ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Հայաստանի դպրոցներում, բուհերում, գրադարաններում, տարբեր կրթական հաստատություններում կանցկացվեն  մեդիագրագիտության դասեր, խաղեր, հանդիպում-քննարկումներ փորձագետների եւ լրագրողների հետ, համալսարաններում՝ թեմատիկ բանավեճեր եւ դասախոսություններ. մեկնարկել է նոյեմբերի 6-12-ը «Մեդիագրագիտությունը թվային միջավայրում. պատերազմին զուգահեռ» խորագիրը կրող մեդիագրագիտության շաբաթը:

 

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ մեդիագրագիտության հայաստանյան շաբաթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնած «Մեդիա եւ ինֆորմացիոն գրագիտությունը թվային միջավայրում» գլոբալ շաբաթվա շարունակությունն է:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի  տնօրեն Նունե Սարգսյանի խոսքով՝ 21-րդ դարում գրագետ մեդիա սպառող ու մեդիա ստեղծող լինելն անհրաժեշտություն է, եւ դպրոցը լավագույն հարթակն է այս հմտությունները տարածելու, քննադատական մտածողությամբ քաղաքացիներ կրթելու համար։

«Մեդիագրագիտության շաբաթը դարձել է ամենամյա գեղեցիկ ավանդույթ: Մենք այս մեկ շաբաթվա ընթացքում ոչ թե ոլորտի խնդիրներն ենք փորձում լուծել, այլ, կարեւորելով մեդիագրագիտությունը, տարբեր միջոցառումներով փորձում ենք տարվա բոլոր շաբաթների ընթացքում այն մեր առօրյայի մաս դարձնել: Այսպիսով նաեւ նպատակ ունենք, դպրոցական տարիքից սկսած, ձեւավորել քննադատական, վերլուծական մտածողություն»,- ասաց նա:

Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը նշեց՝ երիտասարդների ակտիվ ներգրավումն այս գործընթացներում առաջնային է:

«ԶԼՄ-ների պրոֆեսիոնալիզմը՝ որպես ամբողջություն, շարունակական գործընթաց է, եւ մենք էլ ներգրավված ենք այդ գործընթացում: Մեդիագրագիտությունը անմիջական մաս է կազմում ԶԼՄ-ների ազատության: Մեդիագրագիտությունն ուղղված է նաեւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը, հատկապես՝ թվային ոլորտում, եւ այս ամենը միավորելը հենց այն է, ինչ մենք անելու ենք՝ միասին համագործակցելով։ Մենք արդեն գիտենք, որ Հայաստանը իսկապես առաջնային տեղ ունի այս ոլորտում»,- նշեց դեսպանը: Նշենք, որ Մեդիագրագիտության հայաստանյան շաբաթն այս տարի անցկացվում է «Երիտասարդները գործելիս, Հայաստանում երիտասարդների զորեղացման եւ առաջնորդության խթանման» եւ «Հայաստանի մեդիայի զարգացման» ծրագրերի շրջանակում: Վերջինն իրականացվում է՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։

«Արտակարգ իրավիճակները՝ համավարակը, տարածաշրջանային հակամարտությունը մեդիագրագիտությունն է՛լ ավելի կարեւոր են դարձնում եւ պահանջում, որ մեդիա եւ տեղեկատվություն սպառողները կարողանան ճիշտ կողմնորոշվել եւ տարբերակել ճիշտ ու սխալ տեղեկատվությունները»,- նշեց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն:

 

 

 

ԲԱԼԵՏԱՅԻՆ ՀԱՏԱԿ ՁԵՌՔ ԿԲԵՐՎԻ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների միջեւ կատարվել է վերաբաշխում 68 մլն 242 հազար դրամ գումարի շրջանակում: Գումարն ուղղվել է «Ալ. Սպենդիարյանի անվան  օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին անհրաժեշտ բալետային հատակի ձեռքբերմանը:

 

ԿԳՄՍՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ համաձայն հիմնավորման՝ թատրոնի բալետային թատերախմբի բնականոն գործունեության ապահովման համար կարեւոր է որակյալ բալետային հատակի ապահովումը փորձասենյակներում եւ բեմում, ինչը պայմաններ կստեղծի ստեղծագործական անձնակազմի աշխատանքի բարելավման համար։ Բեմահարթակի եւ բալետային փորձասենյակների հատակի ծածկույթը չի համապատասխանում բալետային ներկայացումների, փորձերի անցկացման եւ ցուցադրությունների համար սահմանված միջազգային ստանդարտներին, ինչը խոչընդոտում է բալետային թատերախմբի աշխատանքների պատշաճ կազմակերպմանը։ Բացի այդ, կարեւորելով միջազգային հյուրախաղերը եւ նկատի ունենալով, որ համայնքային թատրոնների բեմահարթակները հարմարեցված չեն բալետային ներկայացումների ցուցադրությանը՝ ձեռք բերված պրոֆեսիոնալ հատակածածկը լայն հնարավորություն կընձեռի նաեւ մարզային շրջագայությունների համար:

Այսպիսով, բալետային թատերախմբի աշխատանքներն արդյունավետ եւ որակով կազմակերպելու, արտիստների արտադրական վնասվածքները կանխելու, հանդիսատեսին պատշաճ ներկայանալու նպատակով փորձասենյակների եւ բեմի համար անհրաժեշտ է ձեռք բերել միջազգային ստանդարտներին համապատասխան բալետային հատակ: Բալետային հատակի տեղադրման գործընթացը չի խաթարի թատրոնի բնականոն աշխատանքը, խաղացանկային ներկայացումները կշարունակվեն բնականոն ընթացքով, քանի որ տեղադրման գործընթացը չի ենթադրում հատակածածկույթի ապամոնտաժում, այլ վերջինս ամրացվում է առկա հատակին։

 

 

 

 

ՀԵՂԻՆԱԿԸ ՄԽԻԹԱՐՅԱՆՆ Է

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրում «Ինտեր»-ը հյուրընկալվել էր «Ատալանտա»-ին:

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ` «Ինտեր»-ին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ առաջին կեսի վերջին րոպեներին: 40-րդ րոպեին նշանակված  11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Չախանօղլուն: Միլանյան ակումբին հաջողվեց երկրորդ գնդակը խփել 57-րդ րոպեին: Ստանալով Մխիթարյանի փոխանցումը` հեռահար, դիպուկ հարվածով աչքի ընկավ աշխարհի գործող չեմպիոն Լաուտարո Մարտինեսը, բայց րոպեներ անց «Ատալանտա»-ն կրճատեց հաշվի տարբերությունը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 70-րդ րոպեին:

«Ատալանտա»- «Ինտեր»` 1:2:

Այս տուրից հետո «Ինտեր»-ը դեռեւս Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում առաջատար է 28 միավորով:

 

 

 

ՄՏԱԴԻՐ Է ԳԵՐԱԶԱՆՑԵԼ

Աշխարհի առաջին ռակետ, 36-ամյա սերբ Նովակ Ջոկովիչը Փարիզի «Մասթերսի» տիտղոսը նվաճելուց հետո հայտարարել է, որ մտադիր է գերազանցել ամերիկացի Ջիմի Քոնորսի ռեկորդը տիտղոսների քանակով։

Ջոկովիչը նվաճեց 97-րդ տիտղոսը։ Քոնորսը հաղթել է 109 մրցաշարում։ Երկրորդ տեղում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը՝ 103 տիտղոս։

«Ես կփորձեմ գերազանցել այդ ռեկորդը։ 12 հաղթանակ քիչ ունեմ, բայց առջեւում դեռ մի քանի տարի ունեմ։ Ես մտադիր եմ գերազանցել բոլոր հնարավոր ռեկորդները։ Երբեք համեստ չեմ եղել այդ հարցում, այդ պատճառով էլ մարդիկ ինձ չեն հավանում»,- Ջոկովիչի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Ջոկովիչը 24 տիտղոսով ռեկորդակիր է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։ Նա 40 տիտղոս է նվաճել «Մասթերս» շարքում։

 

 

 

ՕՐԱՎԱՐՁՈՎ Է ԲՆԱԿՎՈՒՄ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը Մյունխենում շարունակում է ընտանիքի հետ բնակվել հյուրանում՝ վճարելով օրական 10 հազար ֆունտ ստերլինգ. հաղորդում է The Sun-ը։

Այս ամռանը Լոնդոնի «Տոտենհեմից» «Բավարիա» տեղափոխված 30-ամյա ֆուտբոլիստը դեռ չի կարողացել հարմար առանձնատուն վարձակալել։

Քեյնի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2027 թվականի հունիս։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 110 միլիոն եվրո։




Լրահոս