ԿՆԵՐԿԱՅԱՆԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ռուսական լավագույն ռոմանսներն ու հայ կոմպոզիտորների սիրված ստեղծագործությունները հնչեցին «Հայկական Ռոմանսիադա» 4-րդ ամենամյա մրցույթի ընթացքում: «Ռոմանսիադա»  ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի հայաստանյան փուլը կազմակերպել էին Ռուսական ռոմանսի պահպանման «Ռոմանսիադա» բարեգործական հիմնադրամը, Երեւանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը՝ Հայաստանի երաժշտական ընկերության, Մոսկվայի կառավարության, Մոսկվայի արտաքին տնտեսական եւ միջազգային կապերի դեպարտամենտի եւ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

 

Մրցույթի նպատակն է որպես երաժշտական ուղղություն տարածել ռուսական ռոմանսի մշակույթն ու զարգացնել ավանդույթները, բացահայտել եւ աջակցել երիտասարդ տաղանդավոր արտիստներին եւ կատարողներին։

Այս տարի մրցակցությունը թեժ էր, մասնակցում էին հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի, «Կապելա» ազգային ակադեմիական երգչախմբի, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի եւ Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի «Երիտասարդական օպերային ծրագրի»  մենակատարները: Մասնակիցները ցուցադրեցին  ռոմանսի կատարման տարբեր ոճեր՝ ակադեմիականից մինչեւ ժամանակակից:

«Հայկական ռոմանսիադա» մրցույթի ժյուրիի կազմում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Կոնսերվատորիայի, Չարենցավանի Ա? Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի ներկայացուցիչներ։

«Հայ կատարողներն ամեն անգամ զարմացնում են՝ ցուցադրելով անհավանական բարձր մակարդակ։ Այս տարին բացառություն չէր, մեզ համար շատ դժվար էր ընտրել հաղթողին», –   նշեց ժյուրիի համանախագահ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, «Ռոմանսիադա» մրցույթի հիմնադիր Գալինա Պրեոբրաժենսկայան։

Մրցութային երկու փուլերի արդյունքում մրցանակակիրներ դարձան Մերի Միսակյանը եւ Կարինե Աղաջանյանը (3-րդ տեղ), Արփի Սինանյանը եւ Հովհաննես Օրդանյանը (2-րդ տեղ), Ռիտա Պետրոսյանը եւ Ֆերդինանդ Մուրադյանը (1-ին տեղ):

Հատկանշական է, որ  «Հայկական ռոմանսիադա» մրցույթը ոչ միայն օգնում է տաղանդավոր կատարողներին, այլեւ նպաստում է ազգային ռոմանսի պահպանմանն ու հանրահռչակմանը: Նախօրեին «Դոմ Մոսկվի» կենտրոնում տեղի ունեցավ «Հայ կոմպոզիտորների ռոմանսներն ու երգերը. ընտրանի» հավաքածուի շնորհանդեսը։

Նախագծի հեղինակը եւ ժողովածուի կազմողը Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, Կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանն է։ Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի աջակցությամբ տպագրված հավաքածուում տեղ են գտել հասարակությանը քիչ ծանոթ բացառիկ երաժշտական աշխատանքներ, որոնք կարեւոր արժեք են պահպանման եւ սերունդներին փոխանցման համար։  Նախագծի նպատակն է նպաստել ազգային երաժշտության պահպանմանը՝ ներկայացնելով արվեստի հայ երախտավորներին ու նրանց ստեղծագործությունները։

 

 

ՄՇԱԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է

Ջոն Ուիքի «տիեզերքն» ընդլայնվում է՝ ֆիլմից վերածվելով սերիալի: Collider-ին տված հարցազրույցում ռեժիսոր Չադ Ստահելսկին հաստատել է, որ եւս մեկ սերիալ է սպասվում։

Ինչ վերաբերում է 4 մասից բաղկացած ֆիլմաշարին, հաջորդ ամառ էկրաններին կհայտնվի Անա դե Արմասի մասնակցությամբ սփին-օֆֆը: Երկրպագուներին դուր է եկել նաեւ «Կոնտինենտալ» պրիքվելը, որը ներկայացնում է Նյու Յորքի հայտնի՝ Continental հյուրանոցի սեփականատեր Ուինսթոն Սքոթի՝ իշխանության գալու պատմությունը:

Ըստ Ստահելսկու՝ կան մի շարք գաղափարներ, որոնց վրա ներկայումս աշխատում են մի խումբ սցենարիստներ։ «Դրանք բոլորը հիանալի գաղափարներ են, եւ ես մտքեր ունեմ, թե ինչպես դրանք իրականացնել: Մենք Ջոն Ուիքի մասին հեռուստատեսային շոու ենք անում, ինչը նոր մտահղացումներ է տալիս»,- նշել է նա։

 

 

 

ՎԻՃԱԿԸ՝ ՎԹԱՐԻՑ ՀԵՏՈ

Երգչուհի Ալլա Լեւոնյանը վթարի է ենթարկվել։

Shamshyan.com-ը հայտնել էր, որ նոյեմբերի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 22:20-ի սահմաններում Աբովյան պուրակում բախվել են Երեւանի բնակիչներ, 48-ամյա Ալլա Լեւոնյանի վարած Toyota Highlander մակնիշի ավտոմեքենան եւ 40-ամյա Արթուր Գեւորգյանի վարած Zhongtong մակնիշի ավտոբուսը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 1 հոգի տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երգչուհին հայտնեց, որ ամեն բան կարգին է, փոքրիկ միջադեպ է եղել, որի հետեւանքով, փառք Աստծո, ոչ մեկ չի տուժել։

«Ամեն բան կարգին է, ես լավ եմ, շնորհակալություն»։

Ինչ վերաբերում է հիվանդանոց տեղափոխված անձին, Ալլան նշեց, որ նրա վիճակը եւս լավ է, պարզապես կտրուկ արգելակելու ժամանակ ավտոբուսի մեջ կինը ընկել է, բնականաբար պետք է տեղափոխեին հիվանդանոց: Բարեբախտաբար հնարավորինս շուտ տուն է հասել, քանի որ լուրջ բան չի եղել։

Հավելենք, որ Լեւոնյանը ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում պարզաբանել է.

«Քանի որ ստանում եմ բազմաթիվ զանգեր, որոշեցի այս տարբերակով գրել…

Սիրելի՛ ընկերներ, հարազատներ, հետեւորդներ, համացանցում քիչ առաջ տարածվել է նյութ՝ ավտովթարի մասին՝ իմ մասնակցությամբ…

Շնորհակալ եմ անհանգստության համար։

Փառք Աստծո, փոքրիկ միջադեպ էր, ոչ ոք չի տուժել, ամեն բան կարգին է»։

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ

Մեծ Բրիտանիայի Մեն կղզում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը:

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ` Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 8-րդ տուրում Շանթ Սարգսյանը սեւ խաղաքարերով պարտության մատնեց ադրբեջանցի գրոսմայստեր Նիջաթ Աբասովին: Մանուել Պետրոսյանի, Գաբրիել Սարգսյանի, Հրանտ Մելքումյանի եւ Հայկ Մարտիրոսյանի խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

8-րդ խաղափուլից հետո Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը եւ Մանուել Պետրոսյանը ունեն 4.5 միավոր, Հրանտ Մելքումյանը եւ Գաբրիել Սարգսյանը՝ 4 միավոր, Հայկ Մարտիրոսյանը՝ 3.5 միավոր։

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան: Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանն ու Մարիամ Մկրտչյանը ունեն 3 միավոր:

 

 

 

ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Հայաստանի սամբոյի հավաքականը ընդլայնված կազմով կմասնակցի Երեւանում կայանալիք աշխարհի առաջնությանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ` վերջին ուսումնամարզական հավաքից հետո ընտրանիների կազմում ընդգրկված են հետեւյալ սամբիստները.

58 կգ` Տիգրան Կիրակոսյան

64 կգ` Նարեկ Դալլաքյան

71 կգ` Արամ Աղաջանյան

79 կգ` Բորիս Շատվերյան

88 կգ` Վահագն Չալյան

98 կգ` Արսեն Խանջյան

Գերծանր` Հակոբ Առաքելյան

Մարտական սամբո.

58 կգ` Մխիթար Մխիթարյան

64 կգ` Վահրամ Գրիգորյան

71 կգ` Վաչիկ Վարդանյան

79 կգ` Սարգիս Վարդանյան

88 կգ` Ավետիք Պողոսյան

98 կգ` Արման Ավանիսյան

Աղջիկներ թիմ.

50 կգ` Արփինե Մնացականյան

54 կգ` Վարսիկ Գրիգորյան

59 կգ` Մելինե Մամիկոնյան

65 կգ` Մարինա Մարտիրոսյան

80 կգ` Նելլի Ավետիսյան

Գերծանր` Աննա Մկրտչյան:

Սամբոյի մեծահասակների աշխարհի 2023 թվականի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 10-12-ը Երեւանում։

 

ՀԱՅՏՆԻ Է ԿԱԶՄԸ

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանին աշխարհի առաջնությանը կմասնակցի ընդհանուր առմամբ 7 մարզիկով:

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ` Մեքսիկայի Գվադալախարա քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցեն  Գոռ Սահակյանը (67 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ):

Աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 15-ին, կեզրափակվի 23-ին:

 

 




Լրահոս