Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2023թ-ի վերջին ամիսներին Հայաստանում գնաճը կազմում է 3,37%:
Վերջին շաբաթների ընթացքում Երևան քաղաքի որոշ սուպերմարկետներում գնային տատանումներ են տեղի ունենում։ Ալյուրի մի քանի տեսակ թանկացել է հիսուն դրամով։
Աշխատողները պարզաբանում են, որ որոշ ապրանքների գնաճը պայմանավորված է հումքի բարելավմամբ։
«Ալյուրը թանկացել է հիսուն դրամով, որովհետև այն արդեն վաճառվում է նոր ու ավելի հարմար փաթեթավորմամբ», – նշեց նրանցից մեկը՝ հավելելով, որ հացի գինը չի փոխվել։
Խոշոր թանկացումներն ազդել են նաև բանջարեղենի մի շարք տեսակների վրա։ Մեկ ամիս առաջ կարտոֆիլը արժեր 170-180 դրամ, իսկ հիմա այն կազմում է 230 դրամ։
Գազարը 150 դրամի փոխարեն վաճառվում է 280-ով։
Հավելենք, սակայն, նույն սուպերմարկետում ձեթը 3050 դրամից դարձել է 2030 դրամ։ «Ալաշկերտ» տեսակի պանիրը որոշ խանութներում էժանացել է 200-300 դրամով։
Հարցված չորս խանութների աշխատակիցներից ու մենեջերներից գրեթե բոլորը վստահեցնում են, որ խանութում գնի բարձրացում տեղի չի ունենում. ներմուծողը սահմանում է նոր գին և ապրանքը փոխանցում է իրենց:
Վիկտորյա Մկրտչյան