«Ազատ Արցախ» հանրապետական թերթը տարիների ընթացքում տարբեր անվանումներով ու կարգավիճակով է ներկայացել ընթերցողին: Թերթը լուսաբանել է արցախյան հերոսամարտը, զինադադարից հետո՝ քայքայված տնտեսության վերականգնման, նորաստեղծ հանրապետության պետական կառույցների ստեղծման, Արցախի արդար դատը համաշխարհային հասարակությանը ներկայացնելու, հանրապետության մշակութային, սոցիալ-տնտեսական բարեփոխումների, կրթության, առողջապահության և այլ հարցեր։ Իր հարյուր տարիների ընթացում ունեցել է բազում վերելքներ ու դժվարություններ, ենթարկվել փորձությունների, բայց, միևնույն է, եղել է Արցախի պատմության ճիշտ արտացոլանքն ու ուղեկիցը:
Այսօր, Արցախի հայաթափման և որպես պետություն լուծարման պայմաններում, թե ինչ ճակատագրի պիտի արժանանա «Ազատ Արցախ» հանրապետական թերթը պարզաբանում է թերթի գլխավոր խմբագիր, հրապարակախոս, Արցախի գրողների միության նախագահ Նորեկ Գասպարյանը.
«Այսօր ավելի կարևոր է թերթի լինելը, քան վերջին 4-5 տարիների ընթացքում էր: Ինչո՞ւ: Որովհետև մարդկային ճակատագրի, ժողովրդի ու երկրի այս վիճակում ժողովրդին համակ ու ամփոփ պահել կարող է միայն թերթը: Այսօր հայաստանյան գործող բոլոր լրատվամիջոցները միասին չեն կարող կատարել այն գործը, ինչ կարող է անել թերթը: Թեպետ հիմա, ինչպես տեսնում եմ, շատ քչերին է թերթը հետաքրքրում»,-ArmLur.am-ի հետ զրույցում նշել է Նորեկ Գասպարյանը՝ հավելելով, որ փորձելու է բոլոր հնարավոր քայլերը՝ թերթը թեկուզ էլեկտրոնային տարբերակով պահել:
«Փորձում եմ գտնել հովանավորների, որպեսզի կարողանանք գոնե էլեկտրոնային տարբերակով թերթը պահպանել, սակայն դեռ ոչ մի արձագանք չենք ստացել: Թվում է, ժամանակակից այս աշխարհում թերթն այլևս ոչ մեկին չի հետաքրքրում: Ստեփանակերտում ևս վերջին 6-7 ամիսներին աշխատել ենք էլեկտրոնային տարբերակով, քանի որ ճանապարհները փակ էին, իսկ թերթը տպագրվում էր Երևանում՝ «Անտարես» տպագրատանը»,- պարզաբանում է Ն.Գասպարյանը:
Խմբագրի խոսքով՝ թերթի բաժանորդների թիվը 44-օրյա պատերազմից հետո ակնհայտորեն նվազել է՝ պայմանավորված Արցախի տարածքների կորստի հետ: Պատերազմից հետո թերթի բաժանորդների թիվը տատանվում էր 150-160 թվերի շրջանում:
Հավելում. «Ազատ Արցախ» Հանրապետական թերթը տարբեր անուններով լույս է տեսնում 1923 թվականից սկսած: Նախ՝ Շուշիում (1923-1925), ապա 1925 թվականից՝ Ստեփանակերտում. 1923 թվականին՝ «Ղարաբաղի գեղջուկ», 1923-1940 թվականներին և 1989-1992 թվականներին՝ «Խորհրդային Ղարաբաղ», 1940-1989 թվականներին՝ «Սովետական Ղարաբաղ», 1992 թվականի ապրիլից – 1995 թվականը՝ «Արցախ», 1995-1998 թվականներին՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»:
1998 թվականից «Ազատ Արցախ» հանրապետական թերթը հանդիսանում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և կառավարության պաշտոնաթերթը:
Նանիկ Աղասյան