«Տոնուս» ընկերությունից խաբվածներին Հովսեփյանը սպառնաց (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տոնուս» ընկերությունից խաբված քաղաքացիները, որ արդեն 10 տարի է պայքարում են իրենց գնած բնակարաններին տեր կանգնելու համար, այսօր ճարահատյալ քայլի էին դիմել: Ինչպես արդեն տեղեկացրել էր Armlur.am-ը, նրանք վաղ առավոտյան հավաքվել էին Սերժ Սարգսյանի առանձնատուն մտնող դարպասների մոտ` ակնկալելով գոնե այնտեղ հանդիպել նախագահի հետ, ոպեսզի Սերժ Սարգսյանն անձամբ ուշադրություն դարձնի իրենց խնդիրներին:

Սակայն՝ ապարդյուն…Սերժ Սարգսյանին տեսնել չհաջողվեց. փոխարենը՝ նրանց հանդիպեց նրա առանձնատան մոտ, ըստ էության, հսկիչի դեր կատարող, նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: …Կրկին՝ անօգուտ:

Որտեղից որտեղ Հովսեփյանը հայտնվեց Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում: Նա խմբված անօգնական քաղաքացիներին պատասխանեց ճիշտ նույն ոճով, ինչ նախորդ անգամ ցուցաբերեց Սերժ Սարգսյանը` դարձյալ իր տան մոտ խմբված խաբված քաղաքացիներին:

Հիշեցնենք` ավելի վաղ Սերժ Սարգսյանը Կոնդի բնակիչներին ասել էր. «Ուրեմն որ ես եմ նախագահը, պիտի մեղադրե՞ք»: Գրեթե նույն՝ անբովանդակ պատասխանն այսօր էլ  Հովիկ Հովսեփյանը տվեց՝ համեմելով իր խոսքը լկտի արտահայտություններով և անմիջապես հեռանալով տարածքից. «Այսինքն մե՞նք ենք մեղավոր, որ այսպես է լուծվել: Պարզ ասեմ՝ ով ստեղ մնաց, իրանցը չեմ լուծելու»:

Ինչ արած, մարդիկ ստիպված վեցհոգանոց պատվիրակություն ձևավորեցին և Հովսեփյանի հորդորով շարժվեցին դեպի նախագահական նստավայր: Թե ինչ փափուկ բարձ դրեցին մարդկանց գլխի տակ և ինչ խոստումներով կերակրեցին «Տոնուս» ընկերությունից տուժած քաղաքացիներին, Armlur.am-ը փորձեց պարզել տեղում:

Հիշեցնենք, որ «Տոնուս» ընկերությունից բնակարաններ գնելու համար բազմաթիվ մարդիկ գումարներ են վճարել, սակայն այսօր այդ բնակարանները կամ գրավադրված են բանկերում, կամ էլ պարզապես շենքը կառուցված չէ: Իսկ ԲՀԿ անդամ նախկին պատգամավորի գտնվելու վայրն անհայտ է: Ահա Սերժ Սարգսյանի «ապահով Հայաստանը». գործարարը չկա, բնակիչներն անտուն են:




Լրահոս