2024 թվականի բյուջեով նախատեսված է 1,5 միլիարդ դրամ Երեւանի մետրոպոլիտենի վերանորոգման համար, եւ 4 միլիարդ դրամ նոր կայարանի կառուցման համար։ «Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի հարցին, որը վերաբերում էր Երեւանի մետրոպոլիտենի հետ կապված հրատապ խնդիրներին։
Թունյանի խոսքով՝ գործակարգավարական նիստի ժամանակ Երեւանի քաղաքապետը նշել է, որ Երեւանի մետրոպոլիտենի հետ կապված հրատապ խնդիր կա, եւ չի լուծվել ֆինանսական հարցը։
«Խոսքը մոտ 650 միլիոն դրամ գումարի մասին է եւ ասվել է, որ այդ ֆինանսավորումը լինելու է հաջորդ տարվա բյուջեով։ Դատելով քաղաքապետի ելույթից՝ այդ հարցը ամենահրատապն է Երեւանի համար։ Քանի որ հարցը վերաբերում է ե՛ւ Երեւան քաղաքին, ե՛ւ բյուջեին, համ տրանսպորտին, կխնդրեի ձեր մեկնաբանությունը։ Եթե հարցն այդքան հրատապ է՝ միջոցներ չունե՞նք պահուստային ֆոնդից»,-հարցրեց Թունյանը Ֆինանսների նախարարին։
Պատասխանելով հարցին՝ նախարար Հովհաննիսյանն ասաց, որ Երեւանի մետրոպոլիտենի համար արդեն այս տարի գումարներ հատկացրել են եւ նամակ են ստացել քաղաքապետարանից, որում նշված էր, որ տարբեր ծրագրերի համար նախատեսված գումարներից վերաբաշխում է արվել Երեւանի մետրոպոլիտենի այլ կապիտալ ծախսեր անելու համար։ Նրա խոսքով՝ քաղաքապետարանին հարցադրումներ են ուղարկել, թե ինչու են վերաբաշխումներ արել եւ պատասխանը ստանալուց հետո միայն կարող են կարծիք հայտնել։
«Ինչ վերաբերում է Երեւանի մետրոպոլիտենին, ապա քննարկել ենք Երեւանի մետրոպոլիտենում երկար տարիներ ներդրում չանելու փաստը եւ հասկացել ենք, որ, այո, մենք գտնվում ենք մի իրավիճակում, որտեղ Երեւանի մետրոպոլիտենին հրատապ ներդրումներ են անհրաժեշտ։ Եվ այդ պատճառով բավականին լուրջ գումարներ ենք հատկացրել. 2024 թվականի բյուջեով նախատեսված է 1,5 միլիարդ դրամ Երեւանի մետրոպոլիտենի վերանորոգման համար, եւ 4 միլիարդ դրամ էլ նոր կայարանի կառուցման համար։ Այդ գիտակցումն ունենք, որ Երեւանի մետրոպոլիտենում ներդրումներ պետք է արվեն, որոշ դեպքերում հրատապ հարցեր են առաջացել, եւ 2023 թվականին պահուստային ֆոնդից դրա համար գումարներ հատկացրել ենք»,-ասաց Ֆինանսների նախարարը։
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ
Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալն այս պահի դրությամբ գնահատվում է 5.5 տոկոս: «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշեց, որ տնտեսական աճին նպաստող գործոնների մեծամասնությունը արտաքին են: «Եթե փորձենք զտել ներքին ու արտաքին գործոնները, որոնք ազդում են տնտեսական աճի վրա, եթե միջինացնենք տնտեսական արտաքին պայմանները, վերջին 5 տարվա կտրվածքով մեր տնտեսական աճը որքա՞ն կլիներ»,-հարցրեց պատգամավորը: Ֆինանսների նախարարն ասաց. «Սովորաբար գնահատվում է, որ ՀՀ-ի տնտեսական պոտենցիալը կազմում է 5.5 տոկոս: Այսինքն՝ այս պահի դրությամբ Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալը գնահատվում է 5.5 տոկոս: Այս պոտենցիալից են կախված այն կապիտալ ներդրումները, որոնք մենք իրականացնում ենք: Այդ պոտենցիալի մեծությունը կախված է ներդրումներից, մեր տնտեսության դիվերսիֆիկացիայից եւ այն բարեփոխումներից, որոնք մենք իրականացնում ենք»: Հովհաննիսյանը հավելեց՝ կառավարության հիմնական ջանքը պետք է ուղղված լինի այդ պոտենցիալի բարձրացմանը: Հայաստանի կառավարությունն այս տարի սպասում է առնվազն 7 տոկոս տնտեսական աճ: 2024-ի համար եւս տնտեսական աճի թիրախ է սահմանվել 7 տոկոսը: