Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է ոստիկանների գործողություններին։ Խոսքը հատկապես բողոքի ակցիաների մասին է, երբ նշվում է, որ ոստիկանները հաճախ անհամաչափ ուժ են կիրառում։
Ղազարյանը կարծում է, որ ոստիկանները միջամտում են միայն այն ժամանակ, երբ ակցիայի մասնակիցներն են հրահրում։
-Արդա՞ր է, երբ պատգամավորին ծեծում են, բռնություն են կիրառում, իսկ հայրիկը ընդամենը վեճի էր բռնվել, նրա նկատմամբ գործ հարուցվեց:
-Հիմա քրեական վարույթ է ընթանում, ես այդ հարցին ինչպե՞ս կարող եմ պատասխանել:
-Պարո՛ն Ղազարյան, ընտրովի արդարադատություն է տեղի ունենում, դրա համար են պարբերաբար Ներքին գործերի նախարարությանը մեղադրում՝ ասելով, որ զինվորի հայրը հայհոյեց պատգամավորին, միանգամից բռնեցին, կալանավորեցին:
-Եռաբլուրի դեպքով կա քրեական վարույթ: Ճիշտ կլինի, որ այդ հարցն ուղղեք Քննչական կոմիտեին:
-Ըստ Ձեզ՝ որպես ներքին գործերի նախարարի, ե՞րբ պիտի վերջ դրվի այս ընտրովի արդարադատությանը:
-Ես ցավում եմ, որ այդ միջադեպը եղավ, որպես մարդ ես իրապես ցավում եմ:
-Վերջ կլինի՞ այս ընտրովի արդարադատությանը, պարո՛ն Ղազարյան: Վստահ լինե՞նք, որ մեր իրավապահ համակարգն այլեւս ՔՊ-ականներին չի ծառայի եւ ամեն ինչ կանի օբյեկտիվ եւ արդար:
-Դուք տեսե՞լ եք նման բան մեզնից: Օրինակ՝ հանրահավաքների կամ բողոքի ակցիաների ժամանակ եթե կազմակերպիչները չեն հրահրում, ոստիկանները չեն գնում որեւէ քայլի: Տեսել եք, չէ՞, թե ինչպես էին քարեր շպրտում կառավարության շենքի ուղղությամբ, ինչպես էին ավտոպահեստամասեր շպրտում, շշեր շպրտում:
-Հասկանալի է, բայց կան իրավիճակներ, որոնք հակառակն են ցույց տալիս, պարո՛ն Ղազարյան:
-Դե Դուք մեր տեսանկյունից էլ նայե՛ք:
-Մենք համադրում ենք փաստերը: Պարո՛ն Ղազարյան, իսկ Եռաբլուրում, երբ ծնողների ձեռքերից, ոտքերից քաշեցին, տարան, դեռեւս ոչ մի ոստիկան չի՞ կալանավորվել:
-Ինձ դուր չի գալիս, որ Դուք այդ թեման անընդհատ խմորում եք:
-Պարո՛ն Ղազարյան, մեզ համար զոհված տղաների ծնողներն են, ախր:
-Մի բան ասեմ. ես՝ որպես հայ, որպես ծնող, կարող եմ ասել, որ իմ տղան էլ է գնացել այնտեղ, չգիտեմ՝ ինչքանով եք դուք տեղյակ:
-Տեղյակ չենք, պարո՛ն Ղազարյան, սակայն շնորհակալ ենք նաեւ իրեն մեր այսօրվա կյանքի համար, բայց հարցը այլ է, պարո՛ն Ղազարյան: Ծնողներին ձեռք ու ոտքից բռնած տանեն ու ոչ մի բա՞ն:
-Կա քրեական վարույթ, օրինակ՝ Պողոս Պողոսյանին կճանաչեն մեղավոր, պատիժ կստանա:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԸ՝ ԿՌՎԱԽՆՁՈ՞Ր
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ արդեն տեւական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է նախագահական նստավայր՝ Բաղրամյան 26, եւ զբաղեցրել նախագահի աշխատասենյակը, քանի որ կառավարության շենքում հերթական վերանորոգումն է իրականացվում:
Գրել էինք նաեւ, որ վերանորոգումը սկսվել է դեռեւս 2023 թվականի մայիսի 8-ին եւ պիտի ավարտվեր սեպտեմբերի 5-ին, սակայն, մեր տեղեկություններով, չնայած արդեն նոյեմբեր ամիսն է, բայց Փաշինյանը շարունակում է դեռ մնալ Բաղրամյան 26-ում: Տեղեկացանք՝ պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն ավելի հարմարավետ ու պաշտպանված է զգում նախագահականում, քան իր նստավայրում, դրա համար էլ ձգձգվում է նրա տեղափոխությունը:
Ինչպես գիտենք, կառավարության շենքի դիմաց գրեթե ամեն օր բողոքի ակցիաներ են տեղի ունենում, թե՛ ընդդիմադիրները, թե՛ տեղահանված արցախցիները, թե՛ այս իշխանություններից դժգոհ քաղաքացիները սովորաբար իրենց ակցիան իրականացնում են այնտեղ: Ահա սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում տեղափոխվել կառավարություն՝ իր աշխատասենյակ:
Այս ամենից, սակայն, դժգոհ է Վահագն Խաչատուրյանը, որը չի կարողանում իր աշխատասենյակ վերադառնալ ու ստիպված այլ աշխատասենյակում է նստում այս ընթացքում:
ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Մոտ մեկամսյա դադարից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերջին օրերին հաճախակի վարչության նիստեր է անում:
Նախ նիստ էին արել երկուշաբթի օրը, վարչության որոշմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի խորհրդի նախագահ էր նշանակվել Գոհար Սաֆարյանը, իսկ քարտուղար՝ Պապին Բաղդասարյանը։
Երեկ նույնպես Քաղաքացիական պայմանագիրը նիստ էր արել. ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Եղեգնաձորի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել էր Մուշեղ Ներսիսյանի թեկնածությունը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչության նիստերը երկար չեն տեւել, եւ քննարկվել են բացառապես ներկուսակցական հարցեր:
Տեղեկացանք նաեւ, որ Արցախից բռնի տեղահանվածների խնդիրները կամ անվտանգային այլ հարցեր եւս չեն քննարկվել։
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՐԵԼ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի մասով որոշում է կայացրել եւ մերժել նրա պաշտպանի բողոքը: Արդյունքում Բազեյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 29-ին Ալբերտ Բազեյանը կալանավորվեց 2 ամսով, եւ նրա կալանքի հարցով բողոք էր ուղարկվել ՀՀ վերաքննիչ դատարան, դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու՝ պաշտպանների միջնորդությունը։ Նշենք, որ Մխիթարյանը այն դատավորն է, որին Կարեն Անդրեասյանը կարգել է որպես ՀՀ վերաքննիչ դատարանում «իր աչք ու ականջներ»։ Հավելենք, որ, ըստ ԱԱԾ-ի, «Խաչակիրներ» ռազամահայրենասիրական ՀԿ անդամները, ինչպես նաեւ Ալբերտ Բազեյանը եւ այլ անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների եւ ղեկավարի նկատմամբ գաղափարական թշնամանք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով եւ դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին: Հանցավոր խմբի անդամները ձեռք են բերել հեռահաղորդակցության սարքեր, հեռախոսային ու այլ կապը խլացնող սարքեր, հանցանքի կատարումը հեշտացնող միջոցներ եւ գործիքներ, ինչպես նաեւ դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդկերպ նախապատրաստվելով կատարել նախնական համաձայնությամբ, խմբի կազմում իշխանության յուրացում, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել եւ խափանվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
ՉԵՆ ՀԱՆՐԱՅՆԱՑՆՈՒՄ
ՔՊ-ական պատգամավորները շարունակում են պետբյուջեի հաշվին գործուղումների մեկնել:
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ-ից տեղեկացավ, որ նոյեմբերի 8-11-ը Բրյուսել կգործուղվեն Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատգամավորներ Արման Եղոյանը եւ Սոնա Ղազարյանը:
Թե ինչ օրակարգով են ՔՊ-ականները մեկնում Բրյուսել, հայտնի չէ. ԱԺ նախագահի համապատասխան որոշման մեջ ոչինչ նշված չէ այդ մասին:
Նկատենք, որ նախկինում մշտապես որոշման մեջ հստակեցված է եղել, թե ինչ օրակարգով են գործուղումների մեկնում պատգամավորները եւ ինչ հանդիպումներ են ունենալու, բայց վերջերս բաց ու թափանցիկ կառավարության մասին օրուգիշեր խոսող ՔՊ-ականները անգամ հարկ չեն համարում իրենց գործուղումների օրակարգը հանրայնացնել: