ԾՐԱԳՐԵՐԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության չզեկուցվող հարցերի ցանկում ընդունվել է սուբվենցիոն ծրագրերի լավարկման եւս մեկ որոշում: Այս մասին նոյեմբերի 2-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ խնդրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին ներկայացնել այն:

 

Սանոսյանը նշեց. «Մեկում հետեւյալ ձեւակերպումն ենք տվել. մինչեւ 100 մլն բյուջե ունեցող եւ ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներում Կառավարությունը առկա գործակիցներին լրացուցիչ 15 տոկոս կավելացնի: Եվս 2 ուղղությամբ ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների առումով աշխատանք ենք անում՝ մեկը՝ դոտացիաների հետ կապված փոփոխություններ ենք արել, որի արդյունքում իրենց տրվող գումարները կավելալան, հիմա նախագիծն ԱԺ-ում է, ինչպես նաեւ առանձին ծրագրեր ենք անում ամբողջովին պետբյուջեից:

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կքննարկենք այն համայնքների հայտերը, որոնք նախորդ տարվա հարկերը, տուրքերը եւ այլ վճարները հավաքագրել են 90 եւ ավելի տոկոսով: Այսինքն՝ մենք խրախուսում ենք, որ համայնքները պատշաճ հավաքագրում իրականացնեն:

Բայց հաշվի առնելով, որ կարող են լինել դեպքեր՝ ինչ-ինչ պատճառներով որոշակի խնդիրներ լինեն, բայց համայնքում կարեւոր ծրագիր լինի, տեղ ենք թողել, որ փոխվարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողովը կարող է դիտարկել այդ ծրագրերը:

Մյուս կարեւոր փոփոխությունով մանկապարտեզներ, մշակույթի տներ կառուցելիս ծրագրի մեջ պետք է նշվեն հետագա դրա պահպանման ծախսերը, հետագա ընթացքը նույնպես պետք է ծրագրում ապահովվի:

Մյուս կարեւոր հարցը, որ փորձել ենք կարգավորել մանկապարտեզների եւ այլ շենք-շինությունների պարագայում գույքի մասն է, որպեսզի փաթեթի մեջ լինի գույքը, ընդհանուր դիզայնը:

Մյուս կարգավորումը վերաբերում է ոռոգման եւ խմելու ջրի համակարգերին. փորձել ենք մեծացնել Կառավարության մասնաբաժինը՝ դարձնելով 65-75 տոկոս, որպեսզի խրախուսենք՝ մեր համայնքները ոռոգման եւ խմելու ջրի համակարգերին շատ դիմեն:

Մյուս փոփոխությունը վերաբերում է մայթերի սալարկումներին. փորձում ենք խրախուսել, որ բնական քարով սալարկումներն ավելի շատ լինեն, քան բետոնե սալիկներով: Եթե բնական քարերով իրականացնեն, Կառավարությունը կվճարի 55-75 տոկոս, իսկ եթե, այնուամենայնիվ, համայնքը կորոշի, որ բետոնե սալիկներով, ապա՝ 25-45 տոկոս:

Վերջին փոփոխությունը. հաշվի առնելով, որ մեքենաների սարքավորումների ձեռք բերման մեջ համայնքները շատ կարիք ունեն աղբահանման մեքենաների եւ աղբամանների, այստեղ նույնպես մեր մասնաբաժինը մեծացնում ենք 55-65 տոկոս»:

«Մենք որոշել ենք սուբվենցիոն ծրագրերը որոշելիս ներգրավել նաեւ քաղաքացիներին: Ծրագրային որոշակի շրջանակներում քաղաքացիները կարող են էլեկտրոնային հարթակների միջոցով առաջարկել, որ եկեք հաջորդ տարի մեր քաղաքում իրականացնենք այսինչ ծրագիրը:

Եթե քաղաքացիները այդ ծրագրին հավանություն են տալիս, այդ դեպքում կառավարությունն առնվազն 80 տոկոս ֆինանսավորում է քաղաքացիների կողմից որոշված ծրագիրը: Սա չի նշանակում, որ հին համակարգը էլի չկա: Պարզապես մենք նոր բաղադրիչ ենք մտցնում, եւ քաղաքացիները հնարավորություն են ունենում իրենց նախագծերն առաջ մղել: Այստեղ կարեւորն այն է, որ ունենանք առցանց պատշաճ հարթակներ, որպեսզի վստահելի պրոցեսներ տեղի ունենան:

Մենք մեր միջազգային գործընկերների աջակցությամբ 4 համայնքում ունենք հավաստիացում, որ այդպիսի վստահելի առցանց հարթակներ ունենք՝ Աշտարակ, Աբովյան, Արմավիր, Ջերմուկ: Սա փորձնական ծրագիր է, եւ 2024-ի բյուջեի շրջանակներում միջոցները նախատեսել ենք: Այնպես որ, այդ համայնքների բնակիչներն արդեն կարող են մտածել նախաձեռնությունների մասին»,- հայտարարեց Փաշինյանը:

 

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ՝ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ

Հայաստանի կառավարությունը քննարկել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում կատարելու եւ Կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի համապատասխան որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու հարցը։

 

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ ներկայացված նախագծի վերաբերյալ զեկուցելով՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մանրամասնել է, որ  այն նպատակ ունի  ժամանակավոր բնակվելու եւ կոմունալ ծախսերի համար սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում հատկացնել եւս 950 միլիոն դրամ հոկտեմբեր ամսվա վճարումների շարունակականությունն ապահովելու նպատակով։

«Այս նախագծով հատկացնում ենք նաեւ 420 մլն դրամ 100 հազար դրամ միանվագ սոցիալական աջակցության ծրագրին մշակված ու նույնականացված տվյալների վճարումներն իրականացնելու համար։

Նշեմ, որ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից այս պահի դրությամբ արդեն իսկ օգտվել է 73 հազար 196 անձ։ Նրանցից 69 հազար 199-ը ստացել է 40+10 հազար դրամ, իսկ 3997-ը՝ միայն 10-հազարական դրամ աջակցություն»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ հատկացվող գումարը հնարավորություն կտա շարունակել հոկտեմբեր ամսվա վճարումները եւ գումար տրամադրել 19 հազար անձի։

Նրա խոսքով՝ արդյունքում  այս հատկացումն իրականացնելուց հետո 40 եւ 10 հազար դրամ աջակցությունը կտրամադրվի  ավելի քան 92 հազար շահառուի, իսկ  100 հազար դրամ աջակցության ծրագրի հատկացումը թույլ կտա իրականացնել շուրջ 4200 անձի համար վճարումները, որոնց գերակշիռ մասն անչափահասներ են։ Ընդհանուր առմամբ, նախագծով առաջարկվում է այս ծրագրերի համար հատկացնել  1 միլիարդ 370 մլն դրամ։

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե  ինչի հետ են կապված 100 հազար դրամ միանվագ աջակցության վճարումների ուշացումները, նախարարը պարզաբանել է, որ դիմումների մուտքագրման ընթացքում տարբեր խնդիրներ են առաջացել, մասնավորապես՝ դրանց սխալ լրացնելու կամ բանկային հաշիվների նույնականացման հետ կապված։ Բացի այդ, վճարումները շաբաթական կտրվածքով հաստատելուց առաջ կրկին ստուգվել են, թե շահառուներից քանիսն են գտնվում ՀՀ-ում, որպեսզի ավելի հասցեական ու արդյունավետ տրամադրվի աջակցությունը։

 

 

 

ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԱԲԱՇԽՎԵՑԻՆ

Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի տեղաբաշխումն առաջնային հրապարակային առաջարկի միջոցով հաջողությամբ ավարտվեց. շուրջ 1000 ներդրող դարձավ Team-ի բաժնետեր։

Ընկերությունն ամբողջությամբ տեղաբաշխել է 8 միլիարդ 240 միլիոն դրամ արժողությամբ 40 միլիոն բաժնետոմս, որոնք Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակվելուց հետո կլինեն ազատ շրջանառության մեջ, ֆիզիկական եւ իրավաբանական անձինք հնարավորություն կունենան գնել կամ վաճառել դրանք։

«Մեր թիմը հաջողությամբ իրականացրեց մտածողություն փոխող եւս մեկ նախագիծ։ Հայաստանում տելեկոմ ոլորտի զարգացումը մեր առաջնահերթությունն է, եւ ուրախ եմ, որ դրան ուղղված բոլոր ռազմավարական ծրագրերի իրագործմանն այսուհետ կմասնակցեն նաեւ մեր նոր բաժնետերերը»,-նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացրել է «Ամերիաբանկ»-ը։

«Ամերիաբանկ»ի տնօրինության նախագահ – գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ընդգծում է. «Արժեթղթերի շուկայում լինելով ակտիվ դերակատար` մենք մշտապես նպաստել ենք ոլորտի զարգացմանը եւ չէինք կարող անմասն մնալ նման պատմական իրադարձությունից: Team-ի եւ «Ամերիաբանկ»-ի արդյունավետ համագործակցության արդյունքում իրականացվել է բաժնետոմսերի բարեհաջող տեղաբաշխում, ու ձեւավորվել է ներդրողների դիվերսիֆիկացված կազմ, ինչը կարեւոր նախադրյալ է երկրորդային ակտիվ շուկա ունենալու համար»:

Ընկերության բաժնետերեր են դարձել հարյուրավոր ֆիզիկական ու իրավաբանական անձինք, էական ծավալի ներդրումներ են իրականացրել ինստիտուցիոնալ ներդրողները։ Վերջիններից է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը, որն իր առաջին ուղղակի ներդրումն է կատարել հայաստանյան բաժնետոմսերում։ Այս գործարքի շնորհիվ ֆոնդի մոտ 400 հազար շահառու անուղղակի կերպով դարձել է Team Telecom Armenia-ի բաժնետեր։

Ներգրավված միջոցները Team Telecom Armenia-ն ուղղելու է Հայաստանի ողջ տարածքում օպտիկամանրաթելային NGN ցանցի ընդլայնմանը, 5G բջջային ցանցի կառուցմանը եւ միջազգային նոր կապուղիների ակտիվացմանը։ Աշխատելով թվային տեխնոլոգիաների ոլորտում՝ ընկերությունը նաեւ մեծ ուշադրություն է դարձնելու ժամանակակից թվային գործիքների ու լուծումների ներդրմանը եւ այլ հավակնոտ ծրագրերի իրականացմանը։

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային եւ ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ, 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը որակյալ ինտերնետով կապահովի Հայաստանի բոլոր մարզերը։

Հասարակայնության հետ կապերի ծառայություն` [email protected]:

 




Լրահոս