ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բաժնի ղեկավար Դորոտա Դլուչի-Սուլիգան, շնորհակալություն հայտնելով արցախահայության հումանիտար վիճակի, Արցախին եւ Հայաստանին սպառնացող անվտանգային մարտահրավերների մասին ահազանգող նամակներիս, վերահաստատել է Եվրոպական Միության աջակցությունն արցախահայերի իրավունքների պաշտպանությանը եւ Հայաստանի անվտանգությանը։ Նա, մասնավորապես, գրել է. «…Եվրամիությունն ուշադրությամբ հետեւում եւ արձագանքում է տարածաշրջանում ընթացող զարգացումներին։ ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով ներգրավված է՝ օգնելու մեղմել խաղաղ բնակչության վրա ներգործող հումանիտար ազդեցությունը եւ խուսափել իրավիճակի հետագա վատթարացումից:
Եվրամիությունը դատապարտում է սեպտեմբերի 19-ին եւ 20-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ իրականացված ռազմական գործողությունը, որը պատճառ դարձավ ավելի քան 100500 փախստականների՝ դեպի Հայաստանի Հանրապետություն արտահոսքի։ Մենք ցավում ենք այս էսկալացիայի հետեւանքով կրած զոհերի եւ մարդկային կորուստների համար։
Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին ապահովել արցախահայերի իրավունքներն ու անվտանգությունը, այդ թվում՝ տեղահանվածների համար իրենց տներ վերադառնալու իրավունքը։ Ղարաբաղի հայերի մշակութային ժառանգությունն ու սեփականության իրավունքները պետք է պաշտպանվեն։
Հաշվի առնելով տարածաշրջանում հրատապ հումանիտար կարիքները՝ Եվրամիությունը եւ անդամ երկրները մարդասիրական օգնություն են մոբիլիզացրել Հայաստանում գտնվող տեղահանվածների համար։ ՀՀ կառավարության խնդրանքով՝ ԵՄ-ն ակտիվացրել է քաղաքացիական պաշտպանության իր մեխանիզմը։ Հոկտեմբերի 5-ին նախագահ Ֆոն դեր Լեյենը հայտարարեց 10,45 միլիոն եվրո արժողությամբ հավելյալ մարդասիրական օգնության փաթեթի մասին: Ավելին՝ հանձնաժողովը հայտնեց Հայաստանին 15 միլիոն եվրո բյուջետային աջակցության մասին՝ սոցիալ-տնտեսական կարիքները հոգալու եւ սննդամթերքի ու վառելիքի ձեռք բերմանն աջակցելու համար: Հայաստանն օգուտներ կստանա նաեւ «ԵՄ-ն հանուն խաղաղության» ծրագրից, որը համալրվելու է լրացուցիչ 800,000 եվրոյով։
Եվրամիության արտաքին գործերի նախարարները մտադիր են քննարկել Հայաստանի անվտանգությանն ու տոկունությանը, ինչպես նաեւ ժողովրդավարական ինստիտուտների կայունությանն աջակցելուն ուղղված հետագա գործողությունները։ Միեւնույն ժամանակ, Հայաստանում Եվրոպական Միության առաքելությունը շարունակում է վերահսկել անվտանգային իրավիճակն Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմում։
ԵՄ-ն հավատարիմ է մնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների անհապաղ վերսկսմանն աջակցելուն՝ խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարով։ Այդ նպատակով մենք սերտ կապի մեջ ենք Բաքվի եւ Երեւանի համապատասխան մարմինների հետ»,- նշել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բաժնի ղեկավարը»։
ԽՈՍՆԱԿԸ՝ ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն արձակուրդում է:
«Ժողովուրդ» օրաթերթը Կառավարությունից տեղեկացավ, որ, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Նազելի Բաղդասարյանը 10 աշխատանքային օր տեւողությամբ արձակուրդ է մեկնել՝ հոկտեմբերի 24-ից մինչեւ նոյեմբերի 6-ը ներառյալ:
ՆԵՐԿԱ ՉԻ ԵՂԵԼ
ԱԺ-ում երեկ շարունակվում էին «Բյուջե-2024» նախագծի քննարկումները։
«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը հայտնում է, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա չի եղել նախագծի քննարկումներին։
ՆՇԱՆԱԿՎԵՑ ՏՆՕՐԵՆ
«Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ միակ բաժնետեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու որոշմամբ՝ 2023թ. նոյեմբերի 1-ից «Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ տնօրենի պաշտոնը կրկին ստանձնել է պրոֆեսոր, բ.գ.դ. Արմեն Գերասիմի Չարչյանը. հայտնում է բուժկենտրոնի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք՝ Արմեն Չարչյանը հոկտեմբերի 23-ին վայր էր դրել պատգամավորական լիազորությունները։
ՊՐԻԳՈԺԻՆԻ ՈՐԴԻՆ ՈՒ «ՎԱԳՆԵՐԸ»
Սանկտ Պետերբուրգի գործարար Եվգենի Պրիգոժինի որդին՝ Պավել Պրիգոժինը, ռուսական գվարդիայի կազմում դարձել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության (PMC) ղեկավար։ Այս մասին 59.ru պորտալին հայտնել է Պերմի մարզում կազմակերպության ներկայացուցիչը։
Ինչպես հայտնի է դարձել պարբերականին, վագներցիներն այժմ ռուսական գվարդիայի մաս են կազմում եւ նրա ստորաբաժանումն են։
Նա նշել է, որ կրկին սկսել են կամավորներ հավաքագրվել «Վագների» կազմում: Ըստ կազմակերպության ներկայացուցչի՝ կա մեկ տարբերություն: «Մենք տանում ենք միայն քաղաքացիական անձանց, ոչ թե ազատազրկման վայրերից»,- նշել է 59.ru-ի զրուցակիցը։
Որոշ Telegram ալիքներ տեղեկատվություն են տարածել, որ պայմանագրեր կկնքվեն բոլորի հետ, որոնք ցանկանում են դառնալ «Վագներ»-ի անդամ։ Նրանք պատրաստ են պայմանագրեր ստորագրել 20-ից 55 տարեկան քաղաքացիների հետ։
ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը նոյեմբերի 3-ին կայցելի Հայաստան, որից հետո կմեկնի Ադրբեջան։ Այս մասին Բեռլինում լրագրողներին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
«Նախարարը ուրբաթ առավոտյան կմեկնի Հայաստան եւ Ադրբեջան։ Նախ նա կժամանի Երեւան, որտեղ կհանդիպի իր գործընկեր (խմբ.՝ Արարատ) Միրզոյանի հետ», – Գերմանիայի ԱԳՆ խոսնակի խոսքերն է մեջբերում «ՏԱՍՍ»-ը։
Ըստ հրապարակման՝ Բերբոքը նախատեսում է նաեւ այցելել Հայաստանում Լեռնային Ղարաբաղի փախստականների տեղավորման կենտրոն: Նոյեմբերի 4-ին նա կուղեւորվի Բաքու, որտեղ նախատեսված են բանակցություններ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաեւ հանդիպում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
«Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը հանդես է գալիս տարածաշրջանում կայուն խաղաղության, քաղաքական եւ տնտեսական դիվերսիֆիկացիայի օգտին», – ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը:
ՆՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿ՝ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը Եղեգնաձորում բացել է իր գլխամասային գրասենյակը: Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հայտարարել է, որ տարածաշրջանն արժանի է տեւական խաղաղության եւ կայունության, հույս հայտնել, որ միասին կկարողանան նպաստել այդ նպատակի իրականացմանը։
Մարկուս Ռիտերն ընդգծել է, որ առաքելության գործունեության 8 ամիսների ընթացքում դրան միացել է Եվրամիության 23 երկիր՝ գործուղելով 93 դիտորդի: Գրասենյակի բացման արարողության ընթացքում դիտորդական առաքելության ղեկավարը հայտնել է, որ այս պահին իրենք կարողանում են դիտորդություն իրականացնել Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով:
«Սահմանային իրավիճակը շատ հանգիստ է, մեր դիտորդները, որոնք ամեն օր շրջում են, չեն արձանագրել լարվածության աճ: Ակնհայտ է, որ հանգիստ շրջան է: Մենք ունենք վեց գրասենյակ ՀՀ-ում, մեր դիտորդները շրջում են ոչ միայն սահմանային գոտում, այլեւ դրան մոտ գտնվող համայնքներում ու բնակավայրերում, որոնք հակամարտության ազդեցությունն իրենց վրա են զգում: Կարող եմ ասել, որ դիտորդների 1/3-ը գնում է սահման, իսկ 2/3-ը՝ համայնքներ: Դիտորդական առաքելության մանդատի ընդլայնման եւ դիտորդների թվի մեծացման հարցը պետք է քննարկվի Բրյուսելում այս տարեվերջին. մենք սպասում են արդյունքներին»,- ասել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը:
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԻՄՆԱՆՊԱՏԱԿ
«Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը Եվրամիության հիմնական նպատակներից մեկն է»,- հայտարարեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։
«Հոկտեմբերի սկզբին Գրանադայում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Եվրամիությունը կրկին դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունը եւ ընդգծել է Հայաստանի եւ Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի անհրաժեշտությունը։ Մենք շարունակում ենք նվիրված լինել այս ջանքերին։ Մեր անմիջական ուշադրության կենտրոնում են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակիչների մարդասիրական կարիքները, որոնք ապաստան են գտել Հայաստանում»,- ասաց նա։
Դեսպանը հավելեց, որ ԵՄ-ն եւ Հայաստանը վճռական են ամրապնդելու իրենց կապերը՝ աշխատելով Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ ԵՄ տնտեսական եւ ներդրումային պլանի ամբողջ ներուժը բացահայտելու ուղղությամբ։