Նոյեմբերի 13-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայ առաքելական եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան աղոթք՝ ի հիշատակ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության վարչապետի անձնական ներկայացուցիչ, արտակարգ և լիազոր դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի:
Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
Հոգեհանգստյան աղոթքը մատուցվել է Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Հայր Գրիգոր վարդապետ Խաչատրյանի կողմից։
Արարողության ընթացքում խոսքով հանդես է եկել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը՝ անդրադառնալով դեսպան Տեր-Ստեփանյանի՝ համայն հարգանքի արժանացած պետական գործչի և ականավոր դիվանագետի կյանքին ու գործունեությանը։
Դեսպան Տոլմաջյանը հիշեցրել է, որ Քրիստիան Տեր-Ստեփանյանը, լինելով Հայոց ցեղասպանությունից փրկված ընտանիքի զավակ, երիտասարդ տարիքից ամբողջ եռանդով նվիրվել է Ֆրանսիայում և միջազգային կառույցներում հայկական հարցի արծարծմանը։ Նա եղել է Հայաստանի դիվանագիտական ծառայության կայացման ակունքներում և Հայաստանի անկախացումից ի վեր՝ մինչև կյանքի վերջին օրը, հավատարմորեն ծառայել է հայրենիքին՝ պաշտպանելով Հայաստանի պետական շահերը բազմաթիվ միջազգային հարթակներում։ Մասնավորապես, դեսպան Տեր-Ստեփանյանն անուրանալի ներդրում է ունեցել Եվրոպայի խորհրդին և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության ու համագործակցության ամրապնդման գործում և եղել Հայաստանի առաջին ներկայացուցիչը նշված կարևոր կազմակերպություններում։ Նշանակալից է նաև դեսպան Տեր-Ստեփանյանի դերակատարումը ՅՈւՆԵՍԿՕ-ում Հայաստանի շահերի պաշտպանության հարցում։
Արարողության ընթացքում խոսքով հանդես են եկել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի աշխատակազմի ղեկավար Մարգո Բերժոն-Դարսը, Ֆրանսիայում հավատարմագրված ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ, Մավրիկոսի դեսպան Վիժայեն Վալայդոնը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Փոքր կղզի-պետությունների խմբի նախագահ, Կուկի կղզիների դեսպան Նատալի Ռոզետ-Կազելը, ինչպե նաև հանգուցյալի դուստրը՝ Սևան Տեր-Ստեփանյանը։
Արարողությանը ներկա են եղել նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ադմինիստրատոր Կարոլին Սենտ-Հիլերը, Ֆրանսիայի ԱԳՆ նախկին լիազոր նախարար և պետքարտուղար, սենատոր Ժան-Բատիստ Լըմուենը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված մի քանի տասնյակ դեսպաններ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ, համայնքի ներկայացուցիչներ և հասարակական գործիչներ։
Նույն օրը Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն այցելել և ի հիշատակ դեսպան Տեր-Ստեփանյանի բացված սգո մատյանում գրառում են կատարել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում և ՖՄԿ-ում հավատարմագրված բազմաթիվ դեսպաններ ու բարձրաստիճան դիվանագետներ։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 9-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի ընթացքում տեղի է ունեցել դեսպան Տեր-Ստեփանյանին նվիրված հիշատակի միջոցառում, որի ընթացքում ցավակցական ելույթներով հանդես եկան Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի և Գործադիր խորհրդի ղեկավարները։