Արդեն տևական ժամանակ է՝ հեղուկ գազը գրեթե կրկնակի թանկացել է` խնդիրներ ստեղծելով այն վարորդների համար, ովքեր ցածր գնի պատճառով մեքենան լիցքավորում էին հեղուկ գազով:
Բենզինը սկսել է թանկանալ հունիս ամսից։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023թ. հուլիսին հանրապետությունում գրանցվել է բենզինի 11.1% գնաճ, իսկ հունիսին այն թանկացել է 10.5%-ով։
Եթե ամիսներ առաջ հեղուկ գազի գինը 160 դրամ էր, այժմ 220 դրամ է։ «Պրեմիում» տեսակի բենզինի 1 լիտրը արդեն իսկ վաճառվում է 570 դրամով։
Տնտեսագետ և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Թադևոս Ավետիսյանն ArmLur.am-ին ներկայացրեց մանրամասներ.
«Փաստ է, որ ՀՀ-ն իր պահանջարկը բավարարելու համար ներկրում է ողջ դիզվառելիքը: Առաջին պատճառը ներկրման ոլորտի բարձր մենաշնորհման աստիճանն է, և իշխանությունները, ինչքան էլ խոսում են ոլորտում կարգավորումներ բերելուց, միևնույն է՝ փաստը ցույց է տալիս, որ բարձր մենաշնորհման աստիճանը շարունակվում է: Մեր աչքի առջև մանրածախ ոլորտում վառելիք վաճառողները սկսել են կենտրոնացնել վաճառքը իրենց լցակետերի շուրջ՝ բենզալցակայանները դարձնելով նաև հեղուկ գազ վաճառող կետերի: Երբեմն ներքին պահանջարկը չի համապատասխանում ներկրված քանակին, որն էլ առաջացնում է պակասուրդ, իսկ միջազգային շուկայում կա բենզինի և հեղուկ գազի պահանջարկի և արժեքի աճ, որն էլ իր հերթին օբյեկտիվ է: Գնաճի միտումը կշարունակվի ապագայում, եթե պետական մարմինը հատուկ կարգավորումներ չանի»,- նշեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:
Նշենք, որ Հայաստան գազ ներմուծվում է Ռուսաստանից, Իրանից և Իրաքից։ Ռուսական գազի թանկացման պատճառով Հայաստան գազ ներմուծվում է հիմնականում Իրանից և Իրաքից, քանի որ ամեն դեպքում ավելի մատչելի է, քան ռուսական գազը։
Վիկտորյա Մկրտչյան