Օրեր առաջ հայտնի դարձավ, որ իրավապահ մարմինները բերման են ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանին, կոմունալ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանին, առեւտրի բաժնի պետ Հրայր Արամյանին եւ կոմունալի աշխատակից Վան Հարությունյանին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ համայնքապետարանը գնումների գործընթացը լիակատար չի կատարել, չարաշահումներ են հայտնաբերվել, այսինքն՝ հայտարարվել է մրցույթ, որից հետո նախատեսված գումարն իր նպատակին չի ծառայել, այդ գումարի մի մասը, այսպես ասած, մեջ-մեջ է արվել:
Ըստ տեղեկությունների՝ կասկածյալների ցանկում է նաեւ Մալաթիա-Սեբասիա վարչական շրջանի նախկին թաղապետ Սաշա Կատվալյանը, որն այժմ զբաղեցնում է Երեւանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը:
«Ժողովուրդ» օրաթերթը Սաշա Կատվալյանից փորձեց ճշտել, թե արդյոք ինքը չի հանդիսանում այս կծիկի մաս:
-Պարո՛ն Կատվալյան, Ձեզ իրավապահ մարմինները հրավիրե՞լ են հարցաքննության կամ արդյոք արդեն հարցաքննվե՞լ եք:
-Ես որեւէ առնչություն չունեմ հարուցված գործի հետ, եւ իրավապահ մարմիններն ինձ չեն կանչել հարցաքննության: Հարուցված գործը, իմ տեղեկություններով, առնչվում է այս տարվան ու բացարձակ կապ չի կարող ունենալ իմ հետ, քանի որ ես նախորդ տարվանից դուրս եմ եկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատանքից:
-Պարո՛ն Կատվալյան, չնայած նրան, որ Դուք մեկ տարի առաջ դադարեցրել եք Ձեր գործունեությունը՝ որպես վարչական շրջանի ղեկավար, ըստ թաղապետարանում տարածված խոսակցությունների, Դուք եք ներքին կարգով ուղղորդել, թե Բարխուդարյանը ինչպես ղեկավարի եւ ինչ գործընթացներ կազմակերպի, այսինքն՝ փաստացի Դուք եք ղեկավարել՝ ըստ այդ խոսակցությունների։ Դա էլ հիմք կարող է հանդիսանալ, որ Ձեզ հրավիրեն հարցաքննության։ Այս մասին ի՞նչ կասեք:
-Եթե վարչական շրջանի ղեկավարն իմ ընկերն է, ու ես՝ որպես խորհրդական, տարբեր հարցերով օգնել եմ, դա չի նշանակում, որ ես ուղղորդել եմ։ Ես տարբեր վարչական շրջանների հարցերով էլ զբաղվել եմ, ու դա ուղղորդում չէ. դա աշխատանքային ու գործընկերային աջակցություն է։
Զրուցեց ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆԸ
ՆԱԽԱՐԱՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՆԻՍՏԻՆ
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարծես թե անցել է ակտիվ կուսակցական գործունեության։
Նա երեկ մասնակցել է ՔՊ նիստին, որտեղ քննարկվել են արտաքին քաղաքական հարցեր, եւ հարցեր է հնչեցրել Նիկոլ Փաշինյանին։ ՔՊ տարածած լուսանկարների մեջ երեւում է Ավանեսյանի ակտիվությունը։
Նման ակտիվությունը պատահական չէ. որքան շատ է խոսվում Անահիտ Ավանեսյանից վարչապետի դժգոհության ու նրան պաշտոնանկ անելու մտադրության մասին, այնքան տիկին նախարարը ավելի ակտիվ կուսակցական գործունեություն է ծավալում։
Տեսակետ կա, որ նա ակտիվ կուսակցական գործունեության մեջ է փորձում մտնել, որպեսզի ամեն կերպ պահպանի իր աթոռը եւ չեղարկի պաշտոնանկությունը։ Այլապես անհասկանալի է, թե ապաքաղաքական ոլորտի նախարարն ինչո՞ւ է որոշել կուսակցական գործունեությամբ զբաղվել, այն էլ՝ մի դեպքում, երբ իր ոլորտում լուրջ խնդիրներ կան։
Մասնագիտությամբ իրավաբան նախարարն անգամ իրավական դաշտում է պարտվում. ժամանակին աշխատանքից ազատել էր նախարարության ենթակայության տակ գտնվող կառույցների ղեկավարների, որոնք հետո դատարանի որոշմամբ վերականգնվել էին։
Օրերս ԱԺ-ում, մեր թղթակցի հարցին ի պատասխան, խոսելով իրենից վարչապետի դժգոհության մասին, Ավանեսյանն ասել էր, թե վարչապետի ելույթն այլ բանի մասին է վկայում։ Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ առողջապահության ոլորտի մասին խոսելիս այնտեղ տեղի ունեցած ըստ իրենց բարեփոխումներն ու արվող քայլերը, բուժկենտրոնների վերանորոգումն ու շինարարությունը միշտ վերագրում է իրեն, բայց ոչ նախարարությանն ու նախարարին։
Վերադառնանք Անահիտ Ավանեսյանի կուսակցական գործունեությանը.
կառավարության կայքում վերջերս թարմացվել է նրա կենսագրությունը, ու պարզում ենք, որ 2022 թվականից անդամակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Եվ սա էլ կրկին հաստատում է տեսակետը, որ 2018թ.՝ փոխնախարարի, այնուհետեւ՝ 2021թ., նախարարի պաշտոնը զբաղեցնող Ավանեսյանն իր նախարարարական պորտֆելը պահելու համար է որոշել կուսակցական դառնալ, ու դեռ ավելին՝ ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել։
Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ 2021թ. ԱԺ ընտրություններին նա ՔՊ ցուցակում էր, եւ պարզվում է՝ այնտեղ նրա անվան դիմաց, որպես կուսակցական պատկանելիություն, նշված է եղել ՔՊ, մինչդեռ կառավարության կայքից տեղեկանում ենք, որ նա ՔՊ-ական է դարձել 2022թ.-ին։Հետաքրքիր է՝ երկու պաշտոնական տեղեկություններից որն է ճիշտ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ
Աշտարակի՝ ՔՊ-ի «սրտի քաղաքապետ» Թովմաս Շահվերդյանի մասնակցությամբ աղմկահարույց կրակոցների գործով հետաքրքիր զարցացումներ են եղել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի տեղակալի վրա կրակած անձին դատարանը չի կալանավորել։ ArmLur.am-ը գրել էր, որ հոկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզի «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրից դեպի «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտի կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով Աշտարակի քաղաքապետի տեղակալին վիրավորում ստացած տարել էին հիվանդանոց: Ավելի ուշ shamshyan.com-ը գրեց, որ իրավապահները տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալել են Ուջան համայնքի ղեկավար, 28-ամյա Գրիգոր Հարությունյանին, «Ես եւ նա» ՍՊԸ տնօրեն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը՝ 54-ամյա Նաիրի Սահակյանին, Ուշի համայնքի ղեկավար, 45-ամյա Մարտին Մարտիրոսյանին եւ այլոց: Հիմա այն մասին, թե կոնկրետ ինչ է կատարվել: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրի սեփականատերը վերոնշյալ հատվածում՝ հողի վրա, աշխատանքներ է իրականացրել, եւ նշված հասցե է եկել Աշտարակի քաղաքապետ, ՔՊ թիմակից դարձած նախկին ՀՀԿ-ամերձ Թովմաս Շահվերդյանը ու սկսել վիճել նրանց հետ տարածքի հողի մասով, իր առարկությունները ներկայացրել, որից հետո հեռացել է: Նրա հեռանալուց հետո դեպքի վայր են հասել ոստիկանները, քանի որ օպերատիվ տվյալներ են ստացել, որ նշված հասցեում «մարտաֆիլմ կինո» է լինելու: Այնուհետեւ դեպքի վայր է եկել մոտ 40-հոգանոց խումբ ու սկսել քարերով, բահերով դաժան ծեծի ենթարկել ռեստորանի տիրոջը: Անգամ ոստիկանների ներկայությունը չի սաստել խմբի անդամներին՝ դադարեցնելու «մարտաֆիլմը»: Այս իրավիճակը տեսնելով՝ ռեստորանի տիրոջ տղան հանել է ավտոմատը ու կրակել, որպեսզի սաստի ներկաներին, եւ կրակոցներից վիրավորվել են Աշտարակի քաղաքապետի տեղակալն ու եւս մեկ անձ։ Իրավապահ համակարգում քննությունը շարունակվում է, եւ ենթադրություններ կան, որ միգուցե քաղաքապետ Թովմաս Շահվերդյանն է այս խմբին ուղարկել ռեստորանի տիրոջ դեմ: Դատական համակարգն էլ, ըստ էության, ուսումնասիրելով նախաքննական մարմնի միջնորդությունը, հասկացել է, որ ռեստորանի սեփականատիրոջ որդին 40-հոգանոց խմբի ճիրաններից հորը փրկելու համար է կրակել։ Այսինքն՝ իրական մեղավորներին այլ տեղ պետք է փնտրել. տեսնենք՝ ինչ է սպասվում քաղաքապետին ու իր թիմակիցներին։ Նշենք, որ գործով մեղադրյալ անցնում են եւ հոկտեմբերի 24-ի դրությամբ տնային կալանքի տակ են ԱԺ նախկին պատգամավոր Նաիրի Սահակյանը, Ուջան եւ Ուշի համայնքի ղեկավարները։