ՏՈՒԺՈՂԻ ԾԱՆՈԹԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023թ. հոկտեմբերի 27-ին՝ ժամը 01:20-ին, քաղաքացին զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ իրեն դանակահարել են: Նույն օրը՝ ժամը 02:50-ին, ահազանգ է ստացվել նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոնից այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, երկկողմանի պնեւմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երեւան քաղաքի կին բնակիչ:

 

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով, նախաձեռնվել է  քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ոստիկանություն զանգահարած եւ հիվանդանոց տեղափոխված անձը Երեւան քաղաքի 36-ամյա բնակչուհի է, ով ճանաչվել է տուժող, եւ հարցաքննվել՝ դեպքի հանգամանքների շուրջ:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական եւ ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, ինչպես նաեւ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. վերջինս հանդիսանում է տուժողի ծանոթը, ով Երեւան քաղաքի բնակիչ է՝ 39 տարեկան:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս տուժողին վերոհիշյալ վնասվածքները հասցրել է՝ իր անձնական բնույթի առաջարկին` վերջինիս չհամաձայնելու պատճառով:

Վարույթի շրջանակներում կատարվել են քննչական անհրաժեշտ գործողություններ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ վերցվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք առարկաներ, իրեր, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործության միջոց հանդիսացած դանակը՝ արնանման հետքերով։ Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են փորձաքննություններ:

Ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում 39-ամյա տղամարդը հայտնաբերվել եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է: Որոշում է կայացվել կասկածյալի հագին եղած հագուստներն առգրավելու մասին։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝  ՀՀ  քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

 

 

ԽՈՇՏԱՆԳՎԵԼ ԵՆ, ՄԱՀԱՑԵԼ

Լեռնային Ղարաբաղի դեմ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան գաղթելիս 14 անձ խոշտանգումների է ենթարկվել, 64-ը՝ մահացել:

 

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին Քննչական կոմիտեի YouTube-ի պաշտոնական ալիքում հրապարակված տեսանյութում հայտնել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության՝ հատկապես կարեւոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:

«Ունենք 200-ից ավելի զոհված զինծառայող եւ քաղաքացիական անձ: Շուրջ 12 քաղաքացիական անձի եւ շուրջ 30 զինծառայողի գտնվելու վայրը մինչեւ հիմա հայտնի չէ»,-նշել է Վարդանյանը:

Նրա խոսքով՝ 14 խոշտանգված անձանցից 12-ը զինծառայող է, երկուսը՝ քաղաքացիական անձ:

Ռազմական գործողությունների հետեւանքով սպանվել է քաղաքացիական ինը անձ, նրանցից երեքը՝ երեխա: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 231 զինծառայող եւ 80 քաղաքացիական անձ:

Անդրադառնալով առեւանգումներին եւ գերեվարումներին՝ Վարդանյանն ասել է՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ կա ֆիքսված 16 անձ: Նրանցից տասը քաղաքացիական անձիք են: Գերեվարված 16 անձանցից ութը Բաքվի բանտերում՝ շինծու մեղադրանքներով կալանավորված Լեռնային Ղարաբաղի նախկին եւ ներկա քաղաքական ղեկավարության անդամներն են: 44-օրյա պատերազմից հետո մինչեւ սեպտեմբերի 19-ը հաստատված եւ Ադրբեջանում ապօրինի պահվող եւս 37 անձ կա:

Պաշտոնատար անձանց, զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերաբերյալ Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու պահանջ է ներկայացվել:

«Այս պահի դրությամբ ինը անձի մասով մենք ունենք Ադրբեջանի կողմից հաստատում, որ տվյալ անձիք գերության մեջ են: Մյուսների հետ կապված գործընթացը դեռ ընթացքի մեջ է»,-նշել է Վարդանյանը:

Նրա խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինը համագործակցում է նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հետ: Այժմ վարույթի շրջանակում իրականացվում են մեծածավալ քննչական եւ վարույթային գործողություններ, հարցաքննություններ, մարմինների զննություններ: Նշանակվել են մի շարք, այդ թվում՝ դատագենետիկական, դատաբժշկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել:

«Զոհված անձանց հարազատները ճանաչվել են որպես տուժող: Նույնականացան գործընթացը դեռ չի ավարտվել: Վարույթն իրականացնող մարմնի կողմից նաեւ ֆիքսված են բոլոր այն անձինք, ովքեր բռնի տեղահանման են ենթարկվել»,-շեշտել է Ռաֆայել Վարդանյանը:

Բռնի տեղահանված ավելի քան հարյուր հազար հայ ճանաչվելու է տուժող: Վարդանյանը հորդորում է այն անձանց, ովքեր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ տեղեկություններ ունեն՝ դիմեն Քննչական կոմիտե: Անձի գաղտնիությունը երաշխավորվում է:

 

 

 

ԴԻՄԵՑ ԴԱՏԱՐԱՆ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը դատի է տվել ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային բաժնին։ Նա պահանջում է, որ դատարանը ստիպի 31.07.2023թ. որոշումն առ ոչինչ ճանաչելու:

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի պետը Հովհաննես Մարտիրոսյանն է:

 

 

 

ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ

Լոռու մարզի Ստեփանավան համայնքի նախկին ղեկավար Ս.Ղ.-ն, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական կեղծիք կատարելու հետեւանքով, օտարել է քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող՝ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ներառված զբոսայգու տարածքներ:

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, մանրամասնելով, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ծագման աղբյուրը թաքցնելու եւ խեղաթյուրելու, անշարժ գույքն օրինական գործունեության ներքո լեգիտիմացնելու նպատակով, Ս.Ղ.-ն զբոսայգու տարածքները փոխանցել է իր հետ փոխկապակցված անձանց:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 31-ին նոր հանրային քրեական հետապնդում է հարուցել Ս.Ղ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) (1 դրվագ),  308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին) (11 դրվագ), 190-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ hանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)) (երկու դրվագ), 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ hանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)) (մեկ դրվագ) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) (վեց դրվագ)։

 

 




Լրահոս