներ։ Հիմա որ վերադառնան, ուր պետք է գնան, ում դիմեն, ինչ պետք է անեն, բուհը չկա, ռեկտոր չկա։ Օրինակ՝ Արցախի պետական համալսարանի ուսանողը տարեկետում է վերցրել և հիմա վերադարձել է, ում դիմի և ինչ պետք է անի։ Նմանատիպ կարևոր հարցեր են քննարկվել, որոնք կարող են լուծվել համապատասխան կառույցների հետ համագործակցելով։

Հաջորդ հարցը դասախոսների հարցն է։ Ասեմ, որ մենք և’ բուհական համակարգում, և’ հանրակրթության ոլորտում ռեսուրսի, դասախոսների պակաս ունենք։
Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում մրցույթներ կլինեն և դասախոսներն ու ուսուցիչները հնարավորություն կունենան մասնակցելու։ Կարծում եմ նաև, որ բարձր որակավորում ունեցող դասախոսները ցանկության դեպքում կմասնակցեն և աշխատանք կգտնեն։

Պարոն Դումանյան, Արմեն Սարգսյանը ինչպի՞սի լուծումներ էր տեսնում այս խնդրի վերաբերյալ։ Արդյոք ԿԳՄՍ նախարարությունը կհամագործակցի նրանց հետ, քանի որ պահանջ կա Հայաստանում վերաբացել Արցախի պետական համալսարանը։

-Այդ հարցը քննարկվեց, բայց մենք հասկացանք, որ դա ճիշտ ուղղություն չէ և դա չի բխում բարձրագույն կրթության շահերից։ Բացատրեմ՝ ինչու։ Մենք մինչև 2030 թվականը ընդունել ենք կրթության զարգացման պետական ծրագիր, որը անվանում ենք կրթության ռազմավարություն։ Գիտենք նաև, որ ՀՀ-ում բարձրագույն ուսումնական հաստատությունների թիվն անբնական շատ է, և մեր ռազմավարությամբ պետք է լինի մինչև 8 պետական բուհ, այսօր ունենք 16 բուհ։ Սա շատ է, այսինքն բուհական համակարգը գնում է խոշորացման, իհարկե սա ճիշտ է։

Սակայն հասկանալի չէ նպատակը որն է ևս մեկ բուհ բացելու, ես նպատակահարմար չեմ գտնում։ Ի վերջո Արցախի պետական համալսարանի պատմությունը եթե նայեք, կտեսնեք, որ ժամանակին այն ստեղծվել է որպես հայաստանի Հանրապետության բուհ։ Եթե չեմ սխալվում 1996 թվականին այն Արցախի իշխանությունները վերանվանել են Արցախի հանրապետության բուհ։ Եվ այստեղ խնդիր է առաջացել։ Հիմա այստեղ բացել մեկ բուհ լրացուցիչ, դա նպատակահարմար չէ։ Պարզապես պետք է ինտեգրվել եղածների մեջ։

Եթե եզրափակենք ձեր հանդիպումը, ի՞նչ պայմանավորվածություններ եղան, ի՞նչ եզրահանգման եկաք:

-Եղավ համագործակցային զրույց, տեղեկատվության փոխանակում և ես իմ պատրաստակամությունը հայտնեցի՝ կապի մեջ լինենք, իմ ունեցած հնարավորությունների շրջանակներում օգնել և աջակցել իրեն։

Մենք դեռ էլի կհանդիպենք։ Մեր գործընկերները ծանր դրության մեջ են, այս բռնի տեղահանվելուց հետո։
Որոշ խնդիրներ կան, որոնք դեռ հստակ չեն։

-Ո՞ր խնդիրների մասին է խոսքը։

– Օրինակ՝ ուսանողները տեղափոխվել են այստեղ, ընտրել են իրենց ցանկացած բուհը և նույն կուրսը։ Այժմ կցագրված են, բայց հրամանագիր չկա։ Այստեղ խնդիրն ուսումնական պլանների տարբերությունն է, և կրեդիտների խնդիրը կա։ Տեղափոխման դեպքում կրեդիտները պետք է առնվազն 20-ը լինի մեկ ծրագրից, մյուսը տեղափոխվելու ընթացքում։  Այս դեպքում անհրաժեշտություն կա լրացնել այդ կրեդիտները։ Այնուամենայնիվ, բարեգործություն անել այս հարցում չի կարելի, քանի որ մեզ համար առաջնային է որակը։

Պարոն Դումանյան, ինչպե՞ս եք գնահատում այժմյան ԿԳՄՍ նախարարության աշխատանքը, նրանք կարողանո՞ւմ են հաղթահարել այս փուլը, քանի որ համալսարաններում ուսանողները բողոքում են իրենց հանդեպ անտարբերությունից և կողմնակալությունից։

– Ես չեմ ցանկանա գնահատել նախարարության աշխատանքները, որովհետև ես չեմ կարող նրանց կողմից պատասխաններ տալ։ Ես դասախոս եմ նաև և կարող եմ ասել, որ մեր համալսարանում նման խնդիրներ չկան։ Ուզում եմ ասել նաև, նախարարությունից պահանջել իր գործառույթներից ավելին անել, դա էլ արդար չէ։ Ի՞նչ կարող է անել։
Ուսանողը ուսանող է, ինչ կապ ունի որտեղից է։ Համալսարաններում կան տարբեր կրոնի, մաշկի գույնի, տարբեր երկրների ուսանողներ և նրանց միչև տարբերություն դնել չի կարելի։

Զրուցեց Էմմա Միքայելյանը




Լրահոս