ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի շարք մարմինների բյուջեները նախատեսվում են վարչապետի աշխատակազմի տողով. դրանք են տեսչական մարմինները, ԱԽ գրասենյակը, քաղծառայության գրասենյակը, տեսչական մարմինների համակարգման գրասենյակը, Մարդու իրավունքների եվրոպական ներկայացուցչի գրասենյակը, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը: «Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 1-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ 2024թ.-ի բյուջեով վարչապետի աշխատակազմի ծախսերն ավելացվել են;

 

«Այսինքն՝ այդ 24,5 մլրդ դրամը նախատեսված է այս բոլոր մարմինների գործունեության ապահովման համար»,- ասաց նա:

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ խոսելով ծառայողական ավտոմեքենաների կրճատումից՝ Արմենակ Խաչատրյանն ասաց, որ դա կառավարության ստանձնած հանձնառությունն է, որը հստակ քայլ առ քայլ առաջ է գնում:

«Ինչ վերաբերում է վարչապետի աշխտակազմի ծառայողական ավտոմեքենաների թվի կրճատմանը, ես այս պահին կոնկրետ թիվը չեմ հիշի, բայց անցած տարի 70 կամ ավելի մեքենաներից հիմա 40 ավտոմեքենա կա վարչապետի աշխատակազմում: Ընդ որում՝ այդ 40-ի մեջ միայն ծառայողական մեքենաներ չեն. այնտեղ կան նաեւ ավտոբուսներ, որոշակի տրանսպորտային միջոցներ: Կոնկրետ ծառայողական ավտոմեքենաները, այնպիսին, ինչպիսին դուք եք հասկանում, վարաչպետի աշխատակազմի բալանսում վարչապետին սպասարկող մեքենան է, փոխվարչապետներին սպասարկող մեքենաներն են, վարչապետի աշխատակազմի ղեկավարին սպասարկող մեքենան է, ԱԽ քարտուղարին սպասարկող մեքենան է,  նախկին նախագահներին սպասարկող մեքենաներն են: Մնացածը հերթապահ սպասարկող ավտոմեքենաներ են, որոնցից, ըստ անհրաժեշտության, օգտվում են աշխատակազմի բոլոր աշխատակիցները, այդ թվում՝ ես:

Օրինակ՝ այսօր ես եւ իմ գործընկերները համապատասխան զեկուցագրի հիման վրա մեզ տրամադրված մեքենայով եկել ենք ԱԺ եւ այստեղից գնալու ենք վարչապետի աշխատակազմ: Ես այդ մեքենայով տուն չեմ գնում, տնից աշխատանքի չեմ գնում»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանին սպասարկող ուղեկցող մեքենաների թիվը 10-ով ավելացել է, Արմենակ Խաչատրյանը պատասխանեց. «Ոչ, չի ավելացել 10-ով: Ես գիտեմ՝ այդ հարցը որտեղից է գալիս, կառավարության 1666 որոշման մասին է խոսքը: Մենք այդ որոշմամբ հստակ սահմանափակել ենք ծառայողական ավտոմեքենաների օգտագործումը: Այսինքն՝ կառավարության որոշումով սահմանափակվել է, թե որոնք են ծառայողական ավտոմեքենաները:

Դա նոր որոշում է, նախկինում չի եղել, որ ասում եք՝ 10-ով ավելանում է: Բոլոր մարմինների համար նախատեսված է յուրաքանչյուր 100 աշխատողի կտրվածքով մեկ սպասարկող կամ հերթապահ ավտոմեքենա: Հաշվի առնելով, որ վարչապետի աշխատակազմում կա առանձնահատկություն, այսինքն՝ վարչապետի այցերն են կազմակերպվում, օրինակ՝ մարզ այցելության ժամանակ կոնկրետ աշխատակազմ պետք է վարչապետի հետ գործուղվի, ապա այդ դեպքում վարչապետի աշխատակազմը անհրաժեշտություն ունի որոշակի տարբերվող թվաքանակով մեքենաներ ունենալու:

Բայց այդ 10 մեքենաները մտնում են իմ նշած 40 ավտոմեքենաների մեջ, որը անցած տարի է նվազեցվել, դարձել 40: Հաջորդ տարի այս թիվը կա՛մ կմնա նույնը, կա՛մ կկրճատվի: Նորից եմ ասում՝ դրանք ծառայողական ավտոմեքենաներ չեն, որեւէ կոնկրետ անձի համար նախատեսված չեն, բխում են որոշակի գործառույթի կատարումից»:

Հարցին, թե արդյոք վարչապետի աշխատակազմին սպասարկող նաեւ հեծանիվ կա, Արմենակ Խաչատրյանն արձագանքեց. «Ես համարեմ, որ չեմ լսել ձեր հարցը»:

 

 

 

ՀԱՏԿԱՑՎԵՑ ՊԵՏԲՈՒՋԵԻՑ

Հայաստանի նախագահի աշխատակազմի համար 2024 թվականի պետական բյուջեի նախագծով հատկացվել է 1 միլիարդ 771 միլիոն 663 հազար դրամ, ինչը 3 միլիոն 34 հազար դրամով ավելի է՝ 2023 թվականի համեմատ։ «Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը։

 

«Նախագահի աշխատակազմի կանոնադրական լիազորությունների իրականացման համար 2 միջոցառումներով 1 ծրագրի համար 2024 թվականի համար ներկայացրել է 1 միլիարդ 771 միլիոն 663 հազար դրամի բյուջետային հայտ՝ 2023 թվականի 1 միլիարդ 686 միլիոն 361 հազար դրամի փոխարեն։ Տարբերությունը կազմում է 3 միլիոն 34 հազար դրամ, որը պայմանավորված է քաղաքացիական ծառայողների աշխատանքային ստաժի հետ կապված աշխատավարձի բնականոն աճով եւ աշխատակազմի համար նոր ցանցային սարքավորումների եւ հեռահաղորդակցության համակարգի ձեռքբերմամբ։ Հին համակարգը շահագործվում է ավելի քան 25 տարի, տեխնիկապես մաշված վիճակում է եւ աշխատում է անընդհատ խափանումներով, իսկ վերանորոգման ծախսերը բացարձակապես անարդյունավետ կլինեն։ Նոր ցանցային սարքավորումների եւ հեռահաղորդակցման համակարգի շնորհիվ կբարձրանա նախագահի աշխատակազմի գործունեության, ինչպես նաեւ պետական մարմինների, քաղաքացիների ու լրատվամիջոցների հետ փոխգործակցության որակն ու արդյունավետությունը»,- նշեց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ 2024 թվականի աշխատակազմի համար նախատեսված բյուջեի շուրջ 95,16 տոկոս նախատեսված է հանրապետության նախագահի գործունեության եւ ներկայացուցչականության ապահովման միջոցառման համար, իսկ 4,84 տոկոսը՝ նախագահի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավման համար։

2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ Հայաստանի պետական վերահսկողական ծառայության կարիքները հոգալու համար 2024 թվականին պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 956 մլն դրամ։

Սա, ըստ նրա, 477 մլն դրամով պակաս է 2023 թվականի հատկացումից:

«Կապիտալ ծախսերը կկազմեն ընդամենը 4 մլն 693 հազար դրամ։ Մնացած միջոցները կուղղվեն ընթացիկ ծախսերին»,- ասաց Հովհաննիսյանը։ Բաժինը պետք է իրականացնի ընդամենը 1 ծրագիր՝ 3 գործունեությամբ։

 

 

 

ՃՈԽ ՊԱՐԳԵՎԱՏՐՎՈՂ ՄԱՐԶՊԵՏԸ

«Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 9-ին տեղեկատվական հարցում է ուղարկել  վարչապետ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին։ Մարզպետը գրավոր պատասխանել է, թե հարցմանը պատասխանելու համար լրացուցիչ աշխատանքի կարիք կա, հարցմանը կպատասխանի մեկամսյա ժամեկտում: Այդ ժամանակահատվածն էլ, սակայն, բավարար չի եղել, որպեսզի նա լիարժեք պատասխանի հարցերին: Հոկտեմբերի 31-ին մարզպետարանից  ստացել եմ    հարցմանս  կիսատ-պռատ պատասխան։ Տեղեկատվական հարցման  մեջ, ի թիվս այլ հարցերի, հարցապնդում  էինք արել՝ սեպտեմբերի 23-ից մինչեւ հոկտեմբերի 8-ը կայացած ուսուցիչների կամավոր ատեստավորմանը Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների քանի ուսուցիչ է մասնակցել, նրանցից քանիսը ինչ արդյունքներ է ունեցել։ Մարզպետի պատասխանի մեջ նշված է. «Քանի որ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչները կամավոր ատեստավորմանն իրենք են հայտագրվում, հետեւաբար մենք չունենք նման տեղեկատվություն: Արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն կունենանք նոյեմբերի սկզբին»: Մարզպետարանը  համապատասխան նախարարությունների հետ միայն երկու ոլորտ է ղեկավարում՝ մարզի հանրակրթական դպրոցները եւ մարզի պետական  առողջապահական հիմնարկները։ Մարզպետը տեղյակ չէ 23 օր առաջ ավարտված տավուշցի ուսուցիչների ատեստավորման արդյունքներից. այդ տվյալները նա կարող էր ստանալ ԿԳՄՍ նախարարությունից կամ իր իսկ ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների տնօրեններց։ Նման վատ աշխատանքի համար այս տարվա ընթացիկ ժամանակաշրջանում մարզպետ Հ. Ղալումյանը եւ մարզպետարանի պաշտոնյաները աղքատ, վարկերի տակ կքած Հայաստանի պետական բյուջեից ավելի քան 56 միլիոն դրամ պարգեւավճար են ստացել։

 

 

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝  ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻՑ

Նոյեմբերյանի համայնքապետարանից հայտնում են, որ Արցախից տեղահանված, ներկայումս  Նոյեմբերյան համայնքում բնակվող մեր հայրենակիցների՝ 3 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող 28 ընտանիքների՝ 150.000-ական դրամ, 6 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող 2 ընտանիքների 300.000-ական դրամ աջակցություն  է  ցուցաբերել Ռուսաստանի  Կրասնոդարի  երկրամասի հայերի միությունը։ Վերջերս Ռոսաստանի  Տուլա քաղաքի հայ համայնքի բարերարությամբ Արցախից բռնի տեղահանված եւ Նոյեմբերյան համայնքում վերաբնակեցված՝ չորս եւ ավելի երեխաներ ունեցող 20 ընտանիքների տրվեց   հարյուր հազարական  դրամ օգնություն։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս