«Հայաստանում եթե երբեւէ եղել է ընտրովի արդարադատություն, ապա դա վաղուց պատմություն է»,- նոյեմբերի 1-ին ԱԺ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հարցին։
«Եթե կան կոնկրետ, ուղիղ դեպքեր, որոնք Ձեզ հետաքրքրում են, ընդ որում՝ եթե ես ճիշտ հասկացա, Ձեր վկայակոչած դեպքերի մի մասը դեռեւս քննության փուլում են, մի մասով չեմ բացառում, որ քննությունն ավարտվել է»,- ասաց ՔԿ նախագահը։
ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի հրապարակային արած «ականջդ կկտրեմ», «լեզուդ կկտրեմ» արտահայտություններին եւ հարցին՝ արդյոք դրանք քրեորեն պատժելի չեն, Քյարամյանը խուսափեց պատասխանելուց. «Կոնկրետ դեպքի չեմ ուզում անդրադառնալ։ Ես հաստատ կաշկանդված չեմ։ Ես կխնդրեմ, որ կոնկրետ հարցում ուղարկեք, վստահեցնում եմ՝ մանրամասն կներկայացնենք։ Քրեական դատավարության օրենսգրքով պետք է լինի հանցագործության հաղորդում, որը կարող են տալ։ Կարծում եք՝ ես բոլոր գործերին տիրապետո՞ւմ եմ. բացարձակ տեղեկացված չեմ այդ գործի մասին։ Կգնամ, կճշտեմ, կասեմ»։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ընդդիմության հասցեին արված հայտարարություններին, օրինակ՝ այն, որ ընդդիմությանը կուղարկի Բաքու, «Վարդաշեն» ՔԿՀ եւ այլն, եւ հարցին՝ արդյոք ՔԿ-ն ուսումնասիրել է այդ հայտարարությունը, Քյարամյանն ասաց. «ՔԿ-ն հայտարարություններ ուսումնասիրելու լիազորություն չունի։ Մենք նախաքննական մարմին ենք, իրականացնում ենք բացառապես նախաքննություններ»։
Հարցին՝ ԱՀ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրավիրվել են արդյոք ՔԿ՝ հարցաքննության, Քյարամյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց. «Այդ հարցին չեմ պատասխանի, որովհետեւ կան վարույթներ, որոնցով նախաքննությունը հրապարակման ենթարկման չէ»։
Անդրադառնալով ՔԿ-ում նախաձեռնված՝ Արցախում տեղի ունեցած ռազմական հանցագործությունների առնչությամբ նախաձեռնված վարույթներին՝ Քյարամյանն ասաց. «Խոսքը վերաբերում է բացառապես էթնիկ զտման համատեքստում հարուցված քրեական գործին, որովհետեւ ՔԿ-ն Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ քննություն իրականացնելու իրավասություն չունի։ Կան միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ, օրինակ՝ ագրեսիվ պատերազմ, պատերազմական հանցագործություններ, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, այդ թվում՝ էթնիկ զտումը, որը ցեղասպանության հանցակազմի տարր է, որը մեր ազգի հետ տեղի ունեցավ, դրա վերաբերյալ կա հարուցված քրեական վարույթ։ Դա վերաբերում է ինչպես մինչեւ ռազմական գործողությունները տեղի ունեցած իրողություններին (խոսքը 2022-ի դեկտեմբերից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը եւ այդկերպ էթնիկ զտման համար նախադրյալներ ստեղծելու մասին է), այնպես էլ դրանից հետո ականատես եղանք, որ կարճ ժամանակահատվածում մեր ազգաբնակչության 100 հազար ներկայացուցիչներ լքեցին իրենց բնօրրանը՝ ստիպված լինելով, մահվան սպառնալիքի տակ»։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից գերեվարման դեպքերին՝ Քյարամյանն ասաց. «Քննություն պետք է անենք։ Կան նաեւ ոչ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք գերեվարված են, եւ այդ անձանց գերությունը հաստատված է։ Մենք ինտենսիվ զբաղվում ենք եւ՛ բարձրաստիճան պաշտոնյաների, եւ՛ ոչ բարձրաստիճան պաշտոնյաների գերեվարման, խոշտանգման եւ ցանկացած հարցերով, որոնք վերաբերում են մարդկության դեմ ուղղված հանցակազմին»։
Դիտարկմանը, որ երբեք ՔԿ նախագահն այդպիսի ուժեղացված անվտանգություն չի ունեցել, ինչպես այժմ իրենն է, եւ հարցին՝ արդյոք իրեն սպառնում են, Քյարամյանն ասաց. «Ես չեմ հետեւել՝ նախկին նախագահները ինչ անվտանգություն են ունեցել, բայց այս հարցը ես չեմ որոշում։ Ինձ բացարձակ չեն սպառնում»։
ԹՄՐԱՄԻՋՈՑ Է ԻՐԱՑՐԵԼ
2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն 1 հասցեի դիմաց կազմակերպված զանգվածային անկարգությունների մասնակից Մ.Ա.-ն քննությամբ դեռեւս չպարզված հանգամանքներում ձեռք է բերել եւ իրացնելու նպատակով իր մոտ պահել 3,78 գրամ քաշով Մարիխուանա տեսակի թմրամիջոց:
Դատախազությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ դատախազը 2023 սեպտեմբերի 20-ին Մ.Ա.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով (իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ, մեկ ուրիշի դրդմամբ, նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի ձեռք բերելը):
2023 թվականի սեպտեմբերի 21-ին Մ.Ա.-ին ներկայացվել էր մեղադրանք: Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառված է կալանքը:
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 30-ին հաստատել է Մ.Ա.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը եւ վարույթի նյութերի հետ հանձնել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Նշենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին հարուցված քրեական վարույթի նախաքննությունը` զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածներով, շարունակվում է:
ԱՌԳՐԱՎԵԼ ԵՆ ՀՐԱՑԱՆԸ
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Ախուրյան բնակավայրի 13-ամյա անչափահաս տղան «Տիր» տեսակի հրացանով կրակել է գետնին, որի արդյունքում մետաղյա փամփուշտը հետ հարվածով դիպչել է 11-ամյա անչափահաս աղջիկ երեխայի կրծքավանդակի աջ մասին, որի հետեւանքով վնասվել է աղջիկ երեխայի թոքը։
11-ամյա աղջկա վիճակը ծանր է։ Իրավապահները առգրավվել են հրացանը։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ
Հայաստանում այս տարվա 9 ամիսների ընթացքում արձանագրված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 482-ով:
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:
«Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի 9 ամիսների ընթացքում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 1088 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 606 դեպքի դիմաց: Այսինքն՝ աճը կազմել է 482 դեպք կամ 79.5 տոկոս»,-ասաց Խաչատրյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեում, 9 ամիսների տվյալներով, քննվել է 1498 քրեական վարույթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 861 վարույթի դիմաց: Այսինքն՝ վարույթում եղած գործերն ավելացել են 637-ով կամ 74 տոկոսով:
«Իրավական վիճակագրության հանրահայտ կանոնն է, որ հանցավորության վիճակը գնահատելիս կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի աճը պետք է դիտարկել որպես դրական երեւույթ: Այսինքն՝ տվյալ դեպքում մենք ունենք ոչ թե կոռուպցիոն դեպքերի իրական աճ, այլ կոռուպցիոն դեպքերի բացահայտման աճ»,-ասաց Խաչատրյանը՝ սա համարելով Հակակառուպցիոն կոմիտեի գործունեության ցուցանիշ:
9 ամիսների կտրվածքով մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 134 քրեական վարույթ՝ 286 անձի վերաբերյալ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 68՝ 166 անձի դիմաց: Այսինքն՝ այս տարվա 9 ամսում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վարույթների թիվը, նախորդ տարվա 9 ամիսների համեմատ, ավելացել է 66-ով կամ 97 տոկոս, իսկ դատի տրված անձանց թիվը՝ 120-ով կամ 72 տոկոսով: Ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով կարճվել է 25 վարույթ՝ 122 անձի նկատմամբ՝ նախորդ տարվա 11 վարույթ՝ 45 անձի դիմաց:
«Դատարան ուղարկված գործերով 286 անձանցից 52-ը մեղադրվել են կաշառք ստանալու, 117-ը՝ կաշառք տալու, 9-ը՝ կաշառքի միջնորդության համար, 14-ը մեղադրվել են պաշտոնական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու համար: 15-ը մեղադրվել են պաշտոնական կեղծիքի համար, 58-ը՝ պաշտոնական դիրքի օգտագործմամբ հափշտակության համար, 3-ը՝ փողերի լվացման, 18-ը կոռուպցիոն հանցանքներ կատարելու համար»,-ասաց Խաչատրյանը՝ այս ցուցանիշները համարելով աննախադեպ: