Ժամանակի ակտիվ հեղափոխական Հայկ Նազարյանը որոշել է լքել «Քաղաքացիական պայմանագրի» հավատարիմների շարքը: Նա հրապարակավ հայտնել է. «Բարի լույս հայ ժողովրդին: Որոշել եւ տեղեկացրել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որ ցանկանում եմ դուրս գալ կուսակցությունից, պատրաստվում եմ գրել դիմումս: Որոշումը պատկանում է անձամբ ինձ, ինձ համար մաքրությունն ու արդարությունը վեհ արժեք են: Եթե որոշ մարդկանց մոտ էլ հարցեր կառաջանան, առաջիկայում «լայվով» կմանրամասնեմ: Ես հեղափոխության գաղափարին նվիրված եմ մնացել եւ կմնամ»: Ահա այսպես հերթական հեղափոխական թիմակիցը լքում է իշխող ՔՊ-ն, որը վաղուց շեղվել է այն արժեքներից, որոնց համար պայքարում էր: Նշենք, որ Հայկ Նազարյանն այն նույն հեղափոխական կերպարն է, որը սովետական կանաչ Vaz 24-ով եկել էր Հանրապետության հրապարակ՝ հեղափոխության, բայց ժամանակակից կարմիր BMW 4 coupe-ով է հեռանում «հեղափոխականներից», այսինքն՝ հեղափոխականի Vaz 24-ը դարձել է 30000-40000 դոլլար արժողությամբ մեքենա: Տեղեկացենք, որ Հայկ Նազարյանը կառավարական ամառանոցում էր աշխատանքի անցել, շփվել է իշխող էլիտայի հետ, բայց հիմա «դարձի է եկել» ու որոշել, որ ընտրում է մաքրությունն ու արդարությունը՝ լքելով ՔՊ-ն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՔՊ-ական նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, որը 2022 թվականին նշանակվել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ, ունեցվածք դիզելով, նոր մեքենաներ է ձեռք բերել։ Բաբայանը, երբ նոր էր նշանակվել փոխմարզպետի պաշտոնում, վարում էր TOYOTA VITZ մակնիշի փոքրիկ մեքենա, այժմ նա աշխատանքի է գնում Toyota Land Cruiser 300 մակնիշի ավտոմեքենայով, որն արժե մոտ 150 հազար ԱՄՆ դոլար։ Մեքենայի համարանիշները ոչ պակաս թանկարժեք են՝ 01OJ 001. այն արժե գրեթե 3 մլն դրամից ավելի։ Նիկոլ Փաշինյանի սիրելին դառնալով՝ Բաբայանը կարիերայի մեծ աճ գրանցեց։ Նաեւ կինն է Toyota Camry մակնիշի ավտոմեքենա վարում, որի արժեքը մոտավոր 40 հազար ԱՄՆ դոլար արժե: Հիշեցնենք նաեւ, որ, բացի փոխմարզպետ եղած ժամանակ կուտակած ֆինանսական միջոցներից եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից ստացված եկամուտներից, Բաբայանը եկամուտներ ստանում է նաեւ «Նար-Ար» անվանումով ընկերությունից։ Սյունիքի մարզում կատարվող մեծ ծավալի բոլոր աշխատանքները, որոնք կապված են եղել կոմբինատի ֆինանսավորման հետ, իրականացրել է Բաբայանը իր եւ մտերիմների ընկերությունների միջոցով. օրինակ՝ նա բացել է «Նար-Ար» (Նարեկ-Արման ընկերների) անվանումով ճանապարհաշինարարական ընկերությունը՝ հայտարարված մրցույթներին մասնակցելու եւ շահելու նպատակով:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի նախկին ղեկավարի եւ նրա մի քանի աշխատակիցների բերման ենթարկելու գործին ենթադրաբար հարող Սաշա Կատվալյանը, «ԽԾԲ շարժմանը» հավատարիմ լինելով, աշխատանքի է տեղավորել կնոջը քաղաքապետարանում ու ընկերոջ՝ Արման Բարխուդարյանի կնոջը՝ Մալաթիայի թաղապետարանում: Կատվալյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ կինը աշխատում է քաղաքապետարանում, սակայն դրա մեջ իր ավանդը չկա, քանի որ կինն ավելի վաղ է սկսել աշխատել այդ հաստիքին, քան ինքը՝ որպես խորհրդական: Չնայած նրան, որ պարոն Կատվալյանը մեզ վստահեցրեց, թե ոչ մի կոռուպցիոն սխեմա չի գործել, եւ ամեն բան տրամաբանորեն է ընթանում, բոլորն էլ ունեն աշխատելու իրավունք, այդուամենայնիվ, մեր հրապարակումից հետո հայտնվեցին այնպիսի աշխատակիցներ, որոնք հենց Կատվալյանի «թեթեւ ձեռքով» եւ «շատ պատահաբար» աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախկին աշխատակիցները հայտնեցին, որ Կատվալյանը ստիպողաբար, սակայն ոչ ուղիղ կերպով դրդել է աշխատանքից ազատման դիմում ներկայացնել, որպեսզի տեղավորի Մալաթիայի արդեն նախկին թաղապետ Բարխուդարյանի կնոջը. «Բարխուդարյանը Կատվալյանի մարդն է, Կատվալյանն էլ՝ Սուրեն Պապիկյանի, սակայն Բարխուդարյանի «մեջքը» միայն Կատվալյանը չէ, նա Ռուբեն Ռուբինյանի հավատարիմն է եւ բավականին կոնֆլիկտային մարդ»: Շարունակությունը՝ ArmLur.am կայքում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ կան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անտուն մի շարք պատգամավորներ, որոնք, մանդատին զուգահեռ, տան տեր են դարձել։ Այժմ ներկայացնում ենք ցանկ, թե ՔՊ-ականների կանայք եւ ամուսինները որտեղ են տեղավորվել աշխատանքի հեղափոխությունից հետո։ Էդուարդ Աղաջանյանի կինը՝ Վիկտորյա Այդինյանը, զբաղեցնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խորհրդականի պաշտոնը։ Սիսակ Գաբրիելյանի կինը՝ Անի Բաղդասարյանը, Հանրային հեռուստաընկերությունում զբաղեցնում է խմբագրի հաստիքը։ Վիլեն Գաբրիելյանի կինը՝ Նարինա Առքելովան, զբաղեցնում է Միասնական սոցիալական ծառայության ավագ մասնագետի պաշտոնը։ Տաթեւիկ Շահումյանի ամուսինը՝ Արսեն Մխիթարյանը, զբաղեցնում է Ազգային անվտանգության ծառայության ավագ ինժեների պաշտոնը։ Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինը՝ Դավիթ Կարապետյանը, զբաղեցնում է ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդականի պաշտոնը։ Նարեկ Գրիգորյանի կինը՝ Մարիետա Նիկոյանը, աշխատում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի առաջատար մասնագետի պաշտոնում։ Արման Եղոյանի քույրը՝ Աննա Եղոյանը, աշխատում է «ՀայԷկոնոմԲանկ»-ում որպես միջին եւ փոքր վարկերի տրամադրման բաժնի գլխավոր մասնագետ։ Բաբկեն Թունյանի կինը՝ Քնարիկ Իսոյանը, աշխատում է Կադաստրի կոմիտեում։ Արմեն Խաչատրյանի կինը՝ Մարիամ Մինասյանը, հանդիսանում է Երեւանի պետական հումանիտար քոլեջի տնօրենը։ Որդին՝ էդուարդ Խաչատրյանը, ՀՀ ԱԺ փորձագիտական վարչության պետաիրավական փորձաքննությունների բաժնի փորձագետ է: Շարունակությունը՝ ArmLur.am կայքում: