Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Diabetes Day) 1991թ. սահմանել են Շաքարախտի միջազգային ֆեդերացիան և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ի պատասխան ամբողջ աշխարհում այս հիվանդության տարածման սպառնալիքին:
1922թ. հունվարին կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանթինգն առաջին անգամ մարդու կյանք է փրկել՝ շաքարախտով տառապող 14-ամյա մի տղայի ինսուլին ներարկելով: Այս դեղամիջոցը արտոնագրելու և դրա շնորհիվ աներևակայելի հարստություն կուտակելու փոխարեն՝ Բանթինգն իր իրավունքները փոխանցել է Տորոնտոյի համալսարանին: Հետագայում ինսուլինի արտադրության իրավունքներն անցել են Բժշկական հետազոտությունների կանադական խորհրդին: 1922թ. վերջին նոր դեղամիջոցը հայտնվել է շուկայում:
Շաքարախտի դեմ պայքարը ՄԱԿ-ի հովանու ներքո նշվում է 2007թ. նոյեմբերի 14-ից՝ ի պատիվ Բանթինգի, որը ծնվել էր 1891թ. այդ օրը:
Դարեր շարունակ մարդը ծանոթ չէր ծանր այս հիվանդության դեմ պայքարի միջոցներին, և «շաքարախտ» ախտորոշումը հիվանդին չէր թողնում ոչ միայն ապաքինման, այլև կյանքի հույս առանց ինսուլին հորմոնի, որը հյուսվածքներին օգնում է յուրացնել գլյուկոզան:
Ֆրեդերիկ Բանթինգն ու նրա գործընկեր Չարլզ Բեսթի բացահայտումը փրկել է միլիոնավոր կյանքեր: Չնայած շաքարախտն այսօր էլ անբուժելի է՝ ինսուլինի շնորհիվ մարդիկ սովորել են հիվանդությունը վերահսկողության տակ պահել:
ՀՀ առողջապահության նախարարությունը 2014-ից նախատեսում է ներդնել սկրինինգային ծրագիր ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով, որի բաղադրիչներից մեկն էլ շաքարային դիաբետի վաղ հայտնաբերումն ու կանխարգելումն է: