«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՀԿ ԿՀԻՄՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի «Արդարություն» կուսակցությունը մտադիր է Հայաստանում հասարակական կազմակերպություն հիմնել: Մանրամասների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:

 

-Տիկի՛ն Հակոբյան, հայտարարել էիք, որ հասարակական կազմակերպություն եք ցանկանում հիմնել: Ո՞ւմ գաղափարն է դա, եւ ի՞նչ է այն ենթադրում, ինչո՞վ է զբաղվելու այդ կազմակերպությունը:

-Իմ, մեր կուսակցության ղեկավարի եւ, առհասարակ, մեր կուսակցության նախաձեռնությունն է, բայց սա ոչ թե քաղաքական գործունեություն է լինելու, այլ հենց հասարակական բնույթ է կրելու, որի նպատակը կապիտալի պահպանումն է լինելու, որովհետեւ ես այս մեկ ամսվա ընթացքում բազմիցս շրջել, հանդիպումներ եմ ունեցել, շփվել եմ մարդկանց հետ տարբեր շրջաններում եւ այդ շփումների արդյունքում հասկացել եմ, որ մեր կապիտալը փոշիացման ճանապարհին է, եւ պետք է հրատապ քայլեր ձեռնարկել: Եթե դեռեւս Արցախի իշխանությունները խելքի չեն եկել, դեռեւս չկա որեւէ կառույց, որն այդ գործը հանձ կառնի, մենք որոշել ենք դա անել , որպեսզի մենք տեղեկություն ունենանք բոլորից, ինչքան որ հնարավոր է, եւ գուցե տարբեր ծրագրեր իրականացնենք, որոնք կպահեն եւ կպահպանեն ներսում մեր լույսը, արցախյան մշակույթը, բարբառը եւ ամեն ինչ՝ կապված Արցախի հետ, որպեսզի կուլ չգնա ոչինչ:

-Այսինքն՝ տեղահանված արցախցիների խնդիրներո՞վ եք զբաղվելու:

-Այո՛, ինչքան հնարավոր է, վեր ենք հանելու այդ խնդիրները, բացահայտելու ենք, հանրայնացնելու ենք: Ավելի մանրամասն, երբ արդեն կգրանցվի կազմակերպությունն, ու ավելի կոնկրետ հնարավորություն կունենանք ներկայացնելու, այդ ժամանակ արդեն հանրային հայտարարություն կանենք:

-Իսկ ժամկետներ կա՞ն հստակ, թե երբ եք պատրաստվում գործարկել կազմակերպությունը:

-Մոտ ժամանակներս. դեռ հստակ չէ, քանի որ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:

-Իսկ անուն կա՞ որոշված:

-Թող մնա գաղտնիք, կհրապարակենք ավելի ուշ:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ԽՏՐԱԿԱՆ՝ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է. «Բուհերում արցախցիների նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին մտահոգիչ ահազանգեր եմ ստանում բռնի տեղահանված մեր երիտասարդ հայրենակիցներից։

Հոգեբանական ծանր վիճակում գտնվող ուսանողներն ընդգծում են, որ պրոֆեսորադասախոսական կազմի կողմից ակնհայտ տարբերակումներ եւ կողմնակալ վերաբերմունք է դրսեւորվում իրենց նկատմամբ՝ շեշտադրում կատարելով հարկադրաբար ՀՀ բուհերում հայտնվելու եւ իրենց ներկայությամբ ավելորդ խնդիրներ հարուցելու հանգամանքի վրա։

Այս առնչությամբ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ խոսեցի առանց այդ էլ զգայուն մեր հայրենակիցների նկատմամբ ավելորդ հոգեբանական ճնշում չգործադրելու եւ հանրության մեջ չմեկուսացնելու հրամայականի մասին։ Պայմանավորվեցինք, որ վերջինս խստորեն պահանջի դասախոսական կազմից արցախցի երիտասարդների հանդեպ լինել հարգալից, ընդգծել, որ նրանք արժանի են իրենց հայրենակիցների կողմից հավասար վերաբերմունքի։

Ամենօրյա ռեժիմով հետեւողական եմ լինելու ոչ միայն ԵՊՀ-ում, այլեւ ՀՀ բոլոր բուհերում նմանատիպ խնդիրների բարձրաձայնմանը եւ կարգավորմանը։ Կրթական հաստատությանն անհարիր այս դրեւորման կրկնության դեպքում հանրայնացնելու եմ անթույլատրելի վարքագիծ ցուցաբերած դասախոսների անուն-ազգանունները»։

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄԸ՝ ԿՌՎԱԽՆՁՈՐ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչական շրջանների ղեկավարների նշանակման հարցը նոր կռվախնձորի թեմա է դարձել ու դժգոհություններ առաջացրել նախկին թաղապետերի մոտ:

Ինչպես հայտնել էինք, Տիգրան Ավինյանն իրենց պաշտոններում վերանշանակել էր Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն, Նուբարաշեն, Ավան, Շենգավիթ, Էրեբունի, Նորք-Մարաշ, Արաբկիր եւ Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարներին:

Նոր Նորք, Դավթաշեն եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում ՔՊ-ն իր տեղը զիջել էր իրենց հետ կոալիցա կազմած «Հանրապետություն» կուսակցությանը:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել ԵԿՄ Երեւանի խորհրդի նախագահ Ռոմիկ Մխիթարյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել Տիգրան Տեր-Մարգարյանը, իսկ Դավթաշենում՝ Ալբերտ Հովասափյանը: Վարչական շրջանի նորանշանակ երեք ղեկավարներն էլ «Հանրապետություն» կուսակցությունից են:

Վերջերս քրեական սկանդալի մեջ հայտնված Մալաթա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Բարխուդարյանը երկար անգործ չմնաց։ Կարճ ժամանակ անց նա նշանակվեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խորհրդական. այդ պաշտոնը նա զբաղեցնում էր մինչեւ թաղապետ նշանակվելը:

Նոր-Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Մհերյանի եւ Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռոման Համբարձումյանի հարցը մնում է օդում կախված:

Սեպտեմբերի 17-ի ավագանու ընտրությունների ժամանակ Մհերյանն ու Համբարձումյանը ջանք ու եռանդ չեն խնայել իրենց «կուռացիայի» տակ գտնվող վարչական շրջաններում ՔՊ-ի համար ձայներ ապահովելու համար:

Հիմա, սակայն, փաստացի նրանք մնացել են անգործ, ու դժոհություններ կան ՔՊ-ից, որ իրենց ջանքերը չեն գնահատել ու այսօր իրենց առանց պաշտոն են թողել:

 

 

 

ԴԱՏԱԽԱԶԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ

Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի հոկտեմբերի 22-ին։ Արմեն Չիչոյանը հարուստ կենսագրություն ունի, այս համակարգում փորձառու է. 1994 թվականից սկսած՝ շուրջ 28 տարի դատախազությունում է աշխատել։ Այս ընթացքում հասցրել է մեծ եկամուտներ ստանալ եւ կուտակել։

Այսպիսով, Չիչոյանն այս տարիների ընթացքում ձեռք է բերել 3 բնակարան բազմաբնակարան շենքում եւ մեկ հողամաս։

Բնակարաններից մեկը ձեռք է բերել 2020 թվականին Երեւանի Ավան վարչական շրջանում, Արաբկիր վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանը 2005 թվականին ժառանգություն է ստացել, սակայն ում կողմից՝ Չիչոյանը չի նշել։ Նրա հողամասը, որը գտնվում է Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում, եւս ժառանգություն է։ Չիչոյանի երրորդ բնակարանը եւս գտնվում է Գեղարքունիքի մարզում, այս անգամ՝ Գավառ համայնքում, որը կրկին ժառանգություն է ստացել դատախազը 1996 թվականին եւ չի նշել՝ ում կողմից։

Չիչոյանը հայտարարագրել է մեկ  մեքենա՝ KIA մակնիշի, 2014 թվականի արտադրության, որը ձեռք է բերել 2021 թվականին, երբ Արարատի մարզի դատախազն էր։ Այդ տարվա ընթացքում, այսինքն՝ 2021 թվականին, Չիչոյանն իր BMW մակնիշի մեքենան վաճառել է 1 մլն 500 հազար դրամով եւ 3 մլն դրամով գնել է  KIA մակնիշի մեքենան։ Դատախազի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 5 հազար դոլար եւ 4 մլն 670 հազար դրամ։  Չիչոյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են  25 հազար դոլար եւ 13 մլն 689 հազար դրամ։ Դատախազի՝ 2022 թվականի տարեկան եկամուտները կազմել են  13 մլն 207 հազար դրամ, որից 11 մլն 198 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ դատախազությունից։ Եկամուտների 175 հազար դրամը վարկ է «Ակբա» բանկից։ ՀՀ դատախազը 1 մլն 834 հազար դրամ ստացել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, որը եկամտահարկի վերադարձի սկզբունքով է ստացել՝ բնակարանի հիփոթեքի մայր գումարը մարելու համար։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 22 մլն 871 հազար դրամ, որից 22 մլն 702 հազար դրամը կազմել է բնակարանի հիփոթեքը։ Հաշվի առնելով, որ հիփոթեքի ամսավճարները բավականին բարձր են, ըստ երեւույթին, Չիչոյանը կկարողանա ստացած տարեկան եկամտով եւ առկա բանկային եւ կանխիկ դրամական միջոցներով փակել հիփոթեքի գումարը, սակայն ինչու չկան այդ ֆինանսական միջոցների աղբյուրները՝ պարզ չէ։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ժորա Չիչոյանի՝ Արմեն Չիչոյանի որդու դեմ, հնարավոր է, վարույթ հարուցվի ֆինանսական միջոցների աղբյուրները թաքցնելու համար։ Նույնն է նաեւ Շիրակի մարզի դատախազի դեպքում, եւ ստացվում է, որ հայր եւ որդի ֆինանսական միջոցներ ունեն այլ աղբյուրներից, սակայն դրանք բաց եւ թափանցիկ չեն ներկայացվում։ Չիչոյանը եղել է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ, իսկ մինչ այդ շուրջ 16 տարի աշխատել է Գեղարքունիքի մարզի դատախազությունում։ Ստացվում է, որ Չիչոյանը մարզից մարզ է տեղափոխվում՝ Գեղարքունիք, Արարատ, Շիրակ։ Սպասենք, թե որ մարզն է լինելու հաջորդը, եւ ինչ առաքելությամբ։

Շարունակությունը՝

ArmLur.am կայքում:




Լրահոս