APM Terminals Փոթի ընկերությունը Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությանը հաստատել է Հայաստանի համար նախատեսված ֆրանսիական Bastion հարձակողական զրահատեխնիկայի տարանցման մասին փաստը։
«Կոնկրետ այս դեպքում բեռը հասել է ԵՄ երկրից՝ Ֆրանսիայից և ուղարկվել Հայաստան՝ մի երկիր, որը պատժամիջոցների ենթակա չէ։ Բացի այդ, Վրաստանի կառավարության կողմից հստակ ցուցումների և միջազգային կարգավորիչների կողմից սահմանված սահմանափակումների բացակայության դեպքում APM Terminals Poti-ն չի կարող անհիմն կերպով հրաժարվել բեռների ընդունումից, որոնք պատժամիջոցի ենթակա չեն», – ասել է Փոթի նավահանգիստը շահագործող ընկերությունը։
Ավելի վաղ Ադրբեջանը «խստորեն դատապարտել է» Ֆրանսիայի կողմից «Բաստիոն» զրահատեխնիկայի առաքումը Հայաստան, ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։
Ադրբեջանական Caliber.Az պորտալը հայտնել է, որ նոյեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը Փոթի նավահանգիստ է առաքվել ACMAT-ի արտադրության Bastion զրահամեքենաներ։
«Ուղարկվել են նաև «Բաստոնի» համար բաղադրամասեր. ուղարկողը ֆրանսիական ARQUUS ընկերությունն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։