Արցախցի փոքրիկ Զարուհին 2020թ. 44-օրյա պատերազմից հետո տարհանվել է Արցախի Ջրական գյուղից:
ArmLur.am-ի հետ զրույցի ժամանակ՝ Զարուհին հիշում է.
«Երբ սկսվեց պատերազմը, եղբորս հետ տանը մենակ էի: Մայրիկս զանգեց և ասաց, որ շտապ իջնենք նկուղ, հետո կապն ընդհատվեց: Մեզ նկուղ տարավ մեր հարևանուհին՝ իր երեխաների հետ: Երբ արդեն իմացանք, որ պիտի լքենք Արցախը, հայրս իր ընկերոջ հետ վառելիք գտավ: Նույն ընկերոջ մեքենայով ճանապարհվեցինք (միայն մեքենայի հետևի մասում 6 հոգով էինք): Մեզ հետ կարողացանք միայն վերցնել եղբորս շքանշանները: Երկու օր մնացինք ճանապարհին: Նախ եկանք Մասիս, մի քանի օր մնացինք այնտեղ, Մասիսից՝ Թալին, իսկ հետո՝ Աշտարակ»:
Զարուհին ասում է՝ երկու պատերազմները համընկան իր ծննդյան հետ: 44-օրյա պատերազմի ժամանակ նա Ջրական գյուղում էր, երբ սկսվեց պատերազմը: Անհամբերությամբ սպասում էր հոկտեմբերի 1-ին, որ նշեր իր տարեդարձը, սակայն ինչպես Զարուհին է ասում՝ սիրտ չուներ ծնունդ նշելու. հայրիկը տանը չէր, իսկ առանց հոր նա, հաստատ, ծնունդ չէր նշի:
Նույն անհամբերությամբ սպասում էր նաև այս ծնունդին, երբ կլրանար իր 10 տարին, սակայն այս անգամ էլ հիշում է գաղթի օրերը:
«Մենք Ջրականից տարհանվելուց հետ վարձով բնակվում էինք Ստեփանակերտի Կնունյանցների 28/20 հասցեում. երբեք չեմ մոռանա այդ հասցեն: Կարճ ժամանակ հետո՝ այդ հասցեն ինձ Ջրականի պես հարազատ էր դարձել: Մենք մեզ լավ էինք զգում այնտեղ՝ ուրախ, երջանիկ: Հիշում եմ բլոկադայի ծանր օրերը, երբ 3 օր առանց հաց էինք մնացել: Հերթ պահում էինք, բայց այդ հերթը օրեր շարունակ մեզ չէր հասնում: Երբ առանց հաց էինք ճաշում, մաման մեզ միշտ սփոփում էր՝ ասելով, որ բլոկադան մի օր կավարտվի և մենք ծիծաղով կհիշենք այդ օրերը»,- պատմում է 10-ամյա Զարուհին:
Իհարկե, բլոկադան ավարտվեց, սակայն նրա ավարտն ավելի ծանր եղավ, քան հենց բլոկադան՝ իր ողջ գույներով:
Այժմ բնակվում են Աշտարակում՝ 4 հոգով. հայրը, մայրը, եղբայրը և ինքը: Ապրում են վարձով՝ 2 սենյականոց տան մեջ: Տանը բացակայում է գազամատակարարումը: Ինքը և եղբայրը հաճախում են դպրոց: Հայրը առողջական խնդիրների պատճառով հիվանդանոցում է, իսկ մայրը հոգում է հոր խնամակալությունը: Պետությունից աջակցություն ստացել են, բայց այն մի կերպ հերիքում է տան վարձին և ամենօրյա ծախսերին:
Ակնկալում են աջակցություն, որ կարողանան աշխատանք գտնեն ու շուտ ոտքի կանգնեն:
Նանիկ Աղասյան