12 մլն տարեկան եկամուտ, նոր հողամաս․ ՔՊ-ական Տաթևիկ Գասպարյանի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը քաղաքական դաշտ է եկել 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Մինչ պատգամավոր դառնալը՝ Գասպարյանը 2005-2006 թվականներին եղել է Օհանյան վարժարանի անգլերենի ուսուցչուհի: 2006 թվականից՝ Եվրասիա միջազգային համալսարանի, 2018 թվականից «Նորարարական կրթություն» հիմնադրամի դասախոս է եղել։ 2016 թվականից «Հասարակության զարգացմանն աջակցող կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամ է։ Գասպարյանը հարուստ կենսագրություն չունի։

Գասպարյանը  տարեսկզբին հայտարարագրել էր 2 անշարժ գույք՝ մեկ հողամաս և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված շինություն, որը դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում։ Նշված անշարժ գույքը պատգամավորը ժառանգություն է ստացել 2001 թվականին։ 2022 թվականին Գասպարյանը կոտայքի մարզի Աբովյան քաղաքում համատեղ սեփականությամբ հողամաս է ձեռք բերել։ Տրանսպորտային միջոցները Գասպարյանը չի հայտարարագրել։

Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 37 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 250 հազար դրամ։ Պատգամավորի տարեկան եկամուտները կազմել են 8 մլն 11 հազար դրամ, որից 7 մլն 866 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային Ժողովից, իսկ 145 հազար դրամ Գասպարյանը ստացել է Եվրասիայի միջազգային համալսարանից։

Նրա ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 մլն դրամ։

Գասպարյանը բնակարան չի հայտարարագրել, սակայն Ազգային անվտանգության ծառայությունում աշխատող ավագ ինժեներ ամուսինը՝ Արսեն Մխիթարյանը, հայտարարագրել է բնակարան բազմաբնակարան շենքում։ Նա բնակարանը ժառանգություն է ստացել 2021 թվականին Նոր Նորք վարչական շրջանում։ Ամուսինը 2019 թվականին ձեռք է բերել 2015 թվականի արտադրության Ford մակնիշի մեքենա։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմում են 290 հազար դրամ։

Գասպարյանի ամուսինը ԱԱԾ-ից աշխատանքի վարձատրություն է ստացել 4 մլն 947 հազար դրամ։ Ամուսնու ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2 մլն 462 հազար դրամ։

Հավելենք նաև, որ Տաթևիկ Գասպարյանը խորհրդարանում մշտապես լռակյաց է։ Ստացվում է, որ նա ևս խորհրդարան է եկել իշխանության որոշումներին կողմ քվեարկելու համար։

Էմմա Միքայելյան




Լրահոս