ԴԱՏԱՎՈՐ ՉԻՉՈՅԱՆԻ ԿԱՍԿԱԾԵԼԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի սեպտեմբերի 15-ին, իսկ հայտարարագիր ներկայացրել է մարտի 9-ին։ Դատավոր Չիչոյանը հայտարարագրել է 2 բնակարան բազմաբնակելի շենքում եւ մի հողամաս. անշարժ գույքը ժառանգություն է ստացել Չիչոյանը։ Բնակարաններից մեկը գտնվում է Երեւանի Արաբկիր վարչական շրջանում, իսկ մյուսը՝ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում, հողամասը Շողակաթ համայնքում է։ Չիչոյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Նրա բանկային ավանդները կազմել են 6 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 18 մլն դրամ եւ 20 հազար դոլար։ Դատավոր Չիչոյանն ունի նման ֆինանսական միջոցներ, սակայն նրա տարեկան եկամուտները կազմում են 4 մլն 667 հազար դրամ։ Եկամուտներից 2 մլն 95 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ բարձրագույն դատական խորհրդից, 2 մլն 80 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից, իսկ 492 հազար դրամը վարկ է «Էվոկա» բանկից։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4 մլն 514 հազար դրամ։ Անհասկանալի է մնում եւ կասկածելի թվում, թե ինչպես է Չիչոյանը տարեկան եկամտի չափին հասնող վարկային միջոցները մարում։ Նաեւ հետաքրքիր փաստ կարող է դիտվել այն, որ դատավորի կանխիկ դրամական միջոցները 6,5 անգամ գերազանցում են նրա տարեկան եկամուտները։ Նա նաեւ չի նշել այս գումարների ստացման աղբյուրները, ինչը կարող է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մոտ կասկած առաջացնել, եւ ԿԿՀ-ն որոշում կայացնի վարույթ հարուցելու։ Հիշեցնենք, որ Ժորա Չիչոյանը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Մարտիրոսյանին կալանքի տակ վերցնելու որոշում կայացրած դատավորն է։ Այս որոշումից հետո մամուլը գրեց, որ դեռեւս մեկ տարի առաջ ՀՀ նախագահն առարկություն էր ներկայացրել Ժորա Չիչոյանին դատավոր նշանակելու մասով ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ, որը ԲԴԽ-ն ընդունել էր ի գիտություն, սակայն ԲԴԽ-ում դատավոր հորեղբոր՝ Սերգեյ Չիչոյանի եւ իր հոր` Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանի գործուն ջանքերով ԲԴԽ-ն հաշվի չառավ նախագահի առարկությունը, Ժորա Չիչոյանին նշանակեց դատավոր: Իշխանության «սրտի դատավոր» Ժորա Չիչոյանն էլ, որ քար չգցի իր հոր` Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանի կարիերայի վրա, հորեղբոր` դատավոր Սերգեյ Չիչոյանին չվնասի, կամ հորեղբոր փեսայի` Անուշավան Մուշեղյանի համար խնդիրներ չստեղծի (որը նույնպես դատավոր է), կալանքի տարավ զոհվածի մորը:

 

 

 

 

Օրեր առաջ մամուլը գրել էր, որ Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը, սեփական դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից։ Վերջինս, սակայն, հաջորդ օրը  ֆեյսբուքյան իր էջում գրեց, թե ազատման դիմում չի գրել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝  նրա՝ աշխատանքից ազատման շուրջ լուրջ խմորումներ են գնացել քաղաքապետարանում: Բանն այն է, որ Տիգրան Ավինյանը փոխքաղաքապետերի նշանակումից հետո բաժանումներ է արել, թե նրանցից ով որ ոլորտը պետք է համակարգի: Ըստ այդմ, փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը պետք է քաղշին ոլորտը վերահսկեր: Եւ, ահա, Լեւոն Հովհաննիսյանն իր մոտ է կանչել Խորեն Գրիգորյանին ու ասել, որ այսուհետ պետք է հաշվետու լինի իրեն, պահանջել է նաեւ այսուհետ իրեն ցույց տալ շինթույլտվությունների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը: Մշտապես ինքնագործունեությամբ զբաղվող  Խորեն Գրիգորյանին դուր չի եկել, որ իրեն պետք է այսուհետ վերահսկի Հովհաննիսյանը, եւ նա «սպառնացել է», թե ազատման դիմում կգրի: Այդ խոսակցության ընթացքում Հովհաննիսյանի աշխատասենյակում թեժ կռիվ է սկսվել: Ավելի ուշ Տիգրան Ավինյանն իր մոտ է կանչել  Լեւոն Հովհաննիսյանին եւ Խորեն Գրիգորյանին ու ասել է՝ պետք է մի կողմ դնեն տարաձայնությունները ու նորմալ աշխատեն միասին: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, այդ օրը՝ մինչեւ ուշ ժամ, քաղաքապետարանում լարված իրավիճակ է եղել: Երկար խոսակցություններից հետո  Խորեն Գրիգորյանը հետ է կանգնել իր «սկզբունքային» որոշումից: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, թեեւ իրավիճակը ժամանակավորապես հարթվել է, բայց Հովհաննիսյան-Գրիգորյան հարաբերությունները մի օր պայթելու են:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օրերս իրավապահ մարմինները բերման են ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանին, կոմունալ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանին, առեւտրի բաժնի պետ Հրայր Արամյանին եւ կոմունալի աշխատակից Վան Հարությունյանին՝ գնումների գործընթացը ոչ պատշաճ կատարելու կասկածանքով: Ըստ տեղեկությունների՝ կասկածյալների ցանկում է նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Սաշա Կատվալյանը, որն այժմ զբաղեցնում է Երեւանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կատվալյանը նշել էր, որ կապ չունի այդ ամենի հետ, իրեն չեն կանչել հարցաքննության, եւ չնայած որ Բարխուդարյանն իր ընկերն է, եւ ինքը խորհուրդներով նրան պարբերաբար օգնել է, դա ոչինչ չի ենթադրում: «Ժողովուրդ» օրաթերթին ավելի ուշ տեղեկություններ հասան, որ Կատվալյանը ոչ միայն այս թեմաներին է առնչվում, այլ նաեւ խնամի-ծանոթ-բարեկամ «շարժմանն» է հարում: Մասնավորապես, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Կատվալյանը «տեղավորել է» քաղաքապետարանում իր կնոջը՝ Շուշանիկ Ղեւոնդյանին՝ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը:      Շարունակությունը՝ ArmLur.am կայքում:

 

 

 

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը խոստովանում է, որ նոր չափորոշիչներով դասագրքերի տպագրման եւ ստեղծման գործընթացը, ըստ էության, տապալել է։ Ավելին՝ կառույցն այժմ փորձում է փրկել իրավիճակը։ Բանն այն է, որ նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման, որով առաջարկում է հանձնաժողով ստեղծել։ Հիմնավորման մեջ կառույցը խոստովանում է. «Դասագրքերի ստեղծման գործընթացի ավարտին պարզ դարձավ, որ, մասնավորապես, սահմանված կարգով ուսուցչական համայնքից ընտրված մասնագետների շտեմարանից ձեւավորված մասնագիտական խմբերում գիտականությանը, Հանրակրթության պետական նոր չափորոշչին համապատասխանությանը, ինպես նաեւ բովանդակային այլ հարցերի ուսումնասիրությունը մասնագետների կողմից որոշ դեպքերում  իրականացվել է ոչ պատշաճ կերպով՝ խախտելով ընթացակարգային պահանջները: Տպագրված դասագրքերում առկա խնդիրները բացառելու, հաջորդ ուսումնական տարվա համար տպագրվող դասագրքերը հնարավորինս պատշաճ ընթացակարգով իրականացնելու նպատակով սույն նախագծով առաջարկվում է ուսումնական նյութը յուրաքանչյուր փուլով անցկացնելու հստակ գործընթաց: Նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովն իրականացնելու է ներկայացված ուսումնական նյութերի փորձաքննություն»։ Այսինքն՝ խոստովանում են, որ խախտումներ եղել են, սակայն հիմա էլ որոշել են հանձնաժողով ստեղծել, որ պատասխանատվությունը հետագա ձախողման դնեն այդ խմբի վրա։ Ըստ ամենայնի, դա էլ կտապալի նախարար Ժաննա Անդրեասյանը, պարզապես մտադիր է ի սկզբանե մեղավորներ փնտրել:




Լրահոս