ԳՐԱՆԱԴԱՅԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ՈՒ ՀՌՈՄԻ ՍՏԱՏՈՒՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրանադայի հանդիպմանը Ալիեւի չգալն իհարկե դրական ազդակ չէ, եւ Եվրոպայի կողմից ընդունված բանաձեւերը նաեւ միտված էին, որ որոշակի ճնշում գործադրեն: Այս մասին նոյեմբերի 2-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

 

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ նրա խոսքով՝ միջազգային հանդիպումներում Հայաստանը բարձրաձայնում է մի քանի սկզբունքներ, որոնցից ամենակարեւորը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է. «Գիտեք, որ մենք թվերով արձանագրել ենք այդ տարածքները, որպեսզի տարատեսակ մեկնաբանությունների առիթ չտա, թե ինչ ենք հասկանում տարածքային ամբողջականություն ասելով: Սեղանի շուրջ խոսակցությունների ընթացքում այդ ընկալումը կա: Խոսքը այդ ընկալման դե յուրե ամրագրումն է եւ որոշակի փաստաթղթի ստորագրումը՝ այս սկզբունքները հաշվի առնելով»,-ասաց Արշակյանը:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երեք գլխավոր սկզբունքները համաձայնեցված են, այդ դեպքում ինչու հանդիպումներ չեն լինում, Հակոբ Արշակյանն արձագանքեց. «Այդ հայտարարությունները հիմնված են Շառլ Միշելի մասնակցությամբ քննարկումների վրա, որին հետեւել է Շառլ Միշելի հայտարարությունը: Այլ բան, որ, դե յուրե ֆիքսելու հետ կապված, ես ենթադրում եմ, որ որոշակի ընթացակարգային եւ այլ պատճառներ կան, որոնց մասին չեմ ցանկանում մանրամասնել»:

Հարցին, թե  Հայաստանն ունի արդյոք ԽՍՀՄ ռազմական քարտեզները, որոնց հիման վրա պետք է իրականացվի դելիմիտացիայի գործընթացը, քանի որ խոսվում է, որ դրանք Ռուսաստանի մոտ կան միայն, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «Բնօրինակն, իհարկե, մեկ հատ է, չեն կարող բոլորն ունենալ բնօրինակ, բայց այդ քարտեզները կան, եւ Հայաստանն ունի դրանց ծանոթանալու հնարավորությունը: Այդ քարտեզներին հասանելիություն ունեն թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը»:

Անդրադառնալով Հռոմի ստատուտի վավերացմանը հաջորդող գործընթացներին՝ Արշակյանն ասաց, որ Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայնագիր ստորագրել, որը կբացառի միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում:

«Այսինքն՝ իրավական առումով մենք կարող ենք ունենալ երկկողմ համաձայանգիր, որը բացառում է միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում։

Մենք դա առաջարկել ենք, արձագանք չենք ստացել, բայց դեռ ժամանակ կա մինչեւ ուժի մեջ մտնելը, եւ հույս ունեմ, որ պրոգրես կլինի», – ասաց Արշակյանը՝ տեղեկացնելով, որ, օրինակ, Վաշինգտոնի հետ Երեւանը նման համաձայնագիր ստորագրել է:

Հարցին, թե այդ դեպքում ինչու է Մոսկվան առարկում եւ սվիններով ընդունում Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման փաստը, Արշակյանն արձագանքեց, որ ինքն էլ կցանկանար այդ հարցի պատասխանը ստանալ ռուսական կողմից:

 

 

 

ԵՄ-Ի ՊԱՐԵԿՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանում Եվրամիության առաքելությունը հայտարարում է լիարժեք գործունեություն սկսելու մասին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ներկայությամբ Եղեգնաձորում կենտրոնակայանի բացումից հետո: Այդ մասին ասված է առաքելության X-ի էջում։

«Փետրվարից՝ ԵՄ առաքելության մեկնարկից ի վեր, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրականացվել է ավելի քան 1000 պարեկություն»,- նշված է գրառման մեջ:

 

 

 

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Երեւանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով նոյեմբերի 3-ից երթեւեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հերացի փողոցում:

Առաջին երթեւեկելի գոտիով կթույլատրվի երթեւեկել միայն հասարակական տրանսպորտին:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման եւ ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

 

 

 

 

ԳԵՐԵՎԱՐԵԼ ԵՆ

Ադրբեջանում հայտարարել են Մադաթ Բաբայանի գերեվարման մասին։

Ինչպես տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությանը (ՊԱԾ), Բաբայանն, իբր, գերեվարվել է Քարվաճառի (Քելբաջարի) շրջանում «ահաբեկչական գործողությունների կատարման կասկածանքով, ազգային թշնամանք հրահրելու մտադրությամբ»։ Մաթադ Առաքելի Բաբայանին վերագրվում է նաեւ մասնակցություն «անօրինական զինված կազմավորումներին»։

Բաքվում հասցրել են Բաբայանին մեղադրել «Խոջալուի 1992թ. փետրվարի 26-իի ցեղասպանությանը մասնակցելու» համար։

Թե երբ է գերի վերցվել Բաբայանը, ՊԱԾ-ն չի տեղեկացնում։

 

 

 

ԶՈՀԵՐ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

Գազայի հատվածում՝ փախստականների ճամբարի վրա հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն 195 մարդ։

Այս մասին հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը, տեղեկությունը տարածել են «ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցիչները։

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա փախստականների ճամբարի վրա իսրայելական բանակի հարձակման հետեւանքով մոտ 120 մարդ մնացել է փլատակների տակ, իսկ 777 մարդ վիրավորվել է:

Հիշեցնենք, որ նախօրեին Իսրայելի պաշտպանության ուժերը ավիահարվածներ էին հասցրել «ՀԱՄԱՍ»-ի վերահսկողության տակ գտնվող մի շարք օբյեկտների։ Իսրայելական բանակը հաստատել է Ջաբալիայի վրա հարձակման մասին տեղեկությունը։

 

 

 

ԳԵՐՄԱՆԻԱՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է

Գերմանիան աշխատում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման, քաղաքական եւ տնտեսական դիվերսիֆիկացիայի, ինչպես նաեւ ԵՄ-ի հետ սերտ եւ լավ հարաբերությունների հաստատման ուղղությամբ։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին ասել է Բաքվում Գերմանայի դեսպանության մամուլի քարտուղար Մարսել Վյետորը։

«Դրա համար տարածաշրջանում շատ կարեւոր են վստահությունը եւ հաշտեցումը։ Նպատակը հանապարփակ խաղաղությունն է բանակցությունների միջոցով, որպեսզի ադրբեջանցիները եւ հայերը կարողանան ապրել խաղաղ եւ անվտանգ իրենց ազգային սահմաններում։ Այդ նպատակով մենք աջակցում ենք եռակողմ բանակցությունների վերականգնմանը Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ եւ աջակցում ենք ցանկացած հարաբերության, որը կնպաստի խաղաղությանը եւ կայունությանը Հարավային Կովկասի ժողովուրդների համար»,- ասել է դեսպանության ներկայացուցիչը  տարածաշրջան Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի այցի նախօրեին։

 

 

 

 

ԶԱԽԱՐՈՎԱՆ ՄԵԿՆԱԲԱՆԵՑ

«Մենք դիտարկում ենք որպես պաշտոնական Երեւանի ցուցադրական հակառուսական ժեստ»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությունը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խաղաղության բանաձեւի վերաբերյալ երրորդ միջազգային կոնֆերանսին։

Ընդ որում՝ Զախարովան հերթական անգամ հիշեցրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ Կիեւ այցի եւ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ Դուբլինում Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպման մասին. «Ինքը՝ Փաշինյանը, հանդիպել է Ստեֆանչուկի հետ Գրանադայում։ Երեւանում պետք է իրենց հաշիվ տան, որ խոսքը ցուցադրական խաղեր տալու մասին է նրանց հետ, ովքեր ագրեսիվ կերպով դիմակայում են մեր երկրին։ Եվ այստեղ այլ սահմանում չկա։ Եվ ափսոսանք է առաջացնում այն, որ հանրապետության ներկա ղեկավարությունը նպատակաուղղված, համառորեն քանդում է մեր դաշնակցային հարաբերությունները, որոնք ոչ այնքան վաղուց ինքն էլ անվանել է Հայաստանի կայունության եւ բարգավաճման կարեւորագույն գործոն»։

 




Լրահոս