Կրթաթոշակ՝ ՏՏ ոլորտից Արցախից բռնի տեղահանվածների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝  նոյեմբերի 16-ին, տեղի ունեցավ Armenian Code Academy (ACA) տեխնոլոգիական կրթության կենտրոնի մամուլի ասուլիսը՝ «Tech for Artsakh» նախաձեռնության վերաբերյալ։

Կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Սարգսյանը նշում է, որ կրթաթոշակներ ստանալու համար տարիքային սահմանափակում չկա։

ArmLur.am-ի հետ զրույցում Անահիտ Սարգսյանը հավելեց նաև, որ դիմելուց հետո յուրաքանչյուր ճյուղի համար նախատեսվում է համապատասխան քննություն․

«Օրինակ՝ ծրագրավորման դեպքում հանձնում են տրամաբանություն և մաթեմատիկա պարունակող քննություններ։ Մաթեմատիկան դպրոցական տարիքի մաթեմատիկա է, եթե դպրոցում լավ են սովորել հաստատ կկարողանան հանձնել։ Սրանից հետո 15 րոպե տևողությամբ հարցազրույց են անցնում դասընթացավարի հետ՝ հասկանալու համար՝ թեստը հենց իրենք են լուծել և կարողանում են տրամաբանական խնդիրներ լուծել։ Հարցազրույցի ընթացքում ստուգվում է նաև մոտիվացիան․ արդյոք իսկապես ցանկանում են սովորել, թե՝ ոչ»։

Անահիտ Սարգսյանը եզրափակեց խոսքը՝ նշելով, որ դասընթացները կարող են տևել 3-9 ամիս․ դա կապված է դասընթացների ծրագրերից, սակայն կան դասընթացներ, որոնք ավելի կարճ են, օրինակ՝ թվային մարքեթինգը։

Նախագծի շրջանակներում արցախահայերին հնարավորություն է տրվել սովորել այնպիսի ուղղություններ, որոնք հնարավորություն կտան համեմատաբար ավելի արագ գտնել աշխատանք։ Դասընթացների շարքում են ծրագրավորման լեզուներ՝ սկսած JavaScript-ից մինչև տվյալների վերլուծություն, գրաֆիկ դիզայն,  UI/UX դիզայն և այս ոլորտի այլ ուղղություններ։

Նախագիծը կյանքի է կոչվել Armenian Code Academy-ի գործընկերների շնորհիվ, որոնցից մեկը Philip Morris International ընկերություն է։ Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Վահե Դանիելյանը, խոսելով նախագծի և համագործակցության մասին, փաստում է, որ սա մեծ հնարավորություն է լավ ապագա ստեղծելու և նոր ոլորտներում դրսևորվելու հարցում․

«Այս նախաձեռնությամբ մենք կարող ենք սահմանել գիտության նոր սահմաններ և ոգեշնչել այլ ընկերությունների՝ միանալ այս նախաձեռնությանը և ստեղծել ավելի լավ ապագա։ Երկրի դժվարին պահերին հեշտ է նստել և ոչինչ չանել, հույսը դնել պետության վրա։ Բայց ես կարծում եմ, որ մեր բոլորիս ճանապարհը մի փոքր այլ է՝ ստեղծել բիզնես հասարակություն պետության հետ համագործակցությամբ, ստեղծել նոր ապագա մեր երկրի և Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։ Ես վերջերս շատ եմ խոսում նոր ապագայի մասին, որովհետև հավատացած եմ, որ լավ պետություն ստեղծելը սկսվում է երիտասարդներից և նրանք կարող են իրենց երազանքներն ու ապագան կապել այս երկրի հետ։ ACA-ի հետ այս համագործակցությամբ մենք ոչ միայն հայ հասարակության շրջանում ամրապնդում ենք գիտելիք, այլև առանցքային դեր ենք խաղում մեր երկրի ապագայի կերտման գործում»։

Armenian Code Academy (ACA) տեխնոլոգիական կրթության կենտրոնի հիմնադիր տնօրեն Նարեկ Ասլիկյանը նշում է, որ նախաձեռնության հիմնական շեշտը դրվում է նրա վրա, որ կարողանան պատրաստել մասնագետների։ Սրանով լուծվելու է Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների զբաղվածության հարցը, քանի որ դասընթացները, որոնք կազմակերպվում են ընկերությունների համագործակցության արդյունքում, ավարտողների 45%-ը անցնում է աշխատանքի։ Armenian Code Academy-ի հիմնադիր տնօրենի խոսքով՝ ընկերության հիմնական խնդիրն է լուծել արցախցիների սոցիալական հարցերը՝ նրանց հնարավորություն տալով ունենալ կայուն ուսում և աշխատանք․

«Մենք տրամադրում ենք արդիական կրթություն, որը կօգնի նրանց գտնել զբաղվածություն։ Մեզ համար նորություն էր, որ մենք 3 օրվա ընթացքում ստացանք 150 ավելի հայտ Արցախի մեր հայրենակիցների կողմից։ Հասկացանք նաև, որ մեր տրամադրած 50 կրթաթոշակը բավարար չէ, և հաշվի առնելով բարձր մոտիվացիան և քննությունների փայլուն արդյունքները՝ մենք որոշեցինք այս նախաձեռնությունը ընդլայնել և կոչ արեցինք մեր գործընկեր գործատուներին և ոլորտի ներկայացուցիչներին միանալ այս նախաձեռնությանը և տրամադրել կրթաթոշակներ։ Մենք այս նախաձեռնությունը սկսել ենք մեկ ամիս առաջ և այս պահի դրությամբ 300 հոգուց ավել մասնակիցների համար նախատեսել ենք կրթաթոշակային ֆոնդ։»




Լրահոս