ArmLur.am-ը ներկայացնում է, թե ինչ է կատարվել այսօր աշխարհում:
Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռը Երևանի Զվարթնոց օդանավակայանի տարածքում թանձր մառախուղի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Թբիլիսիում։
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովից Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա) Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին կոչ են արել աջակցել Հայաստանին: Այդ մասին նշված է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում:
«Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով փախած 106 000 հայերը ինը ամսվա մեկուսացումից հետո Հայաստանում արժանապատիվ կացարան են գտել, և նրանց արտակարգ օգնություն է ցուցաբերվել Հայաստանի իշխանությունների քայլերի և բնակչության համերաշխության շնորհիվ»,- հայտարարել են համազեկուցողները:
Հնդկաստանը Հայաստանին 30 մմ և 40 մմ նռնակներ կմատակարարի։ Այս մասին գրում է IADN-ը X-ի միկրոբլոգում։
«150 հազար միավոր նռնակներ Հայաստան կմատակարարվի «Munitions India Limited»-ի կողմից։ Իսկ 2 ամիս առաջ MIL ընկերությունը Հայաստան էր մատակարարել 5 միլիոն միավոր 7,62 մմ տրամաչափի փամփուշտ»,-գրում է աղբյուրը։
Թուրքական հայալեզու «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը պայմանականորեն ազատ է արձակվել։
Հայաստանը պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ին՝ այս կազմակերպությունից դուրս գալու վերաբերյալ, ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը: