ՔՊ-ական պատգամավորը հեղափոխությունից հետո մեծ ձեռքբերումների է հասել. ինչ ունեցվածք ունի Դանիելյանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը, որը Կապանում ՔՊ-ական իշխանությունների թեկնածուն էր եւ խայտառակ պարտություն կրեց, հեղափոխությունից հետո մեծ ձեռքբերումների է հասել:

Դավիթ Դանիելյանը հեղափոխությունից հետո ձեռք է բերել 2 բնակարան բազմաբնակարան շենքում՝ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Մեկ անհատական բնակելի տուն եւ հողամաս Դանիելյանը հայտարարագրել է Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում 2015 եւ 2021 թվականներին։ Դանիելյանը 2021 թվականին ձեռք է բերել Kia մակնիշի մեքենա՝ 2012 թվականի արտադրության։ Պատգամավորի կանխիկ դրամական միջոցները կազմել են 8 մլն դրամ, իսկ տարեկան եկամուտները կազմել են 15 մլն 197 հազար դրամ։

Դանիելյանի եկամուտներից 7 մլն 766 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։ Դանիելյանը 18 հազար եվրո եկամուտ է ստացել ոմն Արտակ Խաչատրյանից։ Ինչի դիմաց՝ պարզ չէ. թերեւս իրավապահների պարզելիքն է:

Նշենք, որ պատգամավորի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 մլն 500 հազար դրամ։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական Դավիթ Դանիելյանն այն պատգամավորն է, որը, խորհրդարանում գտնվելով, չի մասնակցել Հռոմի ստատուտի վավերացման քվեարկությանը։ Նաեւ նա հայտնի է իր ընկերներին աշխատանքի տեղավորելով, օրինակ՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարում է Արմեն Հովհաննիսյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր տնօրենի տեղակալի պաշտոնը։ Արմեն Հովհաննիսյանը վրաչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմ ընկերն է, իսկ Դանիելյանը Արայիկ Հարությունյանի սանիկն է:

Արմեն Հովհաննիսյանի՝ տնօրենի պարտականությունները ստանձնելուց հետո ՊՈԱԿ-ի փոխտնօրեն է նշանակվել պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարազատ եղբայրը՝ Հայկ Դանիելյանը, որը մինչ այդ տնօրենի խորհրդականն էր, իսկ այդ պաշտոնից առաջ աշխատում էր Կոտայքի մարզային ծառայությունում։ Հովհաննիսյանի նախագահության օրոք ՊՈԱԿ-ը զարգացման ծրագրերի մշակման աշխատանքների համար գնման պայմանագիր է կնքել «Կրատոս» ՍՊԸ-ի հետ, որը հիմնադրվել է դրանից 21 օր առաջ՝ մարտի 4-ին։ Պայմանագրի արժեքը կազմել է 900 հազար դրամ։ «Կրատոս» ՍՊԸ-ի միակ սեփականատերն ու տնօրենը պատգամավոր Դավիթ Դանիելյանի կինն է՝ Անի Անտոնյանը։

Հավելենք նաեւ, որ Անի Անտոնյանը աշխատում է պետական ֆինանսավորում ունեցող միակ լրատվամիջոցում՝ Հանրային հեռուստաընկերությունում որպես մասնագետ՝ ըստ ամուսնու հայտարարագրի։ Նա Հանրային հեռուստաընկերությունից ստացել է 1 մլն 800 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։ Պատգամավորի կինը հայտարարագրել է 10 հազար դոլար կանխիկ դրամական միջոց, իսկ բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 500 հազար դրամ։

Ահա այսպես «խնամի-ծանոթ-բարեկամ» ինստիտուտի զարգացմամբ է զբաղված հեղափոխական իշխանությունը, իսկ նախկինում բողոքում էին դրա դեմ, քանի որ չէին կարողանում իրենց ծանոթներին աշխատանքի տեղավորել:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս