«Երբ արդեն օդային տագնապը միացված էր, իսկ հրթիռակոծությունը չէր դադարում, իրար խառնվեցի, չգիտեի ում մասին մտածել, բոլորս ցրված էինք: Տղաներս ծառայում էին Պաշտպանության բանակում՝ պայմանագրային հիմունքով և պատերազմի օրը սահմանին էին, աղջիկս համալսարանում էր, իսկ ես՝ աշխատանքի: Հեռախոսակապը միանգամից խափանվել էր և ոչ մեկ ոչ մեկից տեղեկություն չուներ: Շատ անհանգիստ էի տղաներիս համար: 28 ժամ նրանցից լուր չունեի, իսկ ապաստարանում անընդհատ ստանում էինք վիրավորների և զոհերի մասին լուրեր: Շատ ցավոտ էր, երբ իմանում էիր, որ հարևանի որդին, ամուսինը կամ հարազատներից մեկը զոհվել է»,- պատմում է արցախցի Ինգա Հարությունյանը:
Ինգա Հարությունյանի ամուսինը՝ Մհեր Եղիշեի Հարությունյանը, զոհվել է Արցախի առաջին պատերազմում: Ունի 3 երեխա՝ երկու որդի և մեկ դուստր: Տղաներն ամուսնացած են, ունեն երեխաներ և Ստեփանակերտում իրենց առանձին անկյունն ունեին: Ինքը՝ Ինգանն դաստիարակ էր, աշխատում էր ՀՕՄ-ի Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզում:
«Երբ սկսվեց պատերազմը, մանկապարտեզում էին: Ամեն կերպ փորձում էինք հանգստացնել երեխաներին, որպեսզի շատ չվախենային: Տեղափոխեցինք նրանց ապաստարան: Սակայն, երբ արդեն մի քանի ծնողներ եկան իրենց երեխաներին տանելու, մյուսների մոտ խուճապն ավելանում էր: Դաստիարակներս կազմակերպեցինք ամեն մի երեխային տուն՝ ծնողներին հասցնել: Երբ արդեն, բոլորին ճանապարհել էինք, արդեն հանգիստ էինք: Մենք էլ գնացինք մեր հարևանի տան ապաստարան»,- պատերազմի մասին պատմում է տիկին Ինգան:
Ինչպես բոլորն, այնպես էլ Ինգայի ընտանիքը բռնի տեղահանվեցին Արցախից: «Սեպտեմբերի 25-ին բռնի տեղահանվեցինք մեր բնօրրանից: Ուղիղ 3 օր անցանք այդ դժոխքի ճանապարհով: Շատ դաժան, անմարդկային ու նվաստացուցիչ պայմաններով, որոնց մասին խոսել չեմ ցանկանում: Ճանապարհին իմացանք բենզալցակայանի պայթունի մասին. դաժանությանն էլ չափ ունի: Սեպտեմբերի 27-ի գիշերը հասանք Գորիս: Մինչև լուսաբաց մնացինք այդտեղ: Ուզում եմ հոգաչափ շնորհակալություն հայտնել գորիսեցիներին, սյունեցիներին մեզ կարեկից և այդքան ջերմ ընդունելու համար: Ողջ կյանքս կհիշեմ նրանց ու նրանց բարի քայլերը: Աստված էլ իրենց միշտ հասնի», ասում է տիկին Ինգան:
Ինգան պատմում է, որ կնքահայրը զանգել և իր 11 հոգանոց ընտանիքին իրենց տուն է հրավիրել, տրամադրել իր բնակարանը, իսկ ինքը գնացել է մեկ այլ տեղ բնակվելու: Աբովյան քաղաքում՝ կնքահոր տան նրանք բնակվեցին 2 ամիս՝ մինչև կարողացան հարմար բնակարան գտնել:
«Եվ հայրենիք ենք կորցրել, և գերեզմաններ ու հիմա անորոշության մեջ չգիտենք ինչ անել ու ինչ սպասել: 11 հոգով բնակվում ենք 3 սենյականոց տանը, 270 հազար տան վարձ ենք տալիս՝ չհաշված ամենօրյա ծախսերն ու կոմունալ վճարումները: Ստեփանակերտում, որպես ազատամարտիկի այրի, զինթոշակ էի ստանում, աշխատում էի, բայց հիմա ոչ թոշակ եմ ստանում, ոչ աշխատավարձ, իսկ պետության տված աջակցությունով հնարավոր է միայն գոյություն ապահովել: Փորձում ենք աշխատանք գտնել, որ կարողանանք գոնե ապրել»,- ասում է Ինգա Հարությունյանը:
Նանիկ Աղասյան