ՖՈՏՈ․ Սարգիս Խանդանյանը լեհ փորձագետներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Լեհաստանից Հայաստան ժամանած մի շարք փորձագետների: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հանդիպմանը ներկա են եղել Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սքվեչինսկին, փոխդեսպան Մարչին Ռոզիցկին:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել հայ-լեհական խորհրդարանական հարաբերությունների ներկա մակարդակը, դրանց զարգացման գործում կարևորել բարեկամական խմբերի փոխգործակցությունը:

Հանձնաժողովի նախագահը հյուրերին ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակին:

Լեհ փորձագետների խնդրանքով Սարգիս Խանդանյանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրից, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից: Ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որն ուղղված է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը` հիմնված ինքնիշխանության և իրավազորության վրա: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաև ԼՂ-ից տեղահանված փախստականների առաջնային կարիքների ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած ծրագրերին, կարևորել միջազգային գործընկերների հումանիտար աջակցության ցուցաբերումը: Անդրադարձ է եղել նաև ՀՀ-ԵՄ համագործակցությանը, այդ թվում` Համապարփակ և ընդլայնված գործընկերության արդյունավետ կիրարկմանը:




Լրահոս