Ալբերտ Այվազյանը Շիրակի մարզի փոխմարզպետ է նշանակվել 2022 թվականի հունվարի 5-ին։ Մինչ այս՝ 1996-ից մինչ 2021 թվականը, Այվազյանը զբաղեցրել է նույն մարզի Առափի համայնքի ղեկավարի պաշտոնը։
Կառավարման 25 երկար ու ձիգ տարիների ընթացքում Այվազյանը կարծես իրենով է արել Առափի համայնքի հողային ֆոնդը։
Բացատրենք՝ ինչու եկանք այս եզրակացությանը։
Այվազյանը սեփականաշնորհած 8 անշարժ գույք ունի, որից մեկը անհատական բնակելի տուն է նույն համայնքում, իսկ 7-ը՝ հողամասեր, որից 5-ը ձեռք են բերվել 2018 թվականից հետո։
Ուշագրավն այն է, որ, ըստ հայտարարագրի, հողամասերից մեկը Այվազյանը ձեռք է բերել 1350 թվականին։
Բացի այս, Այվազյանը իր շահագործման ներքո է վերցրել 20 հողամաս, որից 3-ը՝ Առափի համայնքում, 17-ը՝ Ախուրյան համայնքում։ Այս հողամասերը պատկանում են այլ անձի, սակայն 90 օրից ավել շահագործվում են Այվազյանի կողմից։
Ախուրյանում գտնվող հողամասերին Այվազյանը, ըստ երեւույթին, տիրել է, քանի որ հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ախուրյանի տարածքային խորհրդի նախագահ։
Այվազյանը տրանսպորտային միջոցներ չի հայտարարագրել, սակայն կինը՝ Արմենուհի Ոսկանյանը, հայտարարագրել է, որ 2014 թվականին ձեռք է բերել 2002 թվականի արտադրության, Lexus մակնիշի մեքենա։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 300 դոլար, կանխիկ դրամական միջոցները կազմել են 1 մլն 650 հազար դրամ։ Այվազյանի հաշվետու տարվա եկամուտները 2022 թվականին կազմել են 54 մլն 376 հազար դրամ, որի 8 մլն 754 հազարը աշխատանքի վարձատրություն է «ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից, 681 հազար դրամը կեսաթոշակ է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։
Այվազյանի եկամուտներից 30 մլն դրամը վարկ է, որից 26 մլն դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, որը տարեվերջին կազմել է 22 մլն 675 հազար դրամ։
Վարկերի մարմանը Այվազյանն ուղղել է 12 մլն 915 հազար դրամ, իսկ գյուղատնտեսական աշխատանքների համար փոխմարզպետը ծախսել է 12 մլն 500 հազար դրամ։
Եկամտի որոշ մասի՝ 14 մլն 950 հազար դրամի ստացման աղբյուրը թաքցված է եւ նշված «այլ եկամուտ»։
Հիշեցնենք, որ Ալբերտ Այվազյանին համայնքապետի ընտրություններում չընտրելուց հետո որոշեցին չնեղացնել եւ կարգեցին փոխմարզպետ։ Նրա փոխարեն Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար ընտրվել էր դաշնակցական Արթուր Իգիթյանը։
Մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի միջնորդությամբ է վարչապետը Այվազյանին փոխմարզպետ նշանակել, քանի որ Ամասիայում եւ Ախուրյանում ՔՊ-ի պարտությունից հետո իշխանական թեւում դժգոհություն էր հասունացել մարզի ՔՊ կառույցի նկատմամբ։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԸ՝ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ
Երեկ՝ նոյեմբերի 6-ին, արցախցիները բողոքի ակցիա են իրականացրել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության շենքի դիմաց։ Այստեղ մասնավորապես հավաքվել էին 44-օրյա պատերազմի հետեւանքով Հադրութից, Շուշիից եւ Արցախի այլ օկուպացված բնակավայրերից բռնի տեղահանված եւ Հայաստան տեղափոխված արցախցի թոշակառուները։
Այս կապակցությամբ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից մանրամասներ են հայտնել. «Հոկտեմբերի 26-ին կայացած նիստում Կառավարությունն ընդունել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին որոշում:
Ըստ այդմ՝ օրենքի ուժով նրանք ունեն կենսաթոշակի եւ նպաստի իրավունք, եթե բավարարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:
Այսինքն՝ անկախ ԼՂ-ում կենսաթոշակ կամ նպաստ ստացած լինելու հանգամանքից՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում կենսաթոշակի կամ նպաստի իրավունք ձեռք կբերեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Մեր հայրենակիցների՝ կենսաթոշակի կամ նպաստի իրավունքը ՀՀ-ում իրացնելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարել օրենսդրակական փոփոխություններ, որոնցով կհստակեցվեն կենսաթոշակի կամ նպաստի իրավունքի իրացման (օրինակ՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, ստաժի հաշվարկման եւ այլն) ընթացակարգերը: Անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նաեւ համապատասխան տեղեկատական բազաները ձեւավորելը եւ վարելն ապահովող ծրագրային համակարգերում:
Մասնավորապես՝ առաջիկայում կստեղծվի հարթակ, որը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հնարավորություն կտա առցանց դիմել կենսաթոշակ (եթե ԼՂ-ում ստացել են կենսաթոշակ), երեխայի ծննդյան միանվագ նպաստ, մայրության նպաստ, խնամքի նպաստ նշանակելու համար։
Եթե անձը ԼՂ-ում չի ստացել կենսաթոշակ, ապա ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է անձամբ դիմի Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին:
Կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար դիմելու քայլերը կներկայացվեն առաջիկայում:
Տեղեկացնում ենք, որ ԼՂ մեր հայրենակիցներին կենսաթոշակ նշանակելու դեպքում նրանց կենսաթոշակի իրավունք տվող տարիքը մինչեւ հոկտեմբերի 28-ը լրացած լինելու դեպքում կենսաթոշակ կվճարվի՝ հոկտեմբերի 28-ից սկսած: Կարեւոր դիտարկում. կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար օրենսդրությամբ ամրագրված պարտադիր պայման է ՀՀ բնակության վայրի հասցեով հաշվառված լինելը: Սա նշանակում է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք մինչեւ կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար դիմելը պետք է հաշվառվեն այն վայրի հասցեով, որտեղ տվյալ պահին բնակվում են, հակառակ դեպքում նրանց դիմումները կմերժվեն»:
ԽՈՇՏԱՆԳՄԱՆ ԳՈՐԾՈՎ ՏՈՒԺՈՂԸ
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Իջեւան համայնքի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի հարակից «Երկար թալա» կոչվող հանդամասում Այգեհովտի 25-ամյա բնակիչ Ժորա Սիմոնյանը իրեն պատկանող «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենայով համագյուղացի 20-ամյա Ռազմիկ Բլբուլյանի հետ վառելափայտ է հավաքել ու այդ ժամանակ նրանց է մոտեցել համագյուղացի 62-ամյա Մարտուն Եսայանը, որը պահանջել է, որպեսզի նրանք հանդամասից հեռանան։ Այդ ժամանակ ժորա Սիմոնյանը հայհոյել է Եսայանին, ինչից հետո Մ. Եսայանը հեռացել է, մոտ 30 րոպե անց նա, հրացանով զինված, վերադարձել է եւ Ժորա Սիմոնյանին վրա կրակել: Ժամը 13:30-ի սահմաններում Ժորա Սիմոնյանը մեջքի շրջանում հրազենային վերքերով տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն, ուր նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, նրան բուժօգնություն է ցուցաբերվել։ Իջեւանի բաժնի ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել Մ. Եսայանին, որը նախկին անտառապահ է։ Ժորա Սիմոնյանի հոր՝ Գարսիկ Սիմոնյանի ընտանիքը Այգեհովտում հայտնի է որպես անտառում վառելափայտի գործով զբաղվող։ Ժորա Սիմոնյանը 6 տարի առաջ ոստիկանություն բողոք է ներկայացրել, որ 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնում ինքը խոշտանգվել է այդ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գերասիմ Մարդանյանի կողմից։ Գերասիմ Մարդանյանը հերքում է այդ մեղադրանքը, այն համարում Սիմոնյանների կողմից սարքված այն պատճառով, որ ինքն ի պաշտոնե պայքարել է ապօրինի անտառահատումների դեմ: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանի կայացրած վճռով հերքվել է խոշտանգման փաստը։ Գ. Մարդանյանը արդարացվել է, սակայն դատախազությունը եւ Ժ. Սիմյոնյանի շահերի ներկայացուցիչը այդ դատավճռի դեմ Վերաքննիչ բողոք են ներկայացրել, Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի դատարանի վճիռը։ Ներկայումս այդ գործով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ, դատաքննություն է ընթանում։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ