ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՄԱՆԴԱՏԸ ՎԱՅՐ ԿԴՆԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը շաբաթներ առաջ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ դեռ որոշում չունի՝ կվերցնի ավագանու անդամի մանդատը, թե ոչ:

 

«Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր, որ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը հայտարարելու է մանդատը վայր դնելու մասին:

«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով կրկին զրուցել է Զ.  Փոստանջյանի հետ:

-Տիկի՛ն Փոստանջյան, որոշ ժամանակ առաջ մեզ հետ զրույցում հայտարարել էիք, որ դեռ որոշում չունեք՝ մանդատը վերցնում եք, թե ոչ: Հիմա որոշում ունե՞ք այդ մասով:

-Կարծում եմ՝ դա հիմա քաղաքական թիվ մեկ օրակարգը չէ: Ես որոշ ժամանակ առաջ ահազանգել էի, թե ինչ է կատարվում Երասխի, Ջերմուկի սահմաններին. ավելի լավ կլինի՝ լրատվամիջոցները դա նկարեն ու այդ հարցը բարձրացնեն:

-Տիկի՛ն Փոստանջյան, սահմանային հարցերը եւս լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են մշտապես, բայց իմ հարցը Ձեր մանդատ վերցնել-չվերցնելուն է վերաբերում:

-Դեռ չեմ որոշել, հիմա ինձ համար ավելի կարեւոր խնդիրներ կան: Մենք մինչ այս ավագանու նիստերը՝ քաղաքապետի ընտրության հարցով, փոխքաղաքապետի ընտրության հարցով բոյկոտել ենք:

-Իսկ ավագանու՝ նոյեմբերի 21-ի նիստին մասնակցելո՞ւ եք:

-Մինչեւ նոյեմբերի 21 դեռ ժամանակ կա, տեսնենք՝ երկրի վիճակը ինչ է լինում:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԻ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Օրերս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այս շաբաթ արդեն երրորդ անգամ վարչության նիստ է արել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

 

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Ալավերդի եւ Վարդենիս համայնքների ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքների հետ կապված հարցերը:

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ Ալավերդու եւ Վարդենիսի համայնքներում ավագանին հաճախ է ընդդիմադիր կեցվածք ցույց տալիս: Օրինակ՝ ընդամենը երկու ամիս առաջ՝ սեպտեմբերին, Վարդենիսի «Միասնական Վարդենիս» խմբակցությունը հայտարարեց, որ միանում է համազգային գործադուլին եւ պահանջում է ՀՀ կառավարության հրաժարականը։

«Մեր խմբակցությունը ոչ է ասում այս ապազգային կառավարությանը եւ պահանջում է այս կառավարության հրաժարականը։ Արցախն ընկավ, ո՛չ, Արցախը հանձնեցին։ Այսօր Արցախում օրհասական վիճակ է։ Մեր ժողովրդի մի մասը կանգնած է ցեղասպանվելու վտանգի առաջ։ Արցախի մի շարք գյուղերում թուրք հրոսակը մորթազերծ է արել ծերերին եւ մանուկներին, տղամարդկանց եւ կանանց։ Այսօր Արցախի հայ մայրերը, բացի գերխնդրից, առավել դագաղի խնդիր են լուծում իրենց որդիների համար։ Արցախի մեր հայրենակիցների՝ օգնություն աղերսող հայացքներն ուղղված են դեպի մայր Հայաստան, իսկ Հայաստանի Հանրապետության ապազգային կառավարությունը Արցախը համարում է Ադրբեջան եւ հրաժարվում է հային պաշտպանելու պարտականությունից։ Բոլոր նրանք, ովքեր համարում են, որ հանձնելով Արցախը՝ կփրկեն Հայաստանը, ասեմ, որ հաջորդը լինելու է Վարդենիսը, Սյունիքը եւ հետո Երեւանը։ Այն կառավարությունը, որը պարտավորություն չունի արցախցու հանդեպ, երբեք պարտավորություն չի ունենա վարդենիսցու, սյունեցու, երեւանցու նկատմամբ։ Ավելի քան 10 միլիոն հայի պատիվն ու արժանապատվություն պահողը 120 հազար արցախցին է»,- նման հայտարարություն էր տարածել «Միասնական Վարդենիս» խմբակցության նախագահ Դավիթ Շահնազարյանը:

Ալավերդի համայնքը ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության կուրացիայի տակ է գտնվում: 2022թ.-ի սեպտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին ավագանու հավասար՝ 13 մանդատ էին ստացել «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) եւ «Ապրելու երկիր» կուսակցությունները՝ չհաղթահարելով 50 տոկոսի շեմը: «Ապրելու երկիր» կուսակցությունը կոալիցիա կազմեց ընդամենը մեկ մանդատ ստացած «Հայ ազգային կոնգրես» կուսակցության (ՀԱԿ) հետ, եւ ավագանին քաղաքապետ ընտրեց «Ապրելու երկրի» անդամ Արկադի Թամազյանին, իսկ փոխքաղաքապետ՝ ՀԱԿ-ի ներկայացուցչին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ահա սա է պատճառը, որ հենց Ալավերդին ու Վարդենիսն են հայտնվել Նիկոլ Փաշինյանի ուշադրության տակ, ու երեկվա վարչության նիստը նվիրված է եղել այս համայնքներում առկա քաղաքական իրավիճակը քննարկելուն: ՔՊ-ականները որոշել են ամեն գնով հսկել, որպեսզի այս համայնքներում ընդդիմադիրների դժգոհությունը նոր թափ չստանա ու իրենց վերահսկողությունից դուրս չգա:

 

 

 

ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ

Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի մի խումբ բնակիչներ ահազանգել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն, թե ոչ մի կերպ չեն կարողանում կապ հաստատել սեփական համայնքի ղեկավար հանդիսացող Թովմաս Շահվերդյանի հետ: Պարզվում է՝ Շահվերդյանի ֆեյսբուքյան էջը թույլ է տալիս միայն հետեւել հրապարակումներին, հաղորդագրություն գրելու հնարավորությունը փակ է: Եթե բնակիչները որեւէ խնդիր կամ հարց ունեն, չեն կարող կապի դուրս գալ համայնքի ղեկավարի հետ, քանի որ Թովմաս Շահվերդյանի հեռախոսահամարը, սոցիալական էջերը, բոլոր հասանելի խողովակները վերջին աղմկահարույց դեպքերից հետո փակ են բոլորի առջեւ: Մնացել է փոստային առաքանու տարբերակը եւ այցը համայնքապետարան՝ Աստծո հույսով, որ կընդունի համայնքի ղեկավարը բնակչին եւ կլսի նրանց: Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր՝ հոկտեմբերի 20-ին կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում՝ «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրից դեպի «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտի ճանապարհին: Մի խումբ անձանց միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել: Մասնավորապես՝ կրակոցները եղել են հողի թեմայի շուրջ, եւ հաշիվներ պարզելուն ներկա են եղել համայնքի ղեկավարը եւ տեղակալը: Հավելենք, որ ներկա պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեծ երկրպագու հանդիսացող Թովմաս Շահվերդյանը նախկինում եղել է Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ:

 

 

 

ԴԱՏԻ Է ՏՎԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 2-ին դիմել է Արարատի եւ Վայոց ձորի մարզի քաղաքացիական գործով դատարան եւ հայց է ներկայացրել՝ ընդդեմ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի:

Ավելի վաղ Էդգար Ղազարյանն իր հարցազրույցներից մեկում «ամենամեծ կոռուպցիոներ» էր անվանել Ալեն Սիմոնյանին:

Ալեն Սիմոնյանը դիմել է դատարան՝ պարտավորեցնելու Էդգար Ղազարյանին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաեւ որպես փոխհատուցում գումար է պահանջել Էդգար Ղազարյանից:

Դատարանը հոկտեմբերի 23-ին, դատավոր Գեւորգ Բալյանի որոշմամբ, վարույթ է ընդունել Ալեն Սիմոնյանի հայցադիմումը:

 

 




Լրահոս