Խնդրել եմ իմ գրածները չլայքեն, որպեսզի չհայտնվեն ճնշումների տակ․ Բրյուսովի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել և նշել․ «Հատված ինձ աշխատանքից ազատելու հրամանից։ Իսկական իրավաբանական «գլուխգործոց» և ոչ միայն իրավաբանական։ Լեզվաբան-հայագետի ստորագրած հրաման՝ ԺԱՄԱՆԱԿԱՏԱՐ պաշտոնակատար…»։

Ցոլակ Ակոպյանը կից հրապարակել է փաստաթուղթ, որից հասկանում ենք՝ Ցոլակ Ակոպյանի հեռացման պատճառը եղել է ArmLur.am-ին տված հարցազրույցը։ Այս և այլ հարցեր քննարկել ենք նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի հետ։

– Պարո՛ն Ակոպյան, ըստ ձեր հրապարակած փաստաթղթի ձեզ աշխատանքից հեռացնելու պատճառներից մեկը ArmLur.am-ին տված ձեր հարցազրույցն է եղել, կմանրամասնեք նաև՝ ի՞նչ  սպառնալիքներ են ձեզ ուղղվել։

– Դա ինձ աշխատանքից ազատման հրամանն է, ավելի կոնկրետ հրամանի 14 էջերից մեկը, որում հենց ձեզ տված հարցազրույցի մասին է մեջբերվում։ Ավելի զավեշտալի էջեր կան, որոնք չեմ հրապարակել։ Շանտաժներ ինձ հասել են երրորդ անձի միջոցով․ առաջարկվել է կա՛մ դիմում գրել, կա՛մ ինչ-որ քրեական գործեր են հարուցվելու։ Մի որոշ ժամանակ անց, որքանով ես տեղյակ եմ, ԵՊՀ-ից ինձ բերման ենթարկելուց հետո, ես տեղեկացա, որ քրեական գործեր են հարուցվել իմ դեմ կապված իմ գործունեության հետ, և ես վստահ եմ, որ ոչ մի քրեական խախտում չեմ կատարել։ Մինչև այսօր ես ոչ մի կառույց չեմ կանչվել, չեմ հարցաքննվել, չգիտեմ խոսքն ինչի մասին է։  Նրանք խախտել են իմ անմեղության կանխավարկածը, նույնիսկ որպես վկա ինձ չեն կանչել, նույնիսկ մեղադրանք չկա իմ դեմ։ Շատ բաներ ես հիմա չեմ կարող խոսել, քանի որ ենթադրում եմ՝ կա նախաքննական գաղտնիք պարունակող ինֆորմացիա։

– Պարո՛ն Ակոպյան, դուք հաճախ եք նշել, որ Բրյուսովի համալսարանի ռեկտորի ժ/պ Դավիթ Գյուրջինյանն ապօրինի է զբաղեցնում այդ պաշտոնը, ի՞նչ եք կարծում, ձեր պաշտոնանկությունն ապօրինի՞ չի եղել։

– Իհարկե ապօրինի է, ոչ միայն այն, որ նա ապօրինի ռեկտոր է, այլ այն, որ նա ինձ ազատել է աշխատանքային օրենսգրքի հոդվածի համաձայն, ըստ որի իբր ես չեմ համապատասխանում իմ պաշտոնին։ Այս պնդումը հիմնավորող որևէ փաստ չկա։ Ինձ ազատել են 4 պատճառի հիմնավորմամբ, որից 2-ը վերաբերում են այդ քրեական գործին, որը տեղի է ունեցել իմ դեկան եղած ժամանակ, ոչ թե պրոռեկտոր եղած ժամանակ։ Այսինքն սա կապ չունի պրոռեկտորի պաշտոնին չհամապատասխանելու հետ։ 3-րդ կետը վերաբերում է նրան, որ ես իբրև պրոռեկտոր եղած ժամանակ 2 հոգու սխալ նկատողություն եմ տվել։ Այսինքն՝ ըստ այդ կետի՝ ես կատարել եմ ռեկտորի աշխատանքը, քանի որ նկատողություն անելը չի մտնում պրոռեկտորի գործունեության մեջ։ 4-րդ հանգամանքը, որը պատճառ է դարձել աշխատանքից ազատման եղել է ֆեյսբուքյան գրառումները, հարցազրույցները, հայտարարությունները։ Այս հրամանը ջախջախվելու է դատարանում։

– Պարո՛ն Ակոպյան, ձեզնից բացի այլ անձանց, աշխատակիցների, դասախոսների վրա կա՞ն ճնշումներ։

– Այո, շատ դասախոսների ժամեր չտրամադրվեցին։ Ոչ միայն ճնշումներ են, այլև նստած հետևում են՝ ով ինչ գրեց և ինչ լայքեց Ֆեյսբուքում։ Ես անձամբ խնդրել եմ իմ գրածները ֆեյսբուքում չլայքել, որովհետև մարդիկ նստած հետևում են, ով լայքեց, հետո նրանց նկատմամբ սկսվում է գործողություն և նկատողություններ։ Խնդրել եմ իմ գրածները չլայքեն, որպեսզի չհայտնվեն այս ճնշումների տակ։ Ինչ ես չեմ պատկերացրել, որ կարող է լինել 21-րդ դարում համալսարանում, այդ մարդը իրականացրեց։

-Պարո՛ն Ակոպյան, ի՞նչ տեղեկություններ ունեք Բրյուսովի ռեկտորի ընտրությունների վերաբերյալ։

– Իրենք իրավունք չունեն ռեկտորի մրցույթ հայտարարեն, կարևոր է, որ այս պահին դատական գործընթաց է գնում, տիկին Հարությունյանը իր չընտրվելը վիճարկել է դատարանում, իրավական առումով իրովունք չունեն ընտրություն հայտարարել, բայց քանի որ մեր երկրում հարցերը լուծվում են հակաիրավական միջոցով, չեմ բացառում, որ մի օր այսպիսի անօրինական ձևով մրցույթ հայտարարեն։ Ասեմ նաև, որ վերջերս հաստատվեց Հոգաբարձուների խորհդի կազմը, քանի որ Ժաննա Անդրեասյան անուն ազգանունով նախարարը չէր բարեհաճում կազմել խորհրդի կազմ, երկու ամիսիի գրեթե բուհը մնացել է առանց Հոգաբարձուների խորհրդի։ Հաստատված կազմը, ոտքից գլուխ զավեշտ է։

-Ի՞նչն է զավեշտ, կմանրամասնե՞ք։

– Փոխվարչապետը, որը քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ է, խորհրդի անդամ է։ Վարչական պաշտոն զբաղեցնող անձինք կան, Գյուրջինյանի նախկին տեղակալն է ընդգրկված խորհրդի ցանկում, Գյուրջինյանի մոտ ընկեր Լալիկ Խաչատրյանը Մանկավարժական համալսարանից, դեկանի աղջիկ է ընդգրկված կազմում և այլն։

-Պարո՛ն Ակոպյան, արդյոք սա արվում է համալսարանների միացումը իրականացնելու համար։

– Այո, հնարավոր է։ 2027 թվականի ակադեմիական քաղաքի նախագծով պետք է մնա 4 բուհ, չհաշված Մայր բուհը և Բժշկական համալսարանը, որոնք մնալու են Երևանում։ Ըստ այս նախագծի ամեն դեպքում համալսարանների միացում սպասվում է։

Զրուցեց Էմմա Միքայելյանը




Լրահոս