Ինչից է վախենում աստվածավախ Վարդան Այվազյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդան Այվազյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ինքը չի վախենում  ՀԱԿ- ԲՀԿ համագործակցությունից: Այդ դեպքում ինչից է վախենում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: «Բայց ինչի՞ պետք է ես վախենամ, կարո՞ղ եք ինձ ասել»,- ասաց Այվազյանը՝ հավելելով, որ իրեն մտահոգում են սոցիալական խնդիրներ ունեցող մարդիկ, որոնք պետք է աշխատանք  ունենան:

ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը, եթե արդյունք տա, լինի իշխանափոխություն, իշխանական ողջ լծակները կանցնեն այդ քաղաքական ուժերի ձեռքը, որից հետո իրենք պատասխանատվության կենթարկեն ու  հաշվեհարդար կտեսնեն ՀՀԿ-ականների հետ, այդ թվում՝ նաև Վարդան Այվազյանի:

Armlur.am  լրատվականի թղթակցի այս դիտարկմանն ի պատասխան՝ Վարդան Այվազյանն ասաց. «Այսինքն՝ ո՞նց հաշվեհարդար տեսնեն, կախելո՞ւ են, ուտելո՞ւ են, ի՞նչ են անելու: Ի՞նչ ենք արել, որ պատասխանատվության ենթարկեն: Աշխատել ենք, դրա համա՞ր: Եթե պատասխանատվության ենթարկելու լինենք, շատ մարդիկ կան, որ կարելի է պատասխանատվության ենթարկել՝ թե՛ էստեղ, թե՛ էնտեղ»:

ՀՀԿ պատգամավորն ասաց, որ, եթե ոչ այս կյանքում, բոլորն էլ Աստծո առաջ ենթարկվելու են պատասխանատվության:  «Դուք Աստծո առաջ էլ չեք ենթարկվի»,-հակադարձեց լրագրողը: Տիրեց մի քանի վայրկյան լռություն, հետո պատգամավորը կատակեց. Ամենահետաքրքիր այն է, որ ասելուց հետո դու ասում ես, հետո էլ աչքերդ փախցնում ես»:

Այվազյանը հիշեցրեց՝ 1997-ից ՀՀԿ-ի անդամ է: Բացի իր խղճից, քաղաքական սկզբունքայնությունից և Աստծուց՝ որևէ մեկի առաջ ինքը չի վախենում պատասխանատվության ենթարկվելուց: «Իմ բոլոր արարքների համար պատրաստ եմ կանգնել ու պատասխատվության ենթարկվել»,- եզրափակեց Այվազյանը:




Լրահոս