ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի՝ Ալեքսանդր Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում հոկտեմբերի 31-ին բացվում է «Ուրարտուի թագավորությունը. հին Հայաստանի ժառանգությունը. Ուրաշտու – Հարմինույա – Արմինա» ցուցահանդեսը։ Դրան մասնակցել են յոթ թանգարաններ՝ Ռուսաստանից եւ Հայաստանից։ Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

 

«Բացում ենք ցուցահանդես՝ նվիրված Ուրարտու պետությանը… այս նախագիծը պատրաստվել է մի քանի թանգարանների՝ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի, Հայաստանի պատմության թանգարանի եւ այլ գործընկերների հետ համատեղ», – ասել է Պուշկինի անվան թանգարանի տնօրեն Ելիզավետա Լիխաչովան։

Ցուցահանդեսը բաղկացած է չորս բաժիններից, որոնցից երեքը նվիրված են այդ տարածաշրջանի պատմության եւ մշակույթի զարգացման տարբեր փուլերին. Հայկական լեռնաշխարհի հնագույն ցեղերի նախաուրարտական ավանդույթից մինչեւ մ.թ.ա. հետուրարտական շրջանի (մ.թ.ա. VI-IV դդ.) հին հայկական արվեստի ձեւավորումը։ Ցուցահանդեսի հիմքը կազմում է Ուրարտուի թագավորության` 1-ին հազարամյակի հին արեւելյան գլխավոր պետություններից մեկի՝ մ.թ.ա. IX-VII դարերի ժառանգությունը։

Ցուցահանդեսում առաջին անգամ կներկայացվեն Կայսերական Ռուսաստանի օրոք իրականացված ամենաառաջին պեղումներից արտեֆակտներ, ինչպես նաեւ 2010-ական թվականներին պեղումների ժամանակ հայ հնագետների կողմից հայտնաբերված հուշարձաններ։ Ցուցահանդեսի վերջին բաժինը նվիրված է Պուշկինի թանգարանում Ուրարտուի մշակույթի ուսումնասիրությանը։

Ցուցահանդեսը նվիրված է արեւելագետ, Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի Հին Արեւելքի բաժնի վարիչ Սվետլանա Խոջաշի ծննդյան 100-ամյակին:

 

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՑ

2023 թվականի՝ ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի եւ Եվրոպայի մեծահասակների չեմպիոն Վազգեն Թեւանյանը հոկտեմբերի 27-ին դարձավ 24 տարեկան: Ըմբիշը ծննդյան տարեդարձը նշել է Ֆրանսիայում՝ Փարիզում: Ավելի ուշ մարզիկի ինստագրամյան էջից տեղեկացանք, որ նա սիրելիին ամուսնության առաջարկություն է արել հենց Էյֆելյան աշտարակի մոտ: Նրա ընտրյալը Սոնա Մաթեւոսյանն է:

Հիշեցնենք, որ Վազգենը «Ժողովուրդ» օրաթերթի «Սպորտի ետնաբեմից» խորագրով շարքի շրջանակներում պատմել էր իր ծննդյան ամսաթվի եւ անվան կապի մասին՝ ասելով. «Իմ անունը հայրս ու հորեղբայրս են ընտրել: Ծնվել եմ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, եւ հենց այդ օրվա դեպքերի, իրադարձությունների հետ կապված՝ ինձ անվանակոչել են Վազգեն՝ ի պատիվ Վազգեն Սարգսյանի»։

Հավելենք նաեւ, որ Թեւանյանը վերջերս Բելգրադում կայացած աշխարհի առաջնությունում 3-րդ տեղն է գրավել եւ նվաճել՝ 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԸՆԿԵՐՆԵՐԸ՝ ՄԵԹՅՈՒ ՓԵՐԻԻ ՄԱՍԻՆ

«Ընկերներ» կուլտային սերիալի դերասանական կազմը սգում է իրենց նախկին գործընկեր Մեթյու Փերիի կորուստը։

CNN-ին տրամադրված համատեղ հայտարարության մեջ Ջենիֆեր Էնիսթոնը, Քորթնի Քոքսը, Լիզա Քուդրոուն, Դեյվիդ Շվիմերը եւ Մեթ Լեբլանը գրել են. «Մենք անասելի ջախջախված ենք Մեթյուի կորստից: Նկարահանման հրապարակում մենք ավելին էինք, քան, պարզապես, գործընկերներ: Մենք ընտանիք էինք: Այնքան շատ բան կա, որ ուզում ենք ասել, բայց այժմ ժամանակ կհատկացնենք այս անժամանակ կորուստը վերանայելու համար: Ժամանակի ընթացքում ավելին կասենք, երբ կարողանանք։ Այս պահին մեր մտքերն ու սերը Մեթիի ընտանիքի, ընկերների եւ բոլոր նրանց հետ են, ովքեր սիրում էին նրան ամբողջ աշխարհում»:

Փերին մահացել է անցած շաբաթ օրը Լոս Անջելեսի իր տանը: Նա 54 տարեկան էր։ Դերասանը 1994-ից 2004 թվականներին նկարահանվել է NBC-ի Friends/«Ընկերներ» սիթքոմում՝ մարմնավորելով Չենդլեր Բինգի՝ հմայիչ եւ հեգնական երիտասարդի կերպարը: Շոուն իր ժամանակներում ամենահայտնիներից էր, եւ մինչ օրս շարունակում է գրավել երիտասարդ լսարանին: Իր դերի համար Փերին 2002 թվականին նոմինացվել էր «Էմմի» մրցանակի, իսկ 2021 թվականին նա առաջադրվել էր նաեւ որպես HBO Max-ի հատուկ՝ «Ընկերներ. վերամիավորում» ֆիլմի գործադիր պրոդյուսեր։ Կիրակի օրը «Ընկերներ»-ի համահեղինակներ Մարթա Քաուֆմանը եւ Դեյվիդ Քրեյնը, ինչպես նաեւ գործադիր պրոդյուսեր Քեւին Բրայթը նույնպես հանդես էին եկել ցավակցական խոսքով՝ նշելով, որ «ցնցված եւ խորապես վշտացած են սիրելի ընկեր Մեթյուի մահից»:

«Մենք միշտ կգնահատենք այն ուրախությունը, թեթեւությունը եւ  հնարամտությունը, որը նա դնում էր ոչ միայն իր աշխատանքի, այլեւ կյանքի ամեն պահի մեջ: Նա միշտ սենյակի ամենազվարճալի մարդն էր։ Նա առատաձեռն էր ու անձնազոհ… Մեր սրտերն, իսկապես, կոտրված են»,-ասվում է հայտարարության մեջ։

«Ընկերների» դերասանական կազմի միջեւ եղած քիմիան դուրս էր եկել նրանց էկրանային խաղի սահմաններից: Դերասանները կապը պահում են 2004 թվականից՝ շոուի ավարտից ի վեր։

«Նրանք շատ սիրելի են ու համախմբված»,-ասել է Փերին 2021 թվականին՝ Entertainment Tonight-ին տված իր հարցազրույցի ժամանակ,-«Երբ մենք տեսնում ենք միմյանց, դա շատ հուզիչ հանդիպման է վերածվում»,-հավելել է նա:

 

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ «ՈՍԿԵ ԳՆԴԱԿԸ»

Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի եւ Մայամիի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին 8-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակ»-ը:

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ` «France Football»-ի պարբերականի կողմից տրվող ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցանակը ռեկորդային` 8-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ»-ին:

Լիոնել Մեսին «Ոսկե գնդակ»-ի արժանացել էր նաեւ 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019, 2021 թվականներին:

Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը  Ջուդ Բելինգեմն է, Մադրիդի «Ռեալ»-ի բրազիլացի հարձակվող Վինիսիուսը  արժանացել է Սոկրատեսի անվան մրցանակին (այն տրվում է մարդասիրական գործունեությամբ զբաղվող ֆուտբոլիստներին), լավագույն դարպասապահ` Լեւ Յաշինի անվան մրցանակին արժանացել է Արգենտինայի հավաքականի եւ անգլիական «Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը, իսկ Գերդ Մյուլերի անվան մրցանակը (տրվում է ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստին) արժանացել է Էրլինգ Հալանդը:  Կանանց  ֆուտբլոում «Ոսկե գնդակին» արժանացել է Կատալոնական «Բարսելոնայի» կանանց թիմի կիսապաշտպան Աիտանա Բոնմատին:

Հավելենք նաեւ, որ աշխարհի չեմպիոն, Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 36-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ավելի շատ «Ոսկե գնդակ» է ստացել, քան որեւէ այլ երկրի բոլոր ներկայացուցիչները միասին, հաղորդում է ESPN-ը։

Մեսին 8-րդ անգամ արժանացավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին եւ գերազանցեց Գերմանիային, Ֆրանսիային, Նիդերլանդների եւ Պորտուգալիային, որոնց ներկայացնող ֆուտբոլիստներն ունեն 7-ական «Ոսկե գնդակ»։

1956-1994 թվականների «Ոսկե գնդակը» ստանում էին միայն եվրոպական երկրները ներկայացնող ֆուտբոլիստները։

Արգենտինացի հարձակվողը ոչ Եվրոպական առաջնություն ներկայացնող առաջին ֆուտբոլիստն է, որն արժանանում է այս մրցանակին։

 

 

 

Ո՞Վ Է ՈԳԵՇՆՉՈՒՄ

«Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունում աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի (մինչեւ 21) մրցանակին արժանցած 20-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը («Ռեալ Մադրիդ») նշել է, թե անցյալի որ ֆուտբոլիստն է իրեն ոգեշնչում։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս մրցանակի համար։ Զիդանն այն ֆուտբոլիստն է, որը ոգեշնչում է ինձ։ «Ռեալում» նրա խաղային համարը (5) վերցնելը դրանով է պայմանավորված։ Բայց ես դեռ երկար ուղի պետք է անցնեմ, որպեսզի հասնել Զիդանի արածին»,- Բելինգեմի խոսքը մեջբերում է Marca-ն։

Բելինգեմն այս ամռանն է Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել Արքայական ակումբ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2029թ. հունիս։

 

 

 




Լրահոս