Այս մի քանի տարիների ընթացքում Արցախի մայրիկների ակումբը միշտ եղել է Արցախի կանանց և երեխաների կողքին:
«Այժմ ինքներս էլ գտնվելով ճգնաժամային փուլում, միևնույն է գիտակցում ենք, որ կարիք կա միմյանց օգնելու։ Շատերը կհիշեն՝ Արցախի մայրիկների աջակցման Կենտրոն ՀԿ-ի շրջանակներում պլանավորել էինք այս տարվա հունիս ամսին Արցախի Մարտունու շրջանի Եմիշճան գյուղում անցկացնել փառատոն, որտեղ կանայք հնարավորություն կունենային ներկայացնել իրենց ձեռքի աշխատանքները: Այն ժամանակ կյանքի ճանապարհը բաց էր հումանիտար բեռների համար, ու դիզվառելիքի հարցը մասնակի լուծված էր: Բայց թշնամին մի քանի օր անց ամբողջությամբ փակեց ճանապարհը եւ, ցավոք, ծրագիրը մնացել էր անկատար… »,- պատմում է Մարիամ Աբրահամյանը։
2023թ. պատերազմի հետևանքներից ելնելով՝ ակումբը որոշել է փառատոնը կազմակերպել Երևանում։ Փառատոնի օրը դեռ հայտնի չէ՝ կախված մի քանի կարգավորումներից:
«Հիմա, երբ Արցախի կանայք առավել քան ունեն աշխատանքի կարիք, սոցիալիզացիայի խնդիր, որոշել ենք մեր մտահղացումը իրագործել Երևանում։ Քանի որ մեր թիրախային խումբը երիտասարդ մայրերն են, մենք հոգ ենք տարել նաև մեր բալիկների լավ ժամանցի մասին։ Միջոցառմանը լինելու է հատուկ մանկական անկյուն, որտեղ տարբեր տարիքային խմբի երեխաների համար կկազմակերպվեն բազմապիսի հետաքրքիր, ժամանցային միջոցառումներ ու անակնկալներ»,- պարզաբանում է Մարիամը և ավելացնում, որ նման միջոցառումները պարբերաբար կլինեն:
Մարիամ Աբրահամյանի խոսքով՝ փառատոնը մասնակիցներին կտա սեփական արտադրանքը շուկայում ճանաչելի դարձնելու, արտադրանքը տեղում իրացնելու հնարավորություն, ծանոթություն և փորձի փոխանակում մյուս արտադրողների հետ, արցախյան կոլորիտում հայտնվելու հերթական հնարավորություն, ծանոթություն և հասանելիություն` հայաստանյան սպառողի հետ, երեխաների ժամանցի գրագետ և ապահով կազմակերպում, հնարավորություն իրար հետ հարազատ բարբառով շփվելու և խաղալու։
Նախագիծը հովանավորելու պատրատակամություն է հայտնել Anna Astvatsaturian Foundation-ը:
Նանիկ Աղասյան