
ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը օրերս դեսպանությունում հյուրընկալել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին:
Դեսպանությունում հյուրընկալվել էին նաև Սփյուռքի և համայնքային կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քաղաքական գործիչ Կարո Փայլանը։
Հանդիպման ընթացքում Հայկակ Արշամյանը ներկայացրել է հիմնադրամի ընթացիկ գործունեությունը, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության և ապագա ծրագրերը, ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում կազմակերպված համազգային դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարների ծախսերի վերաբերյալ համապարփակ հաշվետվությունը, իսկ վերջում տեղի է ունեցել հարց ու պատասխան։