ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԿՈՂՔ-ԿՈՂՔԻ ԿԱՊՐԵ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում էթնիկ զտումներ իրականացրած Ադրբեջանը շարունակում է կեղծ հավաստիացումներ տալ, թե վերադարձի դեպքում պատրաստ է ապահովել արցախահայերի անվտանգությունը:

 

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիեւը Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Ադրբեջանի կառավարությունը լիովին երաշխավորում է հայ բնակչության անվտանգ ապրելակերպը Ղարաբաղում:

«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:

-Տիկի՛ն Հակոբյան, Ադրբեջանը շարունակում է հավաստիացումներ տալ, թե վերադարձի դեպքում պատրաստ է ապահովել արցախահայերի անվտանգությունը: Դուք նման նախադրյալներ տեսնու՞մ եք, արժանահավատ համարո՞ւմ եք ադրբեջանական կողմի այս խոստումները:

-Թշնամին միջազգային բոլոր հարթակներում իբրեւ խաղաղության հայտարարություններ է անում, որոնք իրականում կեղծ են: Ինչո՞ւ եմ վստահ ասում, որովհետեւ նրանք այլ հարթակներում կամ իրենց վերլուծաբանների միջոցով դրա լրիվ հակառակն են ասում, թե հնարավորություն չկա, որ հայերն այլեւս այնտեղ ապրեն: Մարդ մորթողը, երեխային սպանողը չի կարող երաշխիք տալ խաղաղ կեցության, չի կարող անվտանգություն ապահովել, մենք սեպտեմբերի 20-ին ականատես ենք եղել, թե ինչ կարող է անել ադրբեջանցին, թե ինչպես է բոլորի աչքերի առաջ սպանում երեխայի, խեղդում մահացածի մարմին՝ առանց որեւէ անհանգստության. նման թշնամին չի կարող երաշխիք տալ:

-Դուք պարբերաբար հանդիպում եք արցախցիների հետ. նրանք պատրա՞ստ են Ադրբեջանի տված երաշխիքների դեպքում վերադառնալ Արցախ:

-Այն երաշխիքներով, որոնք ադրբեջանցիներն են տալիս՝ առանց ինքնավարություն ունենալու, դա բացառվում է: Եվլախում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ մինչեւ հունվարի 1-ը որեւէ խնդիր չի լինի, մարդիկ կարող են որոշել մնում են, թե գնում, բայց մենք տեսանք՝ ինչ եղավ, նրանք մի բան ասում են, մեկ այլ բան՝ անում: Իրենք գործով ապացուցեցին, որ մեկ վայրկյան անգամ չեն կարող հանդուրժել հայի, սրանով էր պայմանավորված, որ ցեղասպանության վտանգի ներքո բռնի տեղահանվեցին Արցախում ապրող հայերը:

-Տիկի՛ն Հակոբյան, տեսնում ենք, որ ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստան տեղափոխված արցախցիների մեծ մասը լքում են երկիրը, անգամ տարբեր երկրների դեսպանատների դիմաց ակցիաներ են անում, ապաստարան են պահանջում, որ՞ն է սրա պատճառը:

-Մենք շատ ցավալի իրավիճակում ենք հայտնվել, այն զգացողությունը, որ մեր հայրենիքում ենք, կա, գիտակցում ենք, որ այստեղի մեր հայրենակիցները մեզ հետ հավասար հայրենիք են կորցրել, բայց կա մի ցավոտ գիտակցություն, որ Հայաստանի իշխանությունները ամենաքիչը երեք տարի բոլոր գործընթացները տարան այնպես, որ հազարավոր զոհեր ունեցանք, մեզնից խլեցին հայրենիք: Այսինքն՝ կա զգացողություն, որ դու քո հայրենիքում ես, բայց քեզ ատող իշխանությունների ենթակայության տակ. դա դառնում է անհամատեղելի, մարդիկ վախենում են նաեւ, որ այստեղ հետապնդումների կարժանան, եւ իշխանություններն են նման ջրբաժան գծել, դրա համար էլ արցախցիները վախենում են, որ իրենց երեխաները չեն կարող արժանապատիվ ապրել այստեղ:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ԳՐՈՒՄ Է

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին Հայաստանում ապրելու հարցում օգնելը, կարծում եմ, յուրաքանչյուրիս գործն է: Մարդիկ կան՝ դա անում են հրապարակավ, մարդիկ կան՝ լուռ: Ընտրության հարց է. եւ երկու ձեւաչափերն էլ ինձ համար ընդունելի են. գլխավորն արցախահայերին օգնելու պատրաստակամությունն է:

Իբրեւ փոքրիկ հաշվետվություն՝ տեղեկացնեմ, որ սեպտեմբերի 20-ից սկսած 24/7 ռեժիմով զբաղվում եմ արցախահայերի խնդիրներով՝ կենցաղային հարցերից սկսած.

բնակարանների որոնում,

կահավորում (կահույք, տեխնիկա, նորոգման պարագաներ),

ջրաֆիկացում եւ գազաֆիկացում (նպաստում եմ աշխատանքների արագ կազմակերպմանը),

տարբեր սեզոնային հագուստների տրամադրում,

աշխատանքի տեղավորում,

պետական մարմիններ ուղարկված հարցումներ,

մարզերում պարբերական հանդիպումներ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված կանանց հետ,

աջակցության այլ քայլեր, որոնք կրում են ամենօրյա ռեժիմ եւ անձնական ֆինանսական միջոցներ:

Պետք է շարունակել աշխատանքը, մինչեւ բոլոր բռնի տեղահանվածներն իրենց սեփական բնակարաններն ունենան Հայաստանում»:

 

 

 

 

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑԵՐ

ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերն այսօր եկել էր խորհրդարան: Դեսպանն ԱԺ-ում հանդիպում ունեցավ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի, պատգամավորներ Ռուստամ Բաքոյանի եւ Լիլիթ Ստեփանյանի հետ: Թե դեսպանը եւ ՔՊ-ական պատգամավորներն ինչ հարցեր են քննարկել, պաշտոնական որեւէ տեղեկություն չկա:

Տեսնելով դեսպանին՝ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մոտենալ եւ մի քանի հարց ուղղել Արցախի ապօրինի բռնազավթումից, արցախահայերի բռնի տեղահանումից, Հայաստանում ժողովրդավարական անընդունելի բարքերից:

Դեսպանից հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք տեղյակ է, որ այն պատգամավորները, որոնց հետ հանդիպում է, հայտնի են իրենց սկանդալային վարքուբարքով:

Հիշեցնենք, որ նախորդ տարի մեծ աղմուկ բարձրացավ, որ Ռուստամ Բաքոյանը պարբերաբար ծեծել է իր քաղաքացիական կնոջը եւ նրանից գումար պահանջել։ Սրա մասին հայտարարել էր բռնության ենթարկված կինը: Իսկ ՔՊ քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ ապրիլի 4-ին՝ ՄԻՊ թեկնածուի ընտրության ժամանակ, բռնության կոչեր էր հնչեցրել՝ սպառնալով կտրել ընդդիմադիր թեկնածուի ականջը։ Ոստիկանությունը նաեւ նրա մոտ թմրանյութ էր հայտնաբերել:

Դեսպանը գերմանացուն բնորոշ պատասխանատվությամբ լսեց բոլոր հարցադրումները, ապա ժպիտով մերժեց պատասխանել՝ ասելով, որ մտադիր չէ հարցազրույց տալ:

Վերջում հավելենք, որ երբ հարցերը հնչեցնում էինք հայերեն, սկզբում թարգմանչուհին թարգմանեց, իսկ վերջում Ռուստամ Բաքոյանը, նրա ձեռքին հարվածելով, հասկացնում էր՝ չթարգմանել: Այնուամենայնիվ, մենք իրացրինք մեր խոսքի ազատությունը. հարցերը հնչեցրեցինք նաեւ անգլերենով, թեեւ դեսպանն էլի չխոսեց:

 

 

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՎԵ՞Լ Է, ԹԵ՞ ՈՉ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ էր ստացել այն մասին, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը աշխատանքի առաջարկ է ներկայացրել Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության նախկին նախարար Հայկ Խանումյանին: «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Հայկ Խանումյանի հետ, հասկանալու համար, թե խոսքը ինչ աշխատանքի մասին է, կամ առհասարակ աշխատանքի առաջարկ այս կառույցից ստացել է, թե ոչ: Ի պատասխան մեր հարցի՝ պարոն Խանումյանը նշեց. «Նման նախաձեռնություն, առավել եւս՝ առաջարկ, չի եղել»: ArmLur.am-ը կապ հաստատեց նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանի հետ, հասկանալու համար՝ կա արդյոք նման նախաձեռնություն: «Տվյալ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում»,-պատասխանեց Հայաստանի Հանրապետության ՏԿԵՆ-ն մամուլի խոսնակը:

 

 

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ, ՔՆՆԱՐԿԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր նորանշանակ դեսպան Պյոտր Սքվեչինսկիին:

Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ եւ մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանը կարեւորել է հայ-լեհական հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես քաղաքական երկխոսության, այնպես էլ տնտեսության ոլորտում: Վարչապետն ընդգծել է առեւտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ առկա ներուժի իրացման կարեւորությունը:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին:

Պյոտր Սքվեչինսկին շեշտել է Լեհաստանի կառավարության շահագրգռվածությունը՝ խորացնելու եւ ընդլայնելու համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ուղղություններով եւ հավելել, որ գործունեության ընթացքում կներդնի ողջ ջանքերը՝ ի նպաստ երկկողմ կապերի հետագա զարգացման:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-լեհական հարաբերությունների, Հայաստան-ԵՄ փոխգործակցության եւ այլ հարցերի շուրջ:

 

 

 




Լրահոս