Օրերս ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ստրասբուրգից վերադառնում է Հայաստան՝ գոհունակությամբ, որ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսը բացարձակ մեծամասնությամբ քվեարկեց Ադրբեջանի գործողությունները հստակ դատապարտող դեկլարացիային:
«Այդ փաստաթղթով նաեւ պահանջ դրվեց Ադրբեջանի նկատմամբ՝ ազատ արձակելու Արցախի առաջնորդներին:
Կոնգրեսը աջակցություն է հայտնում Հայաստանին ստեղծված հումանիտար ճգնաժամի դեմ պայքարում և որոշում է ուշադրության կենտրոնում պահել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը:
Հաջորդիվ կհրապարակեմ նաև ելույթներս»:
Քննարկման մանրամասների մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Խաժակյանի հետ:
-Պարոն Խաժակյան, քննարկման ժամանակ նշել էիք գերեվարված արցախցի նախագահների, պաշտոնյաների հարցը: Ի՞նչ արձագանք տվեցին եվրոպացի պաշտոնյաները:
-Եվրոպայի խորհրդի կոնգրեսում ներկայացրել եմ զեկույց՝ իրավիճակի հետ կապված եւ զեկույցում առանձին տողով նաեւ նշված էր կոչ-պահանջ ուղղված Ադրբեջանին՝ ազատ արձակելու Արցախի պաշտոնյաներին: Շատ հասցեական:
Բնականաբար Ադրբեջանը քննարկման ընթացքում փորձեց այդ ձեւակերպումը դուրս բերել դեկլարացիայից, եւ ես դրա դեմ խոսեցի՝ ներկայացնելով, որ դա ոչ միայն ապօրինի գործողություն է եղել, այլ ինքնին պահվող անձինք արդեն մարդու իրավունքների խախտման վկայությունն են: Եվ դեկլարացիան ընդունվեց այնպես, ինչպես նախատեսվում էր, այսինքն ներառված այդ կոչն ու պահանջը պետք է զարգացնել եւ հետագա դիվանագիտական զարգացումներում սա պետք է դարձնել բանակցության առարկա:
-Իսկ բանակցություններում մեզ այդ դեկլարացիան ի՞նչ արդյունք է տալու, քանի որ գիտենք, պարոն Խաժակյան, որ մինչ այս էլ բազմաթիվ փաստաթղթեր են ընդունվել, բանաձեւեր են ընդունվել, սակայն Ադրբեջանը այդպես էլ չի ենթարկվել պահանջներին:
-Ընդհանրապես այդ գործիքները՝ մանավանդ պարտված պետություններին, միայն կարող են հավելյալ կաթիլ ավելացնել այն ընդհանուր միջավայրում, որտեղ փորձում ես քո շահերը ներկայացնել եւ առաջ մղել: Այս իմաստով, եթե մենք չունենայինք ըմբռնում, ես կարող էի ասել, որ աշխատելն էլ այդ ուղղությամբ ավելի բարդ կլինի, բայց հիմա քանի որ մենք ունենք միջազգային հանրության ըմբռնումը, այս շարունակական ճնշումներն են բերելու նրան, որ վաղ թե ուշ Ադրբեջանը ազատ արձակի նրանց: Սա մի քայլանի գործողություն չէ, այլ անըդհատ ջանք պետք է գործադրել այս ուղղությամբ եւ յուրաքանչյուր փաստաթղթում դետալացված աշխատանք տանել այդ ձեւակերպումների հետ կապված:
-Պարոն Խաժակյան, երբ որ գերիների խոշտանգումների մասին էիք բարձրաձայնում, եվրոպացի պաշտոնյաները ինչպե՞ս էին արձագանքում, տեղյա՞կ էին այդ ամենի մասին, թե՞ իրավիճակին ծանոթ չէին:
-Խոշտանգումները առանձին քննարկման առարկա չի դարձել, որովհետեւ փաստաթուղթն ուներ ավելի շատ քաղաքական բնույթ, քան մարդու իրավունքների: Հույս ունեմ, որ Արցախի եւ ՀՀ ՄԻՊ-ը իրենց զեկույցներում ներկայացնում են եղած իրավիճակը:
Զրուցեց Քրիստինա Մուշեղյանը