Կոմիտասում գտնվող Մերգելյան այգում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն այսօր հաստաբուն ու առողջ ծառեր է կտրել:
ArmLur.am-ի հետ զրույցում քիչ առաջ պատմել է Երևանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը: «Այս գարնանը սկսեցին Մերգելյանի տարածքից հեռացնել սրճարանները և փոքրիկ կրպակները, այն հիմնավորմամբ, որ վերակառուցելու են, ավելորդ շինություններից ազատելու են այդ տարածքը, բայց պարզվեց այդ ամենի նպատակն այն է, որ նոր կառուցապատում այդտեղ իրականացնեն: Այդ տարածքում հին, հաստաբուն ծառեր էին ամբողջությամբ, այն մարդիկ, ովքեր օգտագործում էին սրճարաններն ու կրպակները, նաև ծառերի համար էին հոգում:
Իրենք դիտավորյալ ամբողջ ամառ չջրեցին, ծառերը միտումնավոր վնասեցին, իբր թե հին է, պետք է կտրեն, բայց նույնիսկ այդ դեպքում հսկայական քանակի ծառ է մնացել; Հիմա շուրջ 30 ծառերի վրա Կանաչապատման ՀՈԱԿ-ն այսօր բերել, քաղաքապետարանի որոշում է փակցրել ու հիմա կտրում են: Կանաչ ծառեր են, հաստաբուն, վրաները փակցրել են, որ ենթակա է այս ծառը հեռացման ու կտրել են»,-ասաց Փոստանջյանը:
Ավագանու անդամը նաև պատմեց, որ ոստիկանություն են բերել այգի, որպեսզի թույլ չտան խոչընդոտել իրենց գործը:
«Երբ նկարում էի, ինձ վրա հարձակվեցին, հեռախոսս վերցրին ու թույլ չտվեցին նկարել»,-հավելեց Փոստանջյանը:
Քրիստինա Մուշեղյան