Իրավապահ մարմինները բերման են ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանին, կոմունալ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանին, առեւտրի բաժնի պետ Հրայր Արամյանին եւ կոմունալի աշխատակից Վան Հարությունյանին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հաջորդը լինելու է Սաշա Կատվալյանը, որը Երեւանի ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանի մտերիմն է. նա եւս կասկածյալների ցանկում է:
Իսկ ո՞վ է Սաշա Կատվալյանը:
Կատվալյանը նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրամանով նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար դեռեւս 2022 թվականի մարտի 2-ից: Իբրեւ թե ամեն ինչ հարթ էր գնում, այն էլ տեղի ունեցավ Եռաբլուրի աղմկահարույց դեպքը: Շուրջ 8 ամիս ղեկավարած Կատվալյանը հոկտեմբեր ամսին, սեփական դիմումի հիման վրա, ազատվեց աշխատանքից՝ չասելով իր՝ աշխատանքից հեռանալու պատճառների մասին:
Ավելի ուշ մամուլը գրել էր, որ Սաշա Կատվալյանը ներքին խնդիրներ է ունեցել կառավարող կուսակցության հետ, եւ դրա պատճառը նրա՝ սեպտեմբերի 21-ի գրառումն է:
Մասնավորապես՝ սեպտեմբերի 21-ին, երբ 44-օրյա պատերազմում նահատակված զիծառայողների ծնողներն արգելեցին իշխանությունների ու անձամբ Նիկոլ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր» զինվորական պանթեոն, անմարդկային դաժանությամբ զոհվածների ծնողներին ու հատկապես մայրերին սկսեցին գետնին քարշ տալով տարածքից հեռացնել կարմիրբերետավորները, որպեսզի բացեն Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության ճանապարհը:
Այդ օրը կառավարող թիմից միայն Սաշա Կատվալյանը դատապարտեց տեղի ունեցածը:
«Եռաբլուրում որեւէ ակցիայի իրականացումը երբեւէ չեմ ընդունել ու չեմ ընդունի։ Եռաբլուրը քաղաքական խաղերի, կոչերի ու բողոքի վայր չի եղել ու չպիտի լինի։ Այսօր ոստիկանական ուժերը գործել են առնվազն ոչ պրոֆեսիոնալ եւ շատ վատ ձեւով բերման են ենթարկել զոհվածների մայրերին։ Որպես արցախյան պատերազմում զոհվածի որդի եմ ասում` ոստիկանության գործելաոճը սխալ էր ու դատապարտելի։ Տղե՛րք, կարմիր գծեր կան, որ չպետք է անցնել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր նա:
Հավելենք՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Կատվալյանն ու երեկ բերման ենթարկված Արման Բարխուդարյանը եւս մտերիմներ են եւ առանց մեկը մյուսի գիտության քայլեր չեն անում:
Նշենք նաեւ, որ Սաշա Կատվալյանն այժմ զբաղեցնում է Երեւանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը:
ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅՏՆԻ Է ՕՐԱԿԱՐԳԸ
Հայաստան այցի ընթացքում ԳԴՀ արտգործնախարար Անալենա Բերբոքը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է Հայաստանում Գերմանիայի դեսպանության տարածած հաղորդագրությունից, որի մեջ նաեւ նշված է, որ Բերբոքը կայցելի նաեւ Եվրամիության դիտորդական առաքելություն եւ Լեռնային Ղարաբաղից փախստականների ընդունման կենտրոն:
«Գերմանիան հանդես է գալիս կայուն խաղաղության, տարածաշրջանի քաղաքական եւ տնտեսական դիվերսիֆիկացման եւ Եվրոպայի հետ սերտ ու լավ հարաբերությունների օգտին: Տարածաշրջանում վստահության ձեւավորումը եւ հաշտության հաստատումը շատ կարեւոր է: Գլխավոր նպատակը բանակցային, համապարփակ խաղաղ լուծումն է, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները կարողանան ապրել խաղաղ եւ անվտանգ իրենց ազգային սահմաններում: Մենք աջակցում ենք Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ եռակողմ բանակցությունների շուտափույթ վերսկսմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՀԱՆԴԻՊԵՑ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թել Ավիվում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ. այս մասին հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպում են Թել Ավիվում վերջինիս՝ Իսրայել վայրէջք կատարելուց մոտ երկու ժամ անց:
Ինչպես Բլինքենը գրել է իր սոցիալական ցանցերից մեկում, Նեթանյահուի եւ «կառավարության այլ առաջնորդների» հետ հանդիպմանը նրանք կքննարկեն Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը, ինչպես նաեւ Գազայի հատվածում խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու ԱՄՆ-ի աշխատանքը։ Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո սա Բլինքենի երկրորդ այցն է Իսրայել: ԱՄՆ պետքարտուղարի վերջին հանդիպումը Իսրայելի վարչապետի հետ տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին Իսրայելի պաշտպանության նախարարության կենտրոնակայանում։
ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Երեւանում տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների եւ ԵՏՀ մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձեւաչափով հերթական նիստը, որին մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի հակամենաշնորհային/մրցակցային մարմինների ղեկավարները: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովից:
Ո՞Վ Է ՆԱԽԿԻՆ ԹԱՂԱՊԵՏԸ
Ինչպես հայտնի դարձավ, ԱԱԾ-ն բերման է ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանին եւ թաղապետարանի մի քանի աշխատակիցների: Նրանք, նախնական տվյալներով, մեղադրվում են խոշոր չափերի յուրացման համար:
Արման Բարխուդարյանը տարբեր ժամանակներում տարբեր պաշտոններ է զբաղեցրել: Մինչ վարչական շրջանի ղեկավար նշանակվելը նա ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականն էր, իսկ դրանից առաջ՝ 2019-2020 թթ., այդ ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի՝ մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետն էր։
Բարխուդարյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքային կառույցի խորհրդի անդամ է, որը հայտնի է ընտրակեղծարարությունների դիմելու իր հակումով:
Դեռեւս հուլիսին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Մալաթիայում ՔՊ-ն թեւերի է բաժանված եղել. մի թեւն ուղղորդվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանի կողմից, մյուս թեւը՝ ՔՊ-ական պատգամավոր, վարչապետի տիկնոջ ազգական, Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կառույցի խորհրդի նախագահ Էդգար Հակոբյանի կողմից: ՔՊ տարածքային կառույցի խորհրդի նախագահի եւ անդամների ընտրությունների ժամանակ կողմերը իրենց ցանկալի մարդկանց ցուցակներ են տվել շարքային ՔՊ-ականներին, որպեսզի ընտրեն, եւ այդ կեղծիքը պատահաբար բացահայտվել է. պատգամավոր Էդգար Հակոբյանն իր համար էր ցանկալի ցուցակ տվել, իսկ թաղապետ Բարխուդարյանը՝ իր: Ու երբ բացահայտվել էին կեղծիքները վերստուգիչ հանձնաժողովի անդամների կողմից, որոշվել էր կասեցնել կուսակցության գրասենյակի գործունեությունը մինչեւ տարածքային կառույցի խորհրդի նախագահի եւ անդամների նոր ընտրությունները ավելի հարթ պայմաններում:
ՔՊ-ական նախկին թաղապետ Արման Բարխուդարյանը հայտնի է սկանդալային վարքագծով:
Մեր տեղեկություններով՝ նա գրեթե մշտապես կոնֆլիկտներ է ունեցել իր աշխատակիցների, ինչպես նաեւ իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ