ՊԱՐՏԱԴԻՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության որոշմամբ՝ հաստատվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման եւ ուղղորդման կարգը:

 

ԿԳՄՍՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ պարտադիր կրթությունից դուրս մնացած են համարվում 6-ից մինչեւ 19 տարին չլրացած` ՀՀ դպրոցներում, հանրակրթական հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա ուսումնարաններում եւ քոլեջներում չհաշվառված կամ հաշվառված, բայց մեկ ամսվա ընթացքում ամսվա համար գումարային հաշվարկով 10 աշխատանքային օրից ավելի չհաճախած անձինք։

Նկատի ունենալով, որ 12-ամյա հանրակրթության պարտադիր պահանջը, ինչպես նաեւ այն, որ հանրակրթության մեջ երեխաների ընդգրկվածության ցուցանիշները հիմք են հանդիսանում երկրի միջազգային տարբեր գնահատականների համար (մարդկային զարգացման համաթիվ, գլոբալ մրցունակության համաթիվ եւ այլն), կարեւոր է ունենալ կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման եւ  ուղղորդման (կրթության մեջ ներառման) գործուն համակարգ, որը հենված կլինի բոլոր շահագրգիռ եւ պատասխանատու կառույցների համագործակցության վրա:

Կրթությունից դուրս մնացած երեխաներին կրթության մեջ ներգրավման նպատակն է դպրոցահասակ երեխաների՝ կրթությունից դուրս մնալը կանխելը, ուսումնական հաստատությունից դուրս մնացած երեխաներին վաղ բացահայտելը, դուրս մնալու պատճառները վերհանելը եւ դրանց վերացման համար միջոցներ ձեռնարկելը, երեխայի ուսումնառությունը համապատասխան ուսումնական հաստատությունում ապահովելը:

Ուսումնական հաստատություն չհաճախած կամ այնտեղ հաշվառված չլինելու դեպքում պարտադիր կրթությունից դուրս մնացած անձանց բացահայտելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը յուրաքանչյուր ուսումնական տարվա սեպտեմբեր եւ հունվար ամիսներին, համեմատելով բնակչության պետական ռեգիստրի եւ կրթության կառավարման տեղեկատվական համակարգի տվյալները, նախարարությանը ներկայացնում է 6-ից մինչեւ 19 տարին չլրացած այն անձանց տվյալները, որոնք որեւէ հաստատությունում հաշվառված չեն:

Եթե անձն ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, համապատասխան փաստաթուղթ ներկայացված չլինելու պարագայում Խնամակալության եւ հոգաբարձության մարմնինը դիմում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնին: Վերջինս, տեղեկացնելով ծնողին (օրինական ներկայացուցչին), ապահովում է անձի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը եւ ուղղորդում է անձին ուսհաստատություն՝ սահմանված կարգով կրթությունը կազմակերպելու համար:  Հաստատությունում կրթությունը կազմակերպվում է սահմանված կարգով: Բացված հայտերի մասին ամբողջ տեղեկատվությունը, պատմությունը եւ աշխատող կողմերի գործողությունները հասանելի են բոլոր շահագրգիռ եւ պատասխանատու կառույցներին:

 

 

 

ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը անդրադարձավ ՌԴ Պետդումայի կողմից Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագծի հետաձգմանը։

«Ռուսաստանի կողմից այս հարցով իրենց խորհրդարանում քննարկման կասեցման վերաբերյալ ռուսական կողմից նշվեց, որ իրենք հետաքրքրություն չունեն այս հարցում։ Մենք դեռեւս այս հարցով նրանց հետ քննարկում չենք ունեցել, այդպիսի առիթ չի եղել։ Կփորձենք առաջիկա շփումների ընթացքում այս հարցը բարձրացնել եւ արձագանքել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ այս մասին  Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետբյուջեի նախնական քննարկմանն ասաց ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

ՌԴ Պետդուման որոշում է ընդունել անժամկետ հետաձգել Ռուսաստանում ձեռնարկատիրական եւ աշխատանքային գործունեություն իրականացնելիս Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագծի քննարկումը: Այն առաջին ընթերցմամբ ընդունվել էր 2022 թվականի հունիսին։

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին հայտնի է Հայաստանի Հանրապետության շուրջ 200 քառ. կմ տարածք, որ այս պահին գտնվում է ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո:

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ Արարատ Միրզոյանն այս մասին ասաց  ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, թե Հայաստանի Հանրապետության տարածքից քանի քառ. կմ տարածք է օկուպացված Ադրբեջանի կողմից, նախարար Միրզոյանը պատասխանեց.

«Մենք ունենք դեռ 1990-ականներից Հայաստանի Հանրապետության տարածք՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող: Նաեւ ունենք այս թարմ օրինակները. ինձ հայտնի է այդպիսի շուրջ 200 քառ. կմ ՀՀ տարածք, որոնք հիմա գտնվում են ադրբեջանական ուժերի ներքո»:

 

 

 

Ի՞ՆՉ Է ՊԱՏԱՀԵԼ ԴՊՐՈՑՈՒՄ

Մոտ երկու շաբաթ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Բերդ  համայնքի սահմանամերձ  Վերին Կարմիրաղբյուր  գյուղի միջնակարգ դպրոցում։ 8-րդ դասարանում անգլերեն լեզվի գրավոր աշխատանքի ժամանակ ուսուցուհի Ասյա Ավագյանն առանց հիմքի  գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտուհուն կասկածել է գրավոր առաջադրանքի պատասխանները արտագրելու մեջ, գրավոր աշխատանքը  խլել է աղջկանից, վիրավորական արտահայտություններ թույլ տվել նրա հասցեին։ Խիստ վիրավորված աշակերտուհին թողել է դասարանը, արցունքն աչքերին՝ գնացել է իրենց տուն։ Այդ միջադեպը քննարկվել է դպրոցի մանկավարժական խորհրդում, որտեղ  Ասյա Ավագյանը հայտնել է, թե այդ աշակերտուհին եւ իր ծնողները  պետք է  իրենից ծնաչոք ներողություն խնդրեն։ Այդ աղջիկը Բերդի նախկին զինկոմ, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանի աղջիկն է, Լեռնիկը 2018-ի օգոստոսին  վիրավորվել, ծնկից ներքեւ ոտքը կորցրել է Տավուշի սահմանագոտում։ Մոտ 50 տարեկան, չամուսնացած ուսուցչուհի Ասյա Ավագյանը Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանի մտերիմներից է։ Վերին Կարմիրաղբյուրի դպրոցում կատարված դեպքի մասին տեղյակ է  Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանը, սակայն դեպքից հետո նա միջոցներ չի ձեռնարկել: Կատարվածի մասին  իրազեկ են նաեւ ԿԳՄՍ նախարարությունում։ Բազում անգամ զանգահարել ենք Վ. Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրեն Նարինե Բուդուրյանին, սակայն նա այդպես էլ չպատասխանեց հեռախոսազանգերին։ Վ. Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար  Կամո Չոբանյանն ասաց, որ ինքը ուշացումով է իմացել այդ դեպքի մասին։ Լեռնիկ Բաբայանը եւ իր կինը՝ Գայանեն, հաստատակամ են   արդարության հասնելու գործում։

 

 

 

ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ ԵՆ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկատվական հարցում է ուղարկել՝ նրան հարցելով, թե  Տավուշի մարզում Արցախից բռնագաղթած քանի ընտանիք, քանի բնակիչ է հաստատվել, նրանցից քանիսի  աշխատանքի տեղավորման խնդիրն է լուծվել։ Մարզպետի պատասխանում նշված է. « 2023 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ ՀՀ Տավուշի մարզում հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 934 ընտանիք եւ 3607 անձ, որոնք տեղավորվել են մարզի Դիլիջան, Իջեւան, Բերդ եւ Նոյեմբերյան տարածաշրջաններում, իսկ աշխատանքի տեղավորման հետ կապված տեղեկատվություն ներկայումս չունենք»։

Այդ 3607 անձանց մեջ կան տարբեր ոլորտների մասնագետներ, ուստի մարզպետարանը պետք է գույքագրեր նրանց մասնագիտությունները, մարզի պետական ու մասնավոր ոլորտներում առկա  թափուր աշխատատեղերը եւ աջակցեր բռնագաղթած արցախցիներին Տավուշում աշխատանքի տեղավորելու գործում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս