Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 16։12-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Պարույր Սեւակի փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այդ դեպքը տեղի է ունեցել բազմաբնակարան շենքում, որտեղ ապրում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը:
Ինչպես մեր աղբյուրներն են պատմում, հարցը առաջացել է կենցաղային խնդրից. երկու հարեւաններ կենցաղային հարցով վիճել են, այնուհետեւ դեպքին միջամտել է նաեւ Էմմա Պալյանը:
ՔՊ-ական պատգամավորը փորձել է հանդարտեցնել իրավիճակը, բայց իրականում ավելի է թեժացել իրավիճակը:
Ինչպես ականատեսներն են պատմում, նա սկսել է բղավել, իշխանական հայտարարություններ անել, ասել է, թե սա նախկինների Հայաստանը չի, որ նման կռիվներ անեն:
Էմմա Պալյանի այս հայտարարություններն ավելի են բարկացրել հարեւաններին, ու իրավիճակը ավելի է թեժացել:
Վիճաբանությունն էլ հանգեցրել է նրան, որ հարեւաններից մեկը շենքի բակում մեքենա է այրել:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Էմմա Պալյանի հետ. վերջինս հաստատեց, որ մեքենան իրենց բակում է այրվել, սակայն նշեց, որ իրենց մեքենան չի, եւ ինքը որեւէ կռվի չի միջամտել. «Դեպքը մեր բակում է տեղի ունեցել, ես բազմաբնակարան շենքում եմ ապրում, բայց մեքենան մեր ընտանիքինը չէ, մեր հարեւանի հետ է դեպքը տեղի ունեցել: Ինչ վերաբերում է կռվին, ես այդ օրերին Երեւանում եմ եղել, կռվի մասին տեղեկություն չունեմ, որեւէ միջադեպի չեմ խառնվել, տեղյակ չեմ՝ ինչի մասին է խոսքը, ձեզանից եմ լսում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Էմմա Պալյանը վերջերս աչքի ընկավ իր մեկ այլ սկանդալային հայտարարությամբ, երբ ասաց, որ իր ամուսնուն գրանցել է որպես իր՝ հասարակական հիմունքներով օգնական, որպեսզի դրսում իրեն չսպասի եւ չմրսի։
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՄԱՆԴԱՏ ՍՏԱՑԱՎ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ Լեւոն Քոչարյանն ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մանդատ ստացավ։
«ԿԸՀ-ն արձանագրում է՝ ԱԺ «Հայաստան» դաշինքի մանդատը տրվում է հերթական հաջորդ թեկնածու Լեւոն Ռոբերտի Քոչարյանին», – ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Նշենք, որ Լեւոն Քոչարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին է, որը պահվում է անազատության մեջ։
Հիշեցնենք, որ Լեւոն Քոչարյանի փաստաբանական թիմի հայտարարության համաձայն՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ին պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից նա չի կարող պահվել անազատության մեջ։
ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ՝ ԸՆԴԴԵՄ ՋՐԾԱՂԿԻ
Հայաստանում նախատեսվում է ջրծաղիկի պատվաստանյութի կիրառություն:
«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում:
Նախարարը ներկայացրեց, որ 2024թ.-ին Իմունականխարգելման ազգային ծրագրի համար հատկացումներն ավելանալու են 16.4 տոկոսով՝ 728 մլն դրամի շրջանակներում:
«Դրա շնորհիվ մեր երկրում կարողանալու ենք ներդնել ջրծաղիկի պատվաստանյութի կիրառումը: Կարծում եմ՝ սա կնպաստի մեզ մոտ երեխաների, նաեւ զորակոչիկների առողջության պահպանմանն ու աշխատունակության պահպանմանը, նաեւ որոշակի առումով անվտանգային կարեւոր լուծում է»,- ասաց Ավանեսյանը:
Նախարարը նկատեց, որ ջրծաղիկը բարձր վարակելիություն ունի, եւ եթե, օրինակ, մանկապարտեզում մեկ խմբում ջրծաղիկի դեպք է գրանցվում, ապա այդ հաստատությունում գրեթե բոլորը վարակվում են, լինում են նաեւ ծանր դեպքեր:
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆՑ
2024թ. ՀՀ-ում կսկսի ձեւավորվել Շտապօգնության ծառայության միասնական ցանցը։ Այս մասին Ազգային ժողովում խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ՝ նոյեմբերի 6-ին, ասել է հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Այսպես, 2024թ. կսկսվի նրա կապիտալ վերազինումը։
«Առաջին նախագիծն արդեն իրականացվում է Գյումրիում։ Այնտեղ շտապ բուժօգնության ցուցաբերման տեղի ծառայությունը արդեն հանձնվել է Առողջապահության նախարարության վարույթին»,- ասել է Ավանեսյանը ԱԺ-ում 2024թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ առաջիկայում կձեւավորվի միասնական դիսպետչերական ծառայություն, որը թույլ կտա ավելի արդյունավետ սպասարկել կանչերը Շիրակի ամբողջ մարզում։
Ներկա պահին երկրում գոյություն ունեցող շտապօգնության ծառայությունները գործում են տեղական իշխանության ՓԲԸ-ների իրավունքներով, այսինքն՝ դրանք, ըստ էության, գտնվում են տեղի իշխանությունների վարույթում։
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՄԱՀԱՑԵԼ Է
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը հանկարծամահ է եղել:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան էջում հայտնել է. «Ցավակցում եմ մեր ընկեր, ՔՊ պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Երիտասարդ, մաքուր ու արժանապատիվ ընկե՛ր, հանգչի՛ր խաղաղությամբ»։
Նշենք, որ Մաթեւոս Ասատրյանն ամուսնացած էր, ուներ 3 երեխա։
ArmLur.am-ի եւ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմը ցավակցում է պատգամավորի ընտանիքի անդամներին եւ հարազատներին անժամանակ մահվան կապակցությամբ։
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ՈՒ «ԵՌԱԲԼՈՒՐ»-Ը
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվել են 2023թ. սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» պանթեոնի տարածքում ՀՀ ԱԺ պատգամավորի նկատմամբ առերեւույթ ֆիզիկական ներգործություն կատարելու եւ խուլիգանության դեպքի էական հանգամանքները:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ոստիկանությունից հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2023թ. սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում քաղաքացիների եւ ԱԺ պատգամավորներ Հ. Ասլանյանի, Հ. Աղազարյանի միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ վերջիններիս քաշքշել են, հայհոյել, նաեւ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել ԱԺ պատգամավոր Հ. Աղազարյանին:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 5-րդ կետերով եւ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2023թ. սեպտեմբերի 21-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Ա. Գ.-ն, Ա. Ա.-ի եւ քննությամբ ինքնությունները դեռեւս չպարզված մի խումբ այլ անձանց հետ՝ խմբի կազմում, գտնվելով «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի մոտ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով իրավական եւ համընդհանուր ճանաչում ստացած բարոյական նորմերի նկատմամբ, Հայաստանի անկախության պետական տոնի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած՝ ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հ. Աղազարյանի եւ Հ. Ասլանյանի քաղաքական հայացքներով եւ կուսակցական պատկանելիությամբ պայմանավորված, սեռական բնույթի բազմաթիվ հայհոյանքներ են հնչեցրել եւ անպարկեշտ արտահայտություններ արել վերջիններիս հասցեին։
Այդ ընթացքում Ա. Գ.-ն ոտքով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է Հ. Աղազարյանի ազդրի հատվածին, իսկ Ա.Ա.-ն հրել եւ սեռական բնույթի բազմաթիվ հայհոյանքներ է հնչեցրել պատգամավորների հասցեին։ Այդ գործողություններով խոչընդոտվել եւ թույլ չի տրվել պատգամավորներին մուտք գործել «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Շարունակվող խուլիգանական բնույթի գործողությունները դադարեցվել են միայն ոստիկանության աշխատակիցների միջամտության արդյունքում:
Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար, ձեռք բերված փաստերի հիման վրա, նշված երկու անձանց վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խմբի կազմում խուլիգանություն կատարելը)։
Ա.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Նշված երկու անձանց մեղսագրվող արարքների մասով նախաքննությունն ավարտվել է, եւ նրանց վերաբերյալ անջատված մասով վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։