Լուսանկարը՝ համացանցից
Հայտնի է նոյեմբերի 10-12-ը Երեւանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնության խորհրդանիշը՝ Տարուն:
Հայկական հավատալիքներում արջն ուժի, ինքնաբուժության եւ պաշտամունքի առարկա է եղել: Առասպելներից մեկի համաձայն՝ հայոց լեռներում եղել է կենարար ուժը տասնապատկող «Արջի աղբյուր» անունով մի լիճ: Աղբյուրը հսկել է Տարու անունով արջը, որի բացարձակ ուժը թույլ էր տալիս ճեղքելու ցանկացած ապառաժ ու ժայռ: Տարուն թույլ չէր տալիս որեւէ մեկին մոտենալ ջրին, որպեսզի այդ ուժը հանկարծ չզորացներ չարին: Ասում են՝ մի անգամ մի ճամփորդի հաջողվում է գտնել Արջի աղբյուրը, բայց Տարուին հաղթել նա չի կարողանում: Արկածախնդիր ճամփորդը շուտով դառնում է Տարուի աշակերտը՝ նրանից սովորելով ուժի իրական աղբյուրը: Տարիներ անց ճամփորդը իջնում է լեռներից եւ սկսում աշխարհով մեկ տարածել Տարու արջի պայքարի արվեստը՝ մեզ հայտնի որպես «սամբո»:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ քանի օրինակից է կնքվում ստորագրությունների իսկության ճանաչմամբ կնքվող պայմանագիրը:
Լուսինե Միքայելյան (32 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ստորագրությունների իսկության ճանաչման նպատակով ներկայացվող պայմանագիրը ստորագրվում եւ ընդունվում է պետական գրանցման մեկ օրինակից, որը համարվում է այդ պայմանագրի բնօրինակը եւ պահպանվում է տվյալ անշարժ գույքի միավորի համար կազմված կադաստրային գործում:
Պայմանագրի կողմի դիմումի հիման վրա՝ նրան տրամադրվում է պետական գրանցման ընդունված պայմանագրի պատճենը՝ հաստատված Կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակի կնիքով: Նման կարգով տրամադրված պատճենը եւ անշարժ գույքի ռեգիստրում պահպանվող պայմանագրի բնօրինակն ունեն հավասար իրավաբանական ուժ:
Կադաստրի կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանի Հանրապետության կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակներում անշարժ գույքի գործարքները կարող են կնքվել միայն ՀՀ կառավարության կողմից հաստատված օրինակելի պայմանագրերի հիման վրա: Եթե կողմերին անհրաժեշտ է ներառել լրացուցիչ պայմաններ, որոնք նախատեսված չեն օրինակելի պայմանագրերում, ապա նման դեպքում գործարքը կպահանջի նոտարական վավերացում:
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Քոլեջի շրջանավարտը կարո՞ղ է ուսումը շարունակել բուհի 2-րդ կուրսում:
Սիլվա Հունանյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ քոլեջի բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու գործընթացը կազմակերպվում է ՀՀ կառավարության՝ 2015 թվականի հուլիսի 8-ի N 752-Ն որոշմամբ: Հավակնորդների կրթությունը բուհում կազմակերպվում է հետեւյալ կերպ` մինչեւ 2014 թվականը ՄՄՈՒՀ ընդունված hավակնորդների դեպքում՝ առկա կամ հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած եւ նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը, իսկ հետագա ժամանակաշրջանում ընդունված hավակնորդների դեպքում` միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած եւ նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը։
Առարկայական տարբերություն է համարվում նախընտրած մասնագիտության ուսումնական պլանով հաստատված, սակայն hավակնորդի կողմից չուսումնասիրված, չգնահատված առարկաների ժամաքանակների կամ մոդուլային ուսումնական ծրագրի բովանդակության համեմատությամբ առնվազն 30 եւ ավելի տոկոս կազմող տարբերությունը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հավակնորդը կամ քոլեջը համապատասխան փաստաթղթերը ներկայացնում է բուհ մինչեւ տվյալ տարվա օգոստոսի 30-ը։ Հատկացված տեղերից ավելի դիմումների դեպքում սահմանված կարգով անցկացվում է մրցույթ: