Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր՝ ամեն տարի նոյեմբերի 11-ի մոտակա կիրակին Միացյալ Թագավորությունը և Բրիտանական համագործակցության մյուս երկրները նշում են Հիշատակի օրը՝ հարգելու բոլոր հակամարտություններում զոհվածների հիշատակը: Այդ օրը Միացյալ Թագավորությունում ընտրվել է որպես հիշատակի օր Առաջին աշխարհամարտից ավարտից ի վեր, երբ 1918 թվականի տասնմեկերորդ ամսի տասնմեկերորդ օրվա տասնմեկերորդ ժամին լռել են զենքերը։
Ինչպես հայտնում են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից, այսօր Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Փոլ Մորիսին միացել են Հայաստանում գործող դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հայ պաշտոնյաներ, բրիտանական և Համագործակցության երկրների համայնքների ներկայացուցիչներ և այլոք՝ ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելու Երևանի «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ և երկու րոպե լռությամբ հարգելու նրանց հիշատակը, ովքեր զոհվել են հակամարտությունների հետևանքով:
Հիշատակի օրվա շրջանակում աղոթք է հնչեցրել Տեր Գրիգորիս վարդապետ Շոխիկյանը։