Երեկ ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված տվյալների հիման վրա ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Տ. Մ.-ն՝ նույն Տիգրան Մարտիրոսյանն, ով համայնքի ղեկավար Սամվել Ղուկասյանի հովանավորյալն է եւ սիրելին, զբաղեցնելով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետի պաշտոնը, նույն բաժնի աշխատակից Ա. Հ.-ի՝ նույն Արմանի հետ, ով Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ռոմանոս Սաֆարյանի սանիկն է եւ նրա բերած կադրը նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, տարբեր անձանցից ստացել են ընդհանուր շուրջ 1մլն 700 հազ. ՀՀ դրամ կաշառք:
Ըստ նախաքննությամբ ստացված տվյալների՝ վերը նշված անձինք իրենց ծառայողական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Կենտրոն վարչական շրջանի՝ հրատապ լուծում պահանջող ընթացիկ աշխատանքներն իրականացնող ընկերության օգտին հրատապ գնման ընթացակարգերի մասին ընկերության տնօրենին տեղեկացնելու և անհրաժեշտ խորհրդատվությամբ այդ ընթացակարգերին տվյալ տնտեսվարողի պարտադիր մասնակցությունն ապահովելու համար, 2023 թվականի հուլիսի 11-ին նրանից ստացել են 1.000.000 ՀՀ դրամ կաշառք:
Բացի այդ, Տիգրան Մարտիրոսյանը, դարձյալ Արման Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական լիազորություններն ու ազդեցությունն օգտագործելով Ն. Ա.-ին և Ա. Ա.-ին փաստացի պատկանող՝ Երևան քաղաքում գործող սրճարանների դիմաց անցուղիների տեղադրման և նախատեսված գազոնային ծածկի հաշվին մայթի լայնացման աշխատանքներն անտեսելու ու չարձանագրելու համար, նրանցից 2023 թվականի հուլիսին և օգոստոսին ստացել են շուրջ 700.000 ՀՀ դրամ կաշառք:
Այսինքն մայթը անօրինական լայնացրել են, իսկ Տիգրան Մարտիրոսյանն ու Արման Հ.ն գումարի դիմաց աչք են փակել այդ ամենի վրա, այնինչ՝ իրենց գործառույթը ճիշտ հակառակն է:
13.11.2023թ. կաշառք ստացած երկու պաշտոնյաներն ու վերջիններիս կաշառք տված անձանցից երկուսը ձերբակալվել են: