«Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց, որ Կառավարության կողմից ֆինանսավորման հաստատումն արդեն կա, սակայն իրենք լրացուցիչ ֆինանսավորման կարիք դեռեւս ունեն:
Այս դիտարկմանն ի պատասխան՝ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե կան արդյոք կանգնած վագոններ, որոնք գիծ դուրս բերելու դեպքում Մետրոպոլիտենի աշխատանքի ծանրաբեռնվածությունը կնվազի. Սեդրակյանը դրական պատասխան տվեց:
«Ունենք կանգնած վագոններ, սպասում ենք, որ անվազույգերը գան: Կան վագոններ, որ գիծ պետք է դուրս գան: Ֆինանսավորումը հաստատվեց, բայց մենք էլի հրատապ ծախսեր ունենք: 620 մլն-ով 32 անվազույգ եւ 4 կմ ռելս ենք ձեռք բերում»,- ասաց նա՝ հավելելով, որ կանգնած է մոտ 10 վագոն, ֆինանսավորման շնորհիվ՝ առաջիկայում կսկսի աշխատել 3-ը:
Ավինյանը եւս մեկ անգամ ճշտեց, թե դա նշանակում է արդյոք՝ կան վագոններ, որոնք հնարավոր է վերականգնել ու դնել գծի վրա. Սեդրականը պատասխանեց. «3 ամսվա մեջ եթե մատակարարումը լինի, շատ արագ կանենք: Մեզ պետք է լինելու 15-20 օր, որ վերականգնենք»:
Սեդրակյանը հավելեց նաեւ այլ հարցերի առկայության մասին: Նրա խոսքով՝ մրցույթներ կան, որոնցում կան հաղթողներ, պահեստամասեր են պետք վագոնների, քանի որ միայն անվազույգերով հարցն ամբողջապես չի լուծվի: Դրանց զուգահեռ մոտ 200 մլն դրամի պահեստամասեր պետք է մատակարարվեն, մրցույթը կայացել է հունիս ամսին:
«Էլի Կառավարություն ներկայացրել ենք` 300 քանի միլիոն է պետք, եւ ունենք շարժասանդուղքների հետ կապված էլ 520-530 մլն դրամի կարիք»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ Երեւանի քաղաքապետարանի՝ հոկտեմբերի 10-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ Մետրոպոլիտենում ավելի վաղ միջադեպ է եղել, որի հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել, բայց ներկայում շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծված:
«Բյուրոկրատական անիմաստ ձգձգումները անիմաստ ռիսկեր են առաջացնում: Եթե հրատապության մասին է խոսքը, այս ծրագիրը ամենահրատապներից մեկն է ՀՀ-ում»,- ասել էր Ավինյանը: