ՍՆՈՒՓ ԴՈԳԸ՝ ԿԵՆՍԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը չի կարող ասել, թե կոնկրետ երբ տեղի կունենա ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգը Երեւանում, որը նախատեսված էր սեպտեմբերի 23-ին, սակայն հետաձգվել է։

 

«Ես հիմա չեմ կարող կոնկրետ օր նշել, բայց ամեն ինչ արվում է, որ գա», – ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Հարցին՝ ինչու է դա մեկ անձից գնումով իրականացվել, կամ եթե դրամաշնորհ է հայտարարում կառավարությունը, ինչու բաց մրցույթ չի հայտարարվում, Արմենակ Խաչատրյանը պատասխանեց. «Կոնկրետ այս դեպքում շատ կոնկրետ առանձնահատկություն կա: Կոնկրետ կազմակերպությունը պայմանավորվածություն է ձեռք բերել արտիստի հետ, ջանք էր գործադրել, որից հետո դիմել էր կառավարությանը աջակցության խնդրանքով: Կառավարությունն էլ որոշել էր չմերժել»:

Լրագրողի հարցին` կենսական էր արդյոք այդ համերգը կազմակերպել սոցիալական այս ծանր իրավիճակում, Խաչատրյանը պատասխանեց. «Ցանկացած միջոցառում, որ կառավարությունը նախատեսել է անել, այո՛»:

Ի դեպ, հարցին անդրադարձել էր նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա ասել էր՝ եթե Սնուփ Դոգի գալիք համերգը տեղի ունենա, այն պետք է լինի բաց բոլորի համար:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դեռեւս սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում պետք է կայանար Սնուփ Դոգի երեւանյան համերգը, որի համար պետբյուջեից հատկացվել էր 6 միլիոն դոլար: Նախատեսված համերգից օրեր առաջ՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը սանձազերծեց հերթական անմարդկային գործողություններն Արցախի ու արցախցիների դեմ: Արցախահայությունը ստիպված էր բռնի կերպով լքել իր հայրենիքը, ավելի ուշ էլ՝ սեպտեմբերի 28-ին, Սամվել Շահրամանյանը ստորագրեց մի փաստաթղթի տակ, համաձայն որի՝ Արցախի Հանրապետությունը հունվարի 1-ից այլեւս գոյություն չի ունենա:

Այս ամենի ֆոնին անհանգստության ու մտահոգության ալիք էր բարձրացրել Սնուփ Դոգի երեւանյան համերգը: Մարդիկ պահանջում էին չեղարկել այն: Համերգը կազմակերպող ընկերությունը՝ «Դոպինգ Սփեյս»-ը, հանդես եկավ հայտարարությամբ, որից պարզ դարձավ, որ համերգը հետաձգվում է անորոշ ժամկետով:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ռեփերը գումարն ամբողջությամբ ստացել է, բայց կգա եւ «անվճար» կերգի, երբ ազատ օրեր ունենա իր գրաֆիկում:

Այս տեղեկությունից հետո բոլորին համակեց տեւական լռությունը. կարծես Հայաստանի պետբյուջեից չէ, որ հսկայական գումար է հատկացվել միջոցառման համար, որն այդպես էլ չկայացավ, եւ դեռ հարց է՝ կկայանա, թե ոչ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս պահին էլ բանակցություններ են ընթանում Սնուփ Դոգի հետ համերգի կայացման համար, սակայն թե ինչ արդյունքներ կտան այդ բանակցությունները, անհայտ է:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց համերգը կազմակերպող ընկերության՝ «Դոպինգ Սփեյս»-ի հիմնադիր Հայկ Սիմոնյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք կա հստակեցում այս մասով. «Առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ, այս պահին ոչինչ հստակ ասել չեմ կարող»:

 

 

 

ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Սիրուշոն ներկայացրել է արծաթյա զարդերի իր բրենդի՝ PreGomesh-ի նոր՝ գոտիների հավաքածուն, ու ներկայացրել հերոսուհու պատմությունը։

Նա գրել է, որ գովազդային հոլովակում նկարահանված Լիլիան ծնվել եւ մեծացել է Արցախում: «Նա իր 2 ամսական որդուն՝ Մոնթեին գրկած 40 ժամ դժվարություններով լի ճանապարհ է անցել՝ թողնելով իր տունը։ Նրա աչքերում պայքար է, ցավ, բայց նրան կոտրել հնարավոր չէ»,-հավելել է երգչուհին։

Տեսանյութը նկարել է Գեորգի Ալեքսանյանը, որը Ստեփանակերտից է: «Ինքն իր մեջ պայքարում է այն մտքի հետ, որ տուն՝ Ստեփանակերտ, այլեւս չի կարողանալու գնալ,-պատմել է Սիրուշոն:-Լինի թե՛ զարդ, թե՛ երգ, այն, ինչ ստեղծում եմ, հենց այսպիսի մարդկանց մասին է՝ հայի այս տեսակից ոգեշնչված, որը որքան էլ ջղայնացած եւ հիասթափված, բայց շարունակում է լավը ստեղծել եւ առաջ մղվել»։

ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ

Հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի «Խաս Փուշ» ֆիլմը, որը նկարահանվել է 1928 թվականին, 35 մմ ժապավենային տարբերակով նոյեմբերի 3-ին եւ 13-ին կցուցադրվի Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում (ԾՏԾՈ):

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Կինոկենտրոնը ԾՏԾՈ-ի հետ համագործակցության արդյունքում ցուցադրության նպատակով թանգարանին է տրամադրել իր արխիվում պահվող ֆիլմի ժապավենը։

«Խաս Փուշ»-ը հայկական երկրորդ ֆիլմն է, որ ցուցադրվելու է աշխարհի հեղինակավոր թանգարաններից մեկում։ Առաջինը ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ.) վերականգնված ֆիլմի նոր՝ 35 մմ ժապավենային տարբերակն էր, որը ցուցադրվել է 2021 թվականի հունվարին: Ֆիլմի մեկ օրինակը պահպանության է հանձնվել Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանին։

 

 

ԳՏՆՎՈՒՄ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ռուսաստանաբնակ վիզաժիստ Գոհար Ավետիսյանն այս օրերին գտնվում էր Հայաստանում: Նա եկել էր այստեղ՝ նշելու քրոջ՝ Նունիկի ծննդյան տարեդարձը:

Ծննդյան խնջույքից հետո Գոհարը մեկնել է նաեւ Գեղարքունիքի մարզ՝ իր ծննդավայր:Ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում Սեւանա լճից հրապարակելով լուսանկար՝ կից գրել է. «Բոլորին բարեւ… իմ սիրելի՛ Սեւան»:

Հաջորդիվ հրապարակելով տեսանյութ՝ գրել է. «Երեւանում ինքս ինձ ընթրիքի էի հրավիրել, հաջորդ օրը՝ ճաշի, ինքս իմ մտքերի հետ: Առաջ մտածում էի, որ կյանքում երբեք չեմ կարողանա հաճույքով ինչ-որ բան միայնակ անել: Տարիների հետ հասկանում ես, որ կարող ես»:

Հավելենք նաեւ, որ երեկ Գոհարն արդեն հետ վերադարձավ:

Մ. Ղ.

 

 

 

 

ԱՐԺԱՆԻ ԷՐ ՈՍԿԵ ԳՆԴԱԿԻ

Աշխարհի չեմպիոն, «Ոսկե գնդակի» դափնեկիր, 62-ամյա գերմանացի Լոտար Մատեուսը աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսիին արժանի չի համարում «Ոսկե գնդակին» 2022-2023 թվականների մրցաշրջանի արդյունքում։

«Ամբողջ մրցաշրջանի ընթացքում Էրլինգ Հոլանդը շատ ավելի լավն էր, քան Մեսին։ Այս անգամ էլ ապացուցվեց, որ հաղթանակն աշխարհի առաջնությունում կարեւոր է մնացած ամեն ինչից։

Նախորդ 12 ամիսներին Հոլանդից ավելի լավ ոչ ոք չի եղել, եւ նա էր արժանի «Ոսկե գնդակին»։ Նա «Սիթիի» հետ նվաճեց կարեւոր տիտղոսներ, սահմանեց Պրեմիեր լիգայի ռեկորդ գոլերի քանակով։ Մեսիի հաղթանակը ֆարս է, թեեւ ես միշտ եղել եմ Լեոյի ֆանատը»,- Մատեուսի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Մեսին 8-րդ անգամ արժանացավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։

 

 

 

ՌՈՆԱԼԴՈՒՆ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ

«Ալ Նասրի» 38-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցիալական ցանցերում արած գրառումով արձագանքել է Սաուդյան Արաբիայի թագավորի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում տարած հաղթանակին։

«Հրաշալի թիմային ոգի։ Մեր երկրպագուների անհավանական աջակցությունն օգնեց պայքարել մինչեւ վերջ»,- գրել է Ռոնալդուն։

«Ալ Նասրը» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեի գոլի շնորհիվ լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով հաղթել էր «Ալ Իթիֆակին» եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։

 

 

 

ՉԻ ԿԱՐՈՂ ՎՃԱՐԵԼ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» հաջորդ ամռանը կփորձի համաձայնության հասնել Մադրիդի «Աթլետիկոյի» հետ պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշի վարձակալության պայմանագիրը եւս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հարցում. հաղորդում է Sport Espana-ն։

«Բարսելոնան» Ֆելիշի տրանսֆերը ձեռք բերելու ցանկություն ունի, սակայն «Աթլետիկոն» պահանջում է առնվազն 80 միլիոն եվրո, ինչի հնարավորությունը կատալոնական ակումբը հիմա չունի։ Ֆելիշի վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Ընթացիկ մրցաշրջանում Ֆելիշը իսպանացի Չավիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 11 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

 




Լրահոս