ԻՆՁ ՄՈՏ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ «ՇՇԿՌՎԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն բերման է ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանին եւ թաղապետարանի մի քանի աշխատակիցների: Նրանք, նախնական տվյալներով, մեղադրվում են խոշոր չափերի յուրացման համար:

 

«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցել է նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նորանշանակ ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Ռոմիկ Մխիթարյանի հետ:

-Պարո՛ն Մխիթարյան, մինչ պաշտոն ստանձնելը տեղյա՞կ էիք՝ ինչ է կատարվում վարչական շրջանում, տեղյա՞կ էիք՝ ինչ ժառանգություն եք ստանում:

-Բացարձակ տեղյակ չեմ եղել, նոր եմ սկսում ծանոթանալ: Դա իմ խնդիրն էլ չէ, իրավապահ մարմինները երեւի լրացուցիչ հայտարարություններ կանեն:

-Պարո՛ն Մխիթարյան, իսկ կատարվածին ի՞նչ գնահատական կտաք. փաստացի Մալաթիա վարչական շրջանի ղեկավարությունը թաթախված է եղել կոռուպցիայի մեջ: Ի՞նչ եք անելու, որ վերահսկեք իրավիճակը, որպեսզի Ձեր պաշտոնավարման ժամանակ նման խախտումներ չլինեն:

-Ես երկուշաբթի օրվանից, երբ անցնեմ իմ բուն պարտականություններին, կհասկանամ՝ ինչ է կատարվում, ինչ է սպասվում, իրավապահների կողմից ինչ ընթացք է տրվում։ Ըստ դրամ, եթե անհրաժեշտություն լինի, կկատարեմ անհրաժեշտ փոփոխություններ։ Ամեն դեպքում, վարչական շրջանի աշխատակազմի աշխատանքները չեն դադարելու, նորմալ շարունակվելու են:

Միանշանակ կանխելու եմ. ես իմ ամբողջ կյանքը ծառայել եմ հայրենիքին եւ այդպես շարունակելու եմ։ Ինձ մոտ ոչ ոք չի կարող «շշկռվել» ու ինչ-որ խախտումներ անել:

-Եթե վարչական շրջանի աշխատակիցները, որոնք նույնպես մեղադրվում են գումար յուրացնելու համար, արդարացվեն ու վերադառնան, շարունակելո՞ւ եք նրանց հետ աշխատել:

-Ես այսօր հանդիպել եմ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների հետ եւ ասել եմ՝ նա, ով իմ աշխատելաոճին, իմ տեմպին ու իմ մաքրությանը կդիմանա, նորմալ կաշխատի, կշարունակենք իրար հետ աշխատել, ով չէ, կարող է հեռանալ:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԳՈՀ Է ԵՎ ԵՐՋԱՆԻԿ

ՔՊ-ական պատգամավոր Էդգար Հակոբյանը, որը հերքում է այն, որ իր կինը եւ Աննա Հակոբյանը մորաքրոջ աղջիկներ են՝ ասելով, որ Հակոբյան ազգանուն ունենալը դեռ չի նշանակում, որ իրենք բարեկամ են, պարզվում է՝ թշնամական հարաբերությունների մեջ է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Արման Բարխուդարյանի հետ:

 

Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ իրավապահ մարմինները բերման են ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանին, կոմունալ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանին, առեւտրի բաժնի պետ Հրայր Արամյանին եւ կոմունալի աշխատակից Վան Հարությունյանին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ համայնքապետարանը գնումների գործընթացը լիակատար չի կատարել, չարաշահումներ են հայտնաբերվել, այսինքն՝ հայտարարվել է մրցույթ, որից հետո նախատեսված գումարն իր նպատակին չի ծառայել, այդ գումարի մի մասը, այսպես ասած, մեջ-մեջ է արվել:

Ավելի ուշ իրավապահ մարմինները ստորագրությամբ ազատ արձակեցին բերման ենթարկվածներին:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ հուլիսի 7-ին գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գրասենյակի գործունեությունը դադարեցված է: ՔՊ գրասենյակի փաստացի լուծարման պատճառը դարձյալ ընտրակեղծիքներն են եղել։

Պարզվել էր, որ Մալաթիայում ՔՊ-ն թեւերի է բաժանված եղել. մի թեւն ուղղորդվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանի կողմից, մյուս թեւը՝ ՔՊ-ական պատգամավոր, վարչապետի տիկնոջ ազգական, Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կառույցի խորհրդի նախագահ Էդգար Հակոբյանի կողմից: ՔՊ տարածքային կառույցի խորհրդի նախագահի եւ անդամների ընտրությունների ժամանակ կողմերը իրենց ցանկալի մարդկանց ցուցակներ են տվել շարքային ՔՊ-ականներին, որպեսզի ընտրեն, եւ այդ կեղծիքը պատահաբար բացահայտվել է:

Կարծես թե պարոն Հակոբյանը գոհ է, որ իր «թիրախները» հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում ու այս ամեն ինչից ելնելով՝ քեֆ-ուրախության մեջ է, ո՛չ ավել, ո՛չ պակաս, ՔՊ-ն գովազդող, ՔՊ-ի սիրելի երբեմնի գրող ու դերասան Գնել Սարգսյանի հետ:

 

 

Ի՞ՆՉ ՑՈՒՑՄՈՒՆՔ ԵՆ ՏՎԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթին  հայտնի է դարձել՝ «Աշտարակի ձոր»-ի աղմկահարույց կրակոցների  գործով  անցնող համայնքի ղեկավարները ինչ ցուցմունք են տվել  ՀՀ քննչական կոմիտեում։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ Ուջանի համայնքապետ Գրիգոր Հարությունյանն իր ցուցմունքում գրել է, որ, իբր, մեքենան խափանված է եղել Աշտարակի ձորի «Արեւիկ» ռեստորանի մոտակայքում, ինքը բեռնփոխադրող  ընկերություն է կանչել, որ մեքենան տանեն։ Տարածքում լսել է աղմուկ ու տեսել է՝ քաղաքապետի տեղակալը վիրավորված է, օգնության է հասել ու մեքենայով տարել է։ Ասել է թե՝ նա իր ցուցմունքով փորձել է համոզել  իրավապահներին, որ կռվի հետ կապ չունի։ Ուշիի համայնքապետ Մարտին Մարտիրոսյանը ընդհանրապես գրել է, որ դեպքի վայրում  չի եղել  ու դեպքի ժամանակ մասնակցել է Աշտարակ քաղաքում հիշատակի նվիրված արարողության։ Այսինքն՝ համայնքների ղեկավարները «գողական են գնում», ինչպես կասեր դասականը: Սակայն նախաքննական մարմինը, կարծես թե, չի հավատացել նրանց, մեղադրանք  է առաջադրել ու տնային կալանքի տակ է պահում։ Մինչ օրս հարցաքննված չէ Աշտարակի քաղաքապետ Թովմաս  Շահվերդյանը եւ կրակոցներից վիրավորված նրա տեղակալը. վերջինս դեռ հիվանդանոցում է։ Ինչո՞ւ են իրավապահները խնայում քաղաքապետին, արդյոք հովանավորչությա՞մբ են զբաղված։

ArmLur.am-ը գրել էր՝ հոկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզի «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրից դեպի «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտի կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով Աշտարակի քաղաքապետի տեղակալին՝ վիրավորում ստացած, տարել էին հիվանդանոց:

Ավելի ուշ shamshyan.com-ը գրեց, որ իրավապահները տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալել են Ուջան համայնքի ղեկավար, 28-ամյա Գրիգոր Հարությունյանին, «Ես եւ նա» ՍՊԸ տնօրեն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը՝ 54-ամյա Նաիրի Սահակյանին (որը տնային կալանքի տակ է), Ուշի համայնքի ղեկավար, 45-ամյա Մարտին Մարտիրոսյանին եւ այլոց: Հիմա այն մասին, թե կոնկրետ ինչ է կատարվել:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրի սեփականատերը վերոնշյալ հատվածում՝ հողի վրա, աշխատանքներ է իրականացրել, եւ նշված հասցե է եկել Աշտարակի քաղաքապետ, ՔՊ թիմակից դարձած նախկին ՀՀԿ-ամերձ Թովմաս Շահվերդյանը ու սկսել վիճել նրանց հետ, այդ հողի մասով առարկություններ ներկայացրել, որից հետո հեռացել է: Ապա դեպքի վայր են հասել ոստիկանները, քանի որ օպերատիվ տվյալներ են ստացել, որ նշված հասցեում «մարտաֆիլմ» է լինելու: Այդպես էլ եղել է. դեպքի վայր է եկել մոտ 40-հոգանոց խումբ ու սկսել քարերով, բահերով դաժան ծեծի ենթարկել ռեստորանի տիրոջը: Անգամ ոստիկանների ներկայությունը չի սաստել խմբի անդամներին: Այս իրավիճակը տեսնելով՝ ռեստորանի տիրոջ տղան հանել է ավտոմատը ու կրակել, որպեսզի սաստի ներկաներին, եւ կրակոցներից վիրավորվել են Աշտարակի քաղաքապետի տեղակալն ու եւս մեկ անձ։ Իրավապահ համակարգում քննությունը շարունակվում է, եւ ենթադրություններ կան, որ միգուցե քաղաքապետ Թովմաս Շահվերդյանն է այս խմբին ուղարկել ռեստորանի տիրոջ դեմ: Դատական համակարգն էլ, ըստ էության, ուսումնասիրելով նախաքննական մարմնի միջնորդությունը, հասկացել է, որ ռեստորանի սեփականատիրոջ որդին 40-հոգանոց խմբի ճիրաններից հորը փրկելու համար է կրակել։ Այսինքն՝ իրական մեղավորներին այլ տեղ պետք է փնտրել:

 

 

 




Լրահոս